2004 թվականի փետրվարի 7-ին «Գոլոս Արմենիի» թերթում հրատարակվեց Լեւոն Միքայելյանի հեղինակած «Ավետարանը Եվրոպայից» հոդվածը, որը վերաբերում է «Քարտա Էկումենիկա» փաստաթղթին։
Հեղինակը մտահոգություն է հայտնում Հայաստանյայց առաքելական Ս. եկեղեցին ժամանակակից վտանգներից ապահովելու հարցում։ Անշուշտ նման մղումը քաջալերելի է եւ օգտակար, միայն թե տվյալ պարագայում ինֆորմացիայի պակասի պատճառով հեղինակը ինքն իր համար ստեղծել է պրոբլեմներ եւ փորձել դրանց պատասխան տալ կամ հակաճառելՙ օգտագործելով մեղադրական այնպիսի ոճ, որը երբեք ուսուցողական չի կարող լինել։
Հեղինակը խոսում է «Քարտա Էկումենիկա» փաստաթղթի մասին, մատնանշում այդ փաստաթղթում առկա մի շարք կետեր, որոնք ընդունելի չեն կարող լինել Հայ եկեղեցու անդամի կողմից։ Այնուհետեւ նա հայտարարում է, թե Հայ եկեղեցին պարտավորություններ է ստանձնել դրանք իրականացնելու համար։ Հաջորդում են մեղադրական խոսքեր Հայ եկեղեցու այսօրվա ղեկավարության հասցեին։
Նախ տեսնենք, թե ինչ է «Քարտա Էկումենիկան»։ Այն մի փաստաթուղթ է, որ արդյունք է Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի եւ Եվրոպայում գործող Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսական ժողովների միության համատեղ աշխատանքի։
Հայ առաքելական եկեղեցին, երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք, 1962 թվականից անդամ է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (ԵՀԽ), իսկ 1977 թվականիցՙ Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսին (ԵԵԿ)։ ԵԵԿին անդամակցում են Եվրոպայում գործող 123 եկեղեցիներ։ Կաթոլիկ եկեղեցին անդամ չէ վերոհիշյալ երկու կառույցներին։ Վերջին տասնամյակներին, սակայն, սերտ համագործակցություն է ստեղծվել մի կողմից Կաթոլիկ եկեղեցու եւ մյուս կողմից ԵՀԽ-ի եւ ԵԵԿ-ի միջեւ։ Գործում են համատեղ հանձնաժողովներ։
«Քարտա Էկումենիկա»-ի նպատակն է հանդուրժողության եւ քրիստոնեական սիրո մթնոլորտ ստեղծել մի կողմից Կաթոլիկ եկեղեցու, մյուս կողմից ԵԵԿ անդամ, Եվրոպայում գործող եկեղեցիների միջեւ։
Անշուշտ Հայ եկեղեցին անդամ է ԵԵԿ-ին, սակայն թե՛ ԵԵԿ-ի եւ թե՛ ԵՀԽ-ի կողմից ընդունված կամ ստորագրված որեւէ փաստաթուղթ որեւէ պարտավորություն չի թելադրում իր անդամ եկեղեցիների համար, եւ ամեն մի եկեղեցի ազատ է ընդունելու կամ մերժելու որեւէ փաստաթուղթ։
«Քարտա Էկումենիկա»-ի պարագայում կարող ենք ասել հետեւյալը. 2002 թ. օգոստոսի 13-ին Գերագույն հոգեւոր խորհուրդը (ԳՀԽ), քննելու համար այս փաստաթուղթը, նշանակում է մի հանձնախումբՙ հետեւյալ կազմով. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյան, Պարգեւ արք. Մարտիրոսյան, Նավասարդ եպս. Կճոյան, Փառեն եպս. Ավետիքյան, պարոն Ռաֆայել Պապայան։
Հանձնաժողովի աշխատանքների արդյունքները քննարկվել են 2002 թ.-ի օգոստոսի 23-ի ԳՀԽ-ի ժողովում, եւ բանաձեւվել է Հայ եկեղեցու դիրքորոշումը «Քարտա Էկումենիկա»-ի վերաբերյալ, որտեղ արձանագրվել են հիմնական առարկություններ 5 կետերի շուրջ, ինչպես նաեւ վերապահություններ Քարտայում տեղ գտած զանազան արտահայտությունների վերաբերյալ։ Այդ փաստաթուղթը փոխանցվել է ԵԵԿ-ի ղեկավարությանը, եւ այդ մասին անձամբ ես զեկուցել եմ Քարտային նվիրված 2002 թ. սեպտեմբերին Օտմարինգում (Գերմանիա) գումարված ժողովին (համատեղ ներկա էին 25 ներկայացուցիչներ Կաթոլիկ եկեղեցուց եւ 25 ներկայացուցիչներ ԵԵԿ-ից)։
«Քարտա Էկումենիկա»-ի առանձին հատվածների վերաբերյալ առարկություններ ունեն նաեւ ոչ միայն ուղղափառ, այլեւ որոշ բողոքական եկեղեցիներ։ Սակայն կրկին պետք է ընդգծել հետեւյալը.
1. «Քարտա Էկումենիկա»-ն համաձայնագիր չէ Հայ եկեղեցու եւ Եվրոպայում գործող մյուս եկեղեցիների միջեւ,
2. Հայ եկեղեցին Քարտայից բխող որեւէ պարտավորություն չի ստանձնել,
3. Քարտան ընդամենը Կաթոլիկ եկեղեցու եւ ԵԵԿ-ի կողմից հրապարակված համատեղ մի հայտարարություն է, որի նպատակն է հայտարարել երկու կողմերի համագործակցության պատրաստակամությունը։
4. Այո, Քարտայում տեղ են գտել որոշ կետեր, որոնք, սակայն, Հայ եկեղեցին չի կարող ընդունել եւ այդ մասին իր գրավոր եզրակացությունը հայտնել է ԵԵԿ-ին։
Այս ամենից հետո, կարծում եմ, ընթերցողի համար միանգամայն պարզ է դառնում Լեւոն Միքայելյանի հրատարակած հոդվածի անիմաստությունը։ Այնուամենայնիվ, ցանկանում ենք անդրադառնալ հոդվածագրի առաջադրած հարցադրումներին։
1. «Քաջալերել միջհարանվանական ամուսնությունները, որպեսզի էկումենիզմն իրականանա նաեւ ամենօրյա կյանքում» (սխալ թարգմանություն), «Քարտա Էկումենիկա», 4-րդ կետ։
Մենք անշուշտ կիսում ենք հեղինակի մտահոգությունները այս հարցի կապակցությամբ, եւ Հայ եկեղեցու որեւէ հոգեւորական կամ աշխարհական անդամ այլ կերպ չի էլ կարող մտածել։ Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Քարտան նման խնդիր չի դնում։ Այնտեղ գրված է հետեւյալը. «Միջհարանվանական ամուսնությունների դեպքում հատկապես պետք է աջակցել զույգերին, որպեսզի կարողանան էկումենիզմը ապրել իրենց ամենօրյա կյանքում»։ (Couples in interdenominational marriages especially should be supported in experiencing ecumenism in their daily lives)։ Հետեւաբար Քարտան ոչ քաջալերում է, ոչ էլ թելադրում իր անդամ եկեղեցիներին քաջալերել միջհարանվանական ամուսնությունները։ Հարցը միանգամայն այլ է. կան արդեն նման ամուսնություններ, ի՞նչ անել։ Միանգամայն բնական է եւ կարեւոր, որ նման ընտանիքներում միջհարանվանական հողի վրա կոնֆլիկտներ չառաջանան, եւ նման ընտանիքում տիրի սերը եւ փոխադարձ հարգանքը։ Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է դեմ լինել նման տրամադրությանը։
2. «Ս. Ավետարանի ոգով մենք պետք է որ միասնաբար վերանայենք քրիստոնեական եկեղեցիների պատմությունը, որը լի է բազմաթիվ լավ փորձառություններով, բայց նաեւ պառակտումներով, թշնամություններով եւ նույնիսկ պատերազմական ընդհարումներով» «Քարտա Էկումենիկա», 3-րդ կետ։
Մենք թեեւ հոդվածից չհասկացանք, թե ինչ հակառակություն ունի հոդվածագիրը վերոհիշյալ հարցի նկատմամբ, սակայն գտնում ենք, որ ինչպես 12-րդ դարի վերջին Ներսես արք. Լամբրոնացին է ասել Հռոմկլայի ժողովի ատենաբանության մեջ, սատանային հաջողվել է թշնամանք սերմանել Քրիստոսի եկեղեցու մեջ, եւ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում պիտի լինի պայքարել այդ թշնամանքի մարմնավորումների դեմ եւ փորձել որքան հնարավոր է վերահաստատել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի քարոզած սերը քրիստոնյաների միջեւ։ Հոդվածագրի այն հայտարարությունը, թե «Միությունը այդ ոչ այլ ինչ է, քան ենթակայություն» զուրկ է իրականության որեւէ նշույլից։
«Եկեղեցում եւ հասարակության մեջ քաջալերել արդար հավասարություն կանանց եւ տղամարդկանց միջեւ» «Քարտա Էկումենիկա», 8-րդ կետ.
Այս արտահայտությունը արդյունք է երրորդ աշխարհում կնոջ անհավասար եւ ճնշված վիճակի գոյության։ Հայ եկեղեցին երբեք չի կարող տղամարդուն ավելի վեր դասել կնոջից, ինչքան էլ որ դա հոդվածագրին խորթ թվա։ Այս կետի վերաբերյալ, սակայն, ԳՀԽ բանաձեւել է իր որոշ վերապահություններըՙ գտնելով, որ Քարտայումՙ Եվրոպայի կոնտեքստում, նման հարցադրումը անհրաժեշտ չէ, քանի որ մենք նման խնդիրներ չունենք։
Հեղինակի առաջարկած 3-րդ եւ 4-րդ կետերը վերաբերում են հրեաների եւ այլ կրոնների ներկայացուցիչների հետ քրիստոնյաների հարաբերություններին։ Այս կետերի շուրջ նույնպես Հայ եկեղեցին ունի վերապահություններ, որոնք համապատասխան բանաձեւ են ստացել ԳՀԽ վերոհիշյալ փաստաթղթի մեջ։
Ամփոփելովՙ եթե հոդվածագրի դրդապատճառը Հայ եկեղեցու ավանդությունների նկատմամբ ունեցած նախանձախնդրությունը լիներ, ապա նա կարող էր հոդվածը տպագրելուց, նույնիսկ գրելուց առաջ իր մտահոգությունները կիսել որեւէ հայ հոգեւորականի հետ, իսկ եթե կապի մեջ մտներ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հետ, ապա կստանար վերոհիշյալ լուսաբանությունները եւ ավելորդ կհամարեր գրիչ շարժել վերոհիշյալ հարցի շուրջ։
Հայաստանյան մամուլում վերջերս հրապարակվել է մի հոդվածաշար «Լռությամբ Աստված է մատնվում» վերնագրով, որին կանդրադառնանք առաջիկա օրերին։
ԵԶՆԻԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու