Անշարժ գույքի շուկան մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է։ Այս ոլորտը, փաստորեն, երկրի տնտեսության փոփոխությունների ամենազգայուն ցուցիչներից մեկն է, որտեղ արձանագրվող միտումները (գների անկում կամ աճ) բնակչությունն անմիջականորեն զգում է։
2003 թ.-ին այստեղ արձանագրվել է ինչպես գործարքների քանակական, այնպես էլ գների աճ։ Ինչպես տեղեկացանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարեկան վերլուծությունից, անցյալ տարի մոտ 72 հազար գործարք է կատարվել, որն ավելի քան երկու անգամ գերազանցում է 2000 թ.-ին գրանցված 33 հազար գործարք ցուցանիշը։ Բնականաբար, գործարքների գերակշիռ մասըՙ մոտ 49 տոկոսը կատարվել է Երեւանում։ Դրանց մեջ գերակշռում են օտարման գործարքներըՙ մոտ 45 տոկոս, որոնց ավելի քան 90 տոկոսը առուվաճառքն է։
Անշուշտ, առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում բնակելիների (բազմաբնակարան շենքերի բնակարաններ եւ առանձնատներ) առք ու վաճառքի թվերը եւ դրանց գնային ցուցանիշները։ Նախ անդրադառնանք Երեւանում 2003 թ.-ին արձանագրված տվյալներին։ Հայաստանում անցյալ տարի վաճառված մոտ 14 հազար բնակարաններից 9248-ը վաճառվել է մայրաքաղաքում։ Շուկայական գները տատանվել են 1 քմ-ը 40 դոլարից մինչեւ 970 դոլար։ Միջին շուկայական գինը կազմել է 173,5 դոլար։ Ինչպես միշտ, ամենաթանկն են Կենտրոն եւ Արաբկիր համայնքների բնակարանները։ Կենտրոնում բնակարանի 1 քմ տատանվել է 200-970 դոլարի սահմաններում, իսկ միջին գինը կազմել է 385 դոլար։ 2002 թ.-ին միջին գինն այստեղ կազմել էր 276 դոլար։ Արաբկիրում 1 քմ-ի արժեքը կազմել է 150-550 դոլար, միջին գինըՙ 278 դոլար։ Եթե նկատի ունենանք, որ 2002 թ.-ին այդ գինը կազմել է 175 դոլար, ապա ակնհայտ է, որ այստեղ գնաճի տեմպն ավելի արագ է եղել, քան Կենտրոնում։
Ամենաէժան բնակարանները Երեւանում կարելի է գնել Նուբարաշեն համայնքում, որտեղ 1 քմ-ի գինը կազմել է 40-100 դոլար, իսկ միջին գինըՙ 63 դոլար։ Մյուս համայնքներում գների տարբերություններն ավելի մոտ են միմյանց։ Այստեղ առաջատար են Քանաքեռ-Զեյթունն ու Դավիթաշենը։ Առաջինում բնակարանի 1 քմ-ն արժե 100-330 դոլարՙ 169 դոլար միջին գնով, երկրորդում 100-250 դոլարՙ 168 դոլար միջին գնով։ Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում, Նոր Նորքում, Աջափնյակում, Շենգավիթում գները սկսվում են 1 քմ համար 80-100 դոլարից հասնելով 220-250 (Էրեբունիում մինչեւ 300) դոլարի։ Ավանում այս ցուցանիշը կազմում է 90-190 դոլար։ Գների տարեկան միջին աճը մայրաքաղաքում կազմել է մոտ 50 տոկոս։
Մարզերում վաճառված բնակարանների գները սկսվել են 1 քմ-ի համար 13 դոլարից հասնելով մինչեւ 110 դոլարի։ Ամենաբարձր գներն արձանագրվել են Աբովյանում, Վաղարշապատում, այնուհետեւ Ծաղկաձորում, Գյումրիում, Աշտարակում, Վանաձորումՙ տատանվելով 60-82 դոլարի սահմաններում 1 քմ համար։ Ամենացածր գներ ունեցել են Վարդենիսում, Քաջարանում եւ Տաշիրում վաճառված բնակարաններըՙ 1 քմ-ն 17-19 դոլար։ Այդուհանդերձ, մարզերում եւս առկա է միջին գների տարեկան ոչ մեծ աճ, որը կազմել է 9,2 տոկոս։
Առանձնատների առումով եւս ամենից շատ գործարքներ տեղի են ունեցել Երեւանում։ Այստեղ վաճառվել են 1187 առանձնատներ։ Դրանց գները տատանվել են 11 հազարից մինչեւ 200 հազար դոլարի սահմաններում։ Միջին գինը կազմել է 45 հազար դոլար։
Ըստ համայնքների պատկերը նման է բնակարանների գնային ցուցանիշներին։ Առջեւում Կենտրոն, Արաբկիր, ապա նաեւ Նորք-Մարաշ համայնքներն են։ 250 քմ շինության եւ 400 քմ տնամերձ միջին մակերեսով առանձնատների 1 քմ-ի գինը Կենտրոնում կազմել է 200-990 դոլար (միջինը 391 դոլար), Արաբկիրումՙ 160-580 դոլար (միջինը 282 դոլար), Նորք-Մարաշումՙ 120-240 դոլար (միջինը 294 դոլար)։ Ամենացածր գները դարձյալ Նուբարաշենում ենՙ 45-110 դոլար (միջինը 65 դոլար)։ Երեւանում առանձնատներն անցյալ տարվա ընթացքում թանկացել են միջինը 45 տոկոսով, ինչը փոքր-ինչ զիջում է բնակարանների գների աճի տեմպին։
Մարզերում վաճառվել են 3406 առանձնատներ, որոնց նվազագույն արժեքը սկսվել է 2200 դոլարից, առավելագույնը հասնելով 40 հազարի։ Մարզերի համար արդեն 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ միջին մակերես ունեցող առանձնատների ամենաբարձր գներն արձանագրվել են Աբովյանում, Գյումրիում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Աշտարակումՙ տատանվելով 82-91 դոլար սահմաններում։ Ամենաէժան առանձնատները դարձյալ Վարդենիսում են, Տաշիրում եւ Քաջարանումՙ 1 քմ-ի համար 19-21 դոլար։ Այստեղ նույնպես արձանագրվել է գների միջին տարեկան աճ։ Այն կազմել է 8,5 տոկոս։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ընդամենը 1 տարի առաջ մարզերում բնակարանների եւ առանձնատների գների աճի մասին չէինք կարող խոսել։ Անցյալ տարի, փաստորեն, բացի Երեւանից, իրավիճակը որոշակիորեն փոփոխվել է նաեւ այստեղ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ