Կազիմիրովի հոդվածը «Ազատ Արցախ» թերթում
Ղարաբաղյան կարգավորման ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը «Ղարաբաղի երերուն ճահճուտը» վերնագրով հոդվածում գրում է, որ ղարաբաղյան բանակցությունների գործընթացում առկա դադարն այլեւս կապված չէ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների եւ Հեյդար Ալիեւիՙ իշխանությունից հեռանալու հետ։ «Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիեւը, դրժելով հոր քաղաքական ուղեգիծը շարունակելու խոստումները, հասկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի կորստի հետ հաշտվելու ուժ չունի (այդ համարձակ քայլին քիչ էր մնում գնար նրա հայրը)։ Եվ այդ պատճառով գերադասում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չշարունակել (նախկին հիմքի վրա) երեք տարի առաջ Փարիզում եւ Քի Վեսթում սկսված բանակցությունները», գրում է Կազիմիրովը։
Ռուս դիվանագետը կարծում է, որ բանակցային գործընթացում առկա փակուղու կամ պարբերական ճգնաժամի պատճառը Բաքվի եւ Երեւանի մաքսիմալիզմն է։ «Բաքուն եւ Երեւանը, տառապելով մաքսիմալիզմով, պատրաստ չեն փոխադարձ զիջումների, իսկ Ստեփանակերտը դեռ չի մասնակցում բանակցություններին», գրում է Կազիմիրովը։
«Ալիեւն ընդհանրապես դեմ է արտահայտվում փոխզիջումներին, ինչն իրեն թույլ չի տվել նույնիսկ նրա հայրը։ Ըստ երեւույթին նա հայտնաբերել է հակամարտության կարգավորման մեկ այլ «հնարավորություն»ՙ միակողմանի դիկտատ։ Նախկինում անզիջում եւ չհանդուրժող լինելու մեջ ավելի շատ մեղադրում էին Ռոբերտ Քոչարյանինՙ պատերազմում հաղթողի սինդրոմի համար։ Այնինչ այսօր Ալիեւը միանգամից առաջ է անցել նրանիցՙ ընդունելով հայերի հետ տնտեսական ու ռազմական մրցակցության մեջ վիրտուալ հաղթողի կեցվածք», գրում է Կազիմիրովը։ Ռուս դիվանագետը, չնայած ղարաբաղյան կարգավորման մեջ առկա խառնաշփոթ իրավիճակին, գրում է, որ պարզ է մեկ բան. «Բաքուն եւ Երեւանը չեն կարող միմյանց պարտադրել հակամարտության կարգավորման իրենց ձեռնտու տարբերակըՙ ո՛չ հակամարտության պատճառների (ԼՂ-ի կարգավիճակ), ո՛չ հետեւանքների (ԼՂ սահմաններից դուրս հողերի գրավում) վերացման, ո՛չ էլ այդ հիմնախնդիրների լուծման մեթոդների (փաթեթային կամ կեղծ փուլային) առումով։ Կողմերի դիրքորոշումները շատ պարամետրերով նախկինում եւս բեւեռային էին, բայց երբեք իրարից այսքան հեռու չէին եղել»։
Կազիմիրովը գտնում է, որ ժամանակն է վերանայելու Ղարաբաղի գծով «ծույլընթաց» բանակցային գործընթացը, բայց ոչ երբեք սկսել «զրոյից», ինչը պնդում է Բաքուն։ «Պետք է վերադառնալ հակամարտության բոլոր կողմերի լիազոր պատվիրակությունների միջեւ պարբերական բանակցությունների կայուն մեխանիզմին», գրում է դիվանագետը։ Կազիմիրովը կարծում է, որ կան բանակցային գործընթացի վերսկսման մի շարք գաղափարներ, հետեւաբար առաջարկների ընտրության հնարավորություն։ «Բայց դա իմաստ կունենա միայն կողմերիՙ խնդրին ավելի լուրջ մոտեցման դեպքում, կողմեր, որոնք կարգավորման երկարատեւ փակուղին այսօր հասցրել են երերուն ճահճուտի»։