Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի թիվ 30 շենքի ճակատին փակցված ցուցատախտակին կարդում ենքՙ «Այստեղ 1922-23 թթ. աշխատել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ռազմական գործերի ժողովրդական կոմիսար, ականավոր զորավար, գեներալ, հերոս Գայՙ Հայկ Բժշկյանը»։ Իսկ արդեն 1 ամիս այդ շենքի մուտքը փողոցի հաշվին ավելացել է եւ վթարային իրավիճակ ստեղծել Տիգրան Մեծ-Հանրապետության-Մհեր Մկրտչյան խաչմերուկում։
Կենտրոնի թաղապետարանի կոմունալ տնտեսության բարեկարգման բաժնի պետի տեղակալ Արտակ Հայրապետյանից ճշտեցինք, որ շինարարությունը դեռ ամառվանից է իրականացվում, եւ մայթը լայնացնելու խնդրով զբաղվում են ե՛ւ քաղաքապետարանի, ե՛ւ թաղապետարանի համապատասխան բաժինները համատեղ։ Պրն Հայրապետյանը երեկ կրկին այցելեց նշված վայրը եւ ահա թե ինչ ձեւակերպում տվեց. «Իրոք, արվածը գեղեցիկ է, բայց որ ճանապարհը նեղացրել են, դա արդեն միանշանակ բացասական երեւույթ է եւ պետք է համապատասխան ընթացք տալ»։ Նա նշեց նաեւ, որ դեռ անցյալ տարի շինարարությունն իրականացնողներին (որոնց անուններն այդպես էլ հրաժարվեցին նշել շինարարները, միայն ասացին, որ կառուցում են «Երկիր» ռեստորան, եւ ՀՅԴ Գերագույն մարմինն է տերն ու պատասխանատուն, բարձրացեք իրենց մոտ, իրենց հետ խոսեք, մենք ոչինչ չգիտենք) զգուշացվել ու կազմվել է ակտՙ շինարարական նորմերը խախտելու մասին։ Երեկ կազմվեց երկրորդ ակտը (ապօրինի աշխատանքները դեռ շարունակվում են ձեւակերպմամբ) եւ ուղարկվել է քաղաքապետարանի համապատասխան բաժինՙ միջոցներ ձեռնարկելու համար, տեղեկացրեց պրն Հայրապետյանը։
Հետաքրքրական է, թե այս անգամ ռեստորանի տերերը կքանդե՞ն այդ բետոնե պատը, որը մոտ 1,5 մետր դուրս է եկել փողոցի երթեւեկելի ու շատ վտանգավոր հատվածՙ վթարային իրավիճակ ստեղծելով։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ