Մարտի 2-4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայում մասնակցելու է միջկրոնական խաղաղարարական երկրորդ ներկայացուցչական ժողովին, հաղորդում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը։ Ժողովը նախաձեռնողներն են Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը, Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն եւ Ռուսաստանի միջկրոնական խորհուրդը, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։
2000 թ. ի վեր արդեն երկրորդ անգամ գումարվող միջկրոնական ժողովի հիմնական նպատակն է համատեղ աշխատանքով նպաստել կրոնների եւ ժողովուրդների խաղաղության ամրապնդմանը։ Ծրագրվում է ժողովի աշխատանքների արդյունքում ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն 20-ից ավելի հոգեւոր առաջնորդներ։ Նրանք կներկայացնեն ԱՊՀ բոլոր երկրները եւ 5 հիմնական կրոնական ուղղություններըՙ ուղղափառություն, լուսավորչականություն, իսլամ, հուդայականություն եւ բուդդայականություն։
Ֆորումի նպատակը չէ դավանանքների եւ տարբեր կրոնական ուսմունքների մերձեցումը, չեն նախատեսվում համատեղ աղոթքներ եւ ժամերգություններ, չեն քննարկվելու աստվածաբանական հարցեր։ Ժողովի աշխատանքներին մասնակցելու են Ալեքսի Երկրորդը, Վրաց եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդը, ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդներ, կրոնական գործիչներ. միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական այրեր, գիտական եւ հասարակական գործիչներ։
Ամենայն հայոց հայրապետի շքախմբում են Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. կճոյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը, ՀՀ արտգործնախարարի խորհրդական Կարեն Նազարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Մկրտչյանը։