Վիոլետա Գեւորգյանին հյուր
Երեւանում է Վիոլետա Գեւորգյանը, որին ներկայացնելու հարկ չկա հատկապես 60-80-ական թվականների հանդիսատեսին։ 1967 թվականին, երբ այսօրվա Երեւանի դրամատիկական թատրոնն իր առաջին քայլերն էր անում եւ միայն թատրոն-ստուդիա էր, հանդիսատեսին ցնցեց Վիոլետայի Աննա Ֆրանկը «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսի բեմադրությունում։ Մեծ հեղինակություն վայելող, աշխարհի մի շարք բեմերում Աննա Ֆրանկ տեսած, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Բոյաջիեւը գրեց. «Աննան փարիզյան ներկայացման մեջ, օրինակ, ողբերգական կերպար է, խելացի, ակնհայտորեն դատապարտված աղջիկ, նախապես առաջադրված միսիայովՙ գրելով օրագիր եւ, ներկայացնելով իր ողբերգությունը, մեռնել։ Աննա-Վիոլետա Գեւորգյանը սովորական աղջիկ է, որն իրեն նախապատրաստում է կյանքի եւ ոչ մահվան համար...»։
Եվ պատահական չէ, որ երբ Վիոլետային մեր այդ հանդիպման ժամանակ հարցրի, թե որն է իր համար ամենակարեւոր դերակատարումը, ասաց.
- Իմ հանդիսատեսներից ոմանք իմ այս կամ այն գործն են սիրում։ Ես ինձ համար գլուխգործոց եմ համարում Աննա Ֆրանկը եւ Աղունը։
Վիոլետա Գեւորգյանի Աղունն իսկապես անգերազանցելի է մինչեւ հիմա, հայ բեմում կնոջ վերամարմնավորման հազվագյուտ, անկրկնելի մի երեւույթ։ Սակայն մինչեւ Աղունին հասնելը Վիոլետան դեռ պիտի իր Անուշն ստեղծեր (1968 թ.), Լարիսա ներկայացներ Ա. Օստրովսկու «Անօժիտում» (1970), Լեդի Աննան Վ. Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդում» (1972), Գորի Բրեթըրը Նիլ Սայմոնի «Զբոսայգում ոտաբոբիկ» (1980)։ Եվ պատահական չէ, որ համաշխարհային չափանիշի արտիստ Միխայիլ Ուլյանովն ասաց. «Ես մեծ հաճույք եմ զգացել խաղընկեր լինելու մի այնպիսի հմայիչ, հուզառատ ներքին ունեցող արտիստուհու, ինչպիսին Վիոլետա Գեւորգյանն է»։
Ապա եղավ «Ձայն մարդկային» հեռուստատեսային բեմադրությունը ըստ Ժան Կոկտոյի պիեսի։ Մենավոր կնոջ տառապանքը հուզում է հանդիսատեսին, անվերջ պահում լարման մեջ։ Մեր մեծագույն էսթետներից մեկըՙ Լեւոն Ներսիսյանը Վիոլետա Գեւորգյանի այս գործի մասին ասաց. «Վիոլետա Գեւորգյանը Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» մելոդրամում կնոջ նվիրվածության, սիրո գեղեցկության մասին մի կատարյալ հիմն է ստեղծել»։ Հետոՙ 1982 թվականին եղավ «Աշնան արեւը»։ Հրանտ Մաթեւոսյանի գրական գործի հիման վրա անգերազանցելի մի բեմադրություն արեց ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը։ 80-ական թվականների սկզբին մեր թատերական կյանքում այս բեմադրությունը պարզապես պայթեց ռումբի նման։ Եվ պատահական չէ, որ մեր ամենահարգված ու ամենախստապահանջ արվեստաբանները հիացմունքի խոսքեր ասացին։ «Խաղի այն որակով, ժանրային այն նկարագրով, որ հանդես է գալիս Վիոլետա Գեւորգյանը, հազվագյուտ եւ անսպասելի երեւույթ է», գրեց Լեւոն Հախվերդյանը։ «Մեր գրականության մեջ ու թատրոնում ժողովրդի մարդու եւ հատկապես հայ կնոջ կերպարը դեռ չի հասել այս ճշմարտությանը եւ գեղարվեստական ընդհանրացման այս ուժին ու ծավալին», գրեց Հենրիկ Հովհաննիսյանը։
Վիոլետա Գեւորգյանն արժանացավ Հայաստանի պետական մրցանակի, ստացավ ժողովրդական արտիստի կոչում։ Կարելի էր կարծել, որ նա հասավ ամեն ինչի։ Բայց...
«Աղունն ինձ համար ճակատագրական եղավ», ասում է արտիստուհին։ Այսօր ինքըՙ Վիոլետան չի ուզում հիշել այդ մասին, չարության, խանդի, այն դաժան մթնոլորտի մասին, որ ստեղծվեց իր շուրջ։ Ես եւս չեմ ուզում հիշեցնել մանրամասները, չեմ ուզում հիշեցնել 1982-ից սկսված եւ 1988-ին ավարտված այն անլուր չարության մասին, որը ստիպեց արտիստուհուն թողնել Հայաստանը, իր երկիրը եւ գնալ Միացյալ Նահանգներ, մի երկիր, որ ամենալի եւ հարուստ երկրներից մեկը լինելով, ոչ մեկի հայրենիքը չէ։
Ինքը արտիստ է, եւ այստեղ էլՙ օտար այս երկրում ամեն հարմար առիթ օգտագործում է բեմ բարձրանալու համար, խաղում է որդուՙ արտիստ, երգիչ, բեմադրիչ Հրաչյա Մխիթարյանի, Ռաֆայել Գրիգորյանի բեմադրություններում։
800 անգամ բեմ է բարձրացել որպես Աղուն, սակայն իրեն թվում է, որ այդ հայ կնոջը լիովին չի թարգմանել։
«Երեւան եմ եկել ոչ միայն նրա համար, որ կարոտել եմ իմ տանը, իմ հարազատներին ու հանդիսատեսին, այլեւ շատ կուզեի նորից բեմ ելնել որպես Աղուն», ասում է Վիոլետան։
Հույս ունենանք, որ Երեւանի դրամատիկական թատրոնը որեւէ հնարավորություն կգտնի Վիոլետա Գեւորգյանի այս մեծ ցանկությունն իրականացնելու համար։ Արտիստուհին մեզ պարտք չունի, մենք մեր պարտքերը պիտի մարենքՙ հանուն մեզ։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ