Կանադայում հայազգի միակ պատգամավորիՙ Սարգիս Ասատուրյանի նախաձեռնությամբ փետրվարի 15-ին Տորոնտոյի ՀԲԸՄիության դահլիճում ընդունելություն է կազմակերպվել ի պատիվ երկրի խորհրդարանի հայամետ անդամներից երեքիՙ Ալվին Կըրլինգ, Իվան Բորդըլո եւ Ջո Վոլպե, որոնք կանադահայությանը քաջ ծանոթ են իրենց ծառայություններով։ Ընդունելությանը ներկա են գտնվել, ինչպես տեղեկացնում է ՌԱԿ մամլո դիվանը, եկեղեցական դեմքեր, ինչպես Վրաստանի հայոց Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Բաբկեն վրդ. Սալիբյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ՌԱԿ շրջանային վարչության փոխատենապետ Հրաչ Բոյաջյանը, գաղութի մշակութային ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Պրն Ս. Ասատուրյանը ներկայացրել է իր գործընկերներին, շեշտել նրանց ծառայությունը կանադահայությանը եւ առհասարակ հայությանը շահագրգռող խնդիրներին, հատկապես 1915 թ. Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին։ Իրենց խոսքում կանադացի պատգամավորները խոստացել են շարունակել իրենց ջանքերն ի նպաստ հայ ժողովրդի արդար իրավունքների ճանաչման։
Վերջում խոսել է նաեւ դերասանուհի Արսինե Խանջյանը, որ քննադատել է իր երկրի արտգործնախարար Բիլ Գրեհըմի հայտարարությունն այն մասին, որ «Թուրքիան, Կանադայի նման, ժողովրդական երկիր է»։ «Այո, ասել է դերասանուհին, Թուրքիան երկիր է, որտեղ ամեն օր, ամեն ժամ ոտնահարվում են մարդու իրավունքները»։