Ռուս մարդիկ դժբախտության օրերին օգնեցին ինձ, հակառակ իմ հայրենակիցների
Փետրվարի 6-ին Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական ակտին զոհ գնացին նաեւ մեր երկու հայրենակիցները։
«Ազգի» խմբագրություն էր այցելել զոհվածներից մեկիՙ Հասմիկ Մելքումյանի հայր Օնիկ Կարապետյանը։ Հեռուստատեսությունից տեղեկանալով կատարվածի մասին Օնիկ Կարապետյանը անմիջապես թռչում է Մոսկվա։ Այն ժամին, երբ տեղի է ունեցել պայթյունը, Հասմիկը պիտի աշխատանքի գնար եւ... նույն կայարանով։ Լրատվական գործակալություններից մեկում նա մենեջեր էր աշխատում։ Ռուսաստանի մայրաքաղաք տեղափոխվել էր, որովհետեւ Հայաստանում աշխատանք չուներ։
Դստերը նոր կորցրած հոր վիշտը բազմապատկել էին դժբախտությանը հաջորդած իրադարձությունները։ Նա անմիջապես դիմում է Մոսկվայում ՀՀ դեսպանատուն, բայց մահվան հետ կապված փաստաթղթերի հայթայթման եւ դիահերձարանից դիակը դուրս բերելու նրա խնդրանքը սառն անտարբերության է արժանանում։ Օնիկ Կարապետյանի հավաստմամբ, բոլոր դեսպանատներից էլ ներկայացուցիչներ էին եկել դեպքի վայր, բացառությամբ թերեւս Հայաստանի։
Հակառակ ազգակիցների վերաբերմունքի, ՆԳ ոստիկանական բաժանմունքներից մեկի քննչական բաժնի պետը ամեն կերպ օգնում է որդեկորույս հորը, լուծելով մահվան վկայականի, տուժող կողմ ճանաչելու խնդիրները, որոնք, չնայած անլուր վշտին, հարկադրված էր հոգալ Օնիկ Կարապետյանը, որպեսզի կարողանար դստեր դիակը հայրենիք տեղափոխել։ Եվ աջակից են եղել ոչ միայն ոստիկանության աշխատողները։ Մորը կորցրած թոռնիկին դժբախտության օրերին խնամել է ռուս հարեւանուհինՙ Լիդիա Պետրովնան։ Օնիկ Կարապետյանը խմբագրություն էր եկել երախտիք հայտնելու այն մարդկային վերաբերմունքի համար, որ ցուցաբերել էին իրեն օտար մարդիկ։ Նրանց բոլորի անունները ինքը չի նշում, եւ էական էլ չէ, երեւի։ Այդ մարդիկ նրա համար ընդհանրապես ռուսական մարդասիրության խորհրդանիշ դարձան։ Հակառակ իր հայրենակիցների։
Կ. Դ .