Մ. Սարյանը ստեղծեց իր ժամանակը եւ իր Հայաստանը, այդ Հայաստանի միջոցով օտարին ճանաչելի դարձավ այս երկիրը։ Նա արեւի մեջ տեսավ իր երկիրն ու մարդկանց եւ փոխակերպեց ժամանակի գույն-գորշ աղքատությունը, որովհետեւ «արեւորդու» իր հոգին խառնեց երկրի դժգույն ժամանակների ներկապնակին։ Սարյանի Հայաստանում ամեն ինչ արեւահամ-լուսաշաղախ է, այստեղ տխրությունն էլ հպարտ է, լռությունըՙ արժանապատիվ, մտահոգություն-մռայլությունըՙ իմաստավոր, հուսակիր։
Ավ. Իսահակյան, Ե. Չարենց, Կոմիտաս, Հր. Աճառյան, Վ. Համբարձումյան, Վազգեն Ա կաթողիկոս, Կարապետ Մելիք Օհանջանյան, Օհան Դուրյան, Հրաչյա Ներսիսյան, Մորուս Հասրաթյան, Դմիտրի Շոստակովիչ, Ստեփան Մալխասյան, Արտաշես Շահինյան, Ալ. Թումանյան ու այս բոլոր անունների կողքին Մարտիրոս Սարյան. նրանցից յուրաքանչյուրը երկրային ժամանակների մատյանում գրանցեց իր ստորագրությունը, հնարավորինս իրականացնելով իր առաքելությունըՙ ի նպաստ հայոց հոգեւոր զարգացմանն ու առաջընթացին։
Ուրբաթ օրը վարպետի տուն-թանգարանը խիստ մարդաշատ էր. անցած դարի հայ մտավոր աստղաբույլի «դիմանկարային ներկայությունը» պատվելու էին եկել բազմաթիվ այցելուներ, նրանցից զգալի մասը մեր մտավորական ավագ սերնդի արվեստագետներ, որոնք Սարյանի մտերիմն ու բարեկամն են եղել, իսկ ոմանք դարձել են նաեւ նկարչի ստեղծագործության «հերոսներ»։
Ճարտարապետ Վարազդատ Հարությունյան, գրող, թարգմանիչ Կարպիս Սուրենյան, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան։ Վարազդատ Հարությունյանը հիշեց իր դիմանկարի ստեղծման պատմությունը, երբ Սարյանն իրեն խնդրել էր- պատմել գաղթի մասինՙ իմանալով, որ ինքն էլ Վանից Էջմիածին հասած որբերի մեջ է եղել։
Սարյանի հետ մի հանդիպման ժամանակ արեւագալի երգեր երգելուց հետո, պատմում էր Կ. Սուրենյանը, Սարյանն ասել է. «Բայց ես, ես էլ արեւորդի եմ»։ «Այդ հին տաճարը, այսօր էլ շարունակվող, լցված է Սարյանի գույներով։ Այդ արեւորդիներն են, որ պահպանում ու պիտի հավերժացնեն 5000 տարի ապրած եւ դժվար օրերի մեջ գտնվող, բայց ապրելիք այս ժողովուրդը։ Կլինի այսպես, որովհետեւ մենք բոլորս ունենք արեւը դիմավորող Սարյանին եւ մյուսներին»։
«Իսկ ինչո՞ւ այս ցուցահանդեսը։ 1915 թ. Սարյանը եղավ երիտասարդ, մեծատաղանդ այն հայորդին, որ արդեն մեծ անուն ուներ Մոսկվայում, ցուցադրվել էր Միլանում, Լոնդոնում, Շվեդիայում, եւ արդեն փառքի ճանապարհները բաց էին։ Երբ լսեց մեր ողբերգության լուրը, ամեն ինչ թողեց ու եկավ Հայաստանՙ օգնելու իր ժողովրդին եւ քիչ էր մնում կորցներ գիտակցությունը, եւ հաջորդեց տարիների լռությունը։ Կյանք, արեւ սիրող նկարիչը չկարողացավ շարունակել աշխատել, որովհետեւ իր աշխատանքը, իր ստեղծագործական ոգին ժողովրդի կյանքով էր պայմանավորված։ Երբ 1920 թ. մեր Արագածի փեշերը կազմող փոքրիկ արեւելյան հողակտորը փրկվեց, Սարյանն առաջիններից մեկն էր, որ եկավ եւ լծվեց վերածննդի ոգուն։ Իր բոլոր նկարներն արտահայտեցին վերածնվող ժողովրդի ապրումները, նախնիների աղքատության միջից գեղեցիկ, արեւոտ բնանկարներ էր ստեղծում եւ ստեղծում էր մարդկանց դիմանկարներ, որոնք երկիրն էին կառուցում։ Ահա այսօր այս ցուցահանդեսում այդ երկիրը կառուցողներն են, որոնք կենդանի հայացքով նայում են մեզ եւ ասում. «Սիրեք այս երկիրը, չլինի այս երկիրը, չենք լինի եւ մենք։ Սա է ցուցահանդեսի էությունը, որ գալիս է մեր այսօրվա ապրումներից, եւ ես չէի կարող նման օրվա առիթով այս ցուցահանդեսը մեր ժողովրդին չպարգեւել», ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը։
«Հրաշալի ցուցահանդես է, բոլոր նկարները մի-մի գոհարներ են։ Եվ մինչ ժամանակը հոսում է, Սարյանն ավելի ու ավելի է երեւում իր մեծ արժեքով մեր ժողովրդի եւ նրա մշակույթի համար։ Կարող եմ ասել, որ այս ցուցահանդեսը հայ ժողովրդի երիտասարդության արտահայտությունն է, նշան, որ հայ ժողովուրդը չի ծերանում, սա բացառիկ պահ է»։
«Մարդը բնություն է, բնությունըՙ մարդ» ստեղծագործական այս գաղափարի շուրջ է հյուսված Սարյանի գեղագիտական կոնցեպցիան։ Սարյանի բնափիլիսոփայական խոհերում ու մտածումներում մարդը բնության անքակտելի մասն է, նրա շարունակությունը։ Ու վարպետն իր դիմանկարային շարքը ստեղծել է այն նույն հայեցակետից ելնելով։ Դիմանկարները բնանկարների շարունակություն են, եւ դրանք բոլորն էլ հարազատ են բնականությանը եւ կրում են բնորդի հոգեկան վիճակների տվյալ պահի արտահայտությունը։ Վարպետը դիմանկարի հետ աշխատելու փորձառությունը եւ մեթոդներն օգտագործում էրՙ վեր հանելու տվյալ անհատին բնորոշ հատկությունը եւ կերպարը։
Այս դեմքերից մեծ մասը վաղուց լքել է մեր երկրային տարածքներըՙ վերժամանակյա պարունակների մեջ տեղափոխվելով։ Հիմա, այս ցուցահանդեսի պատերի ներքո կանգ է առել ժամանակի մի հատվածը, որ բնորոշվում է իբրեւ սարյանական։ Եվ այդ անուններըՙ վարպետի ժամանակակիցները հիմա վերաբնակվել են իր կտավի գունապատկերատարածքներում։
«Չգիտեմ ինչու, մանկությանս օրերից սկսած, հավատացած եմ, որ երկրագունդը մարդու մշտական կացարանը չէ։ Հավատացած եմ, որ նա հեռանալու է այստեղից եւ իր համար մի այլ բնակության վայր է գտնելու։ Բայց դա՛ էլ նրա մշտական կացարանը չի լինելու... Գտնելու է նորը։ Եվ այստեղից նույնպես հեռանալու է, ասում է Սարյանը Վիլհելմ Մաթեւոսյանի «Զրույցներ Սարյանի հետ» գրքում եւ շարունակում.
«...Եթե պայմանավորվենք մնալ առողջ բանականության սահմաններում, ապա, կարծում եմ, պիտի ընդունենք, որ մարդու անկասելի ձգտումը, գլխավոր հոգսը բնության, տիեզերքի ճանաչումը, վերափոխումը եւ կերպափոխումն է,- մի բան, որը նա ինքնաբերաբար, թե սթափ գիտակցականությամբ իրագործում է, նաեւ ինքնաճանաչման միջոցով, որովհետեւ նա ինքն իր մարմնում ու հոգում գործող օրինաչափություններով ու ներդաշնակությամբ, միկրոկոսմոս է, հանդիսանում է Տիեզերքի այսպես ասած մոդելը։ Ըստ որում, եւ սա՛ էլ հասկանալի է, մարդու ինքնաճանաչումը իր հերթին հնարավոր է դառնում նաեւ Կոսմոսի ճանաչման միջոցով»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ