Հեղեղումներն անխուսափելի են նաեւ առաջիկայում
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
2000 թվականը շրջադարձային եղավ համամոլորակային մակարդակով կլիմայական փոփոխությունների համար։ Գիտնականները ամենասարսափելի կանխատեսումներն են անում։ Օդի ջերմաստիճանիՙ միջինը 2-4 աստիճանով բարձրացման հետեւանքով համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակը կբարձրանա, եւ տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրերի վրա ջրի տակ կանցնեն մալայզիական, ինդոնեզական կղզիները։
«Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ»-ի ուսումնասիրությունների համաձայն Հայաստանում բարձր դիրքի շնորհիվ ջերմաստիճանը 2 աստիճանից ավելի չի բարձրանա։ Իբրեւ հնարավոր հետեւանք, Արարատյան դաշտավայրում աղակալման գործընթացներն ավելի կծավալվեն, իսկ, ասենք, բարձր լեռնային շրջաններն այնքան կջերմանան, որ, օրինակ, Ապարանի դաշտավայրում հանգիստ կարելի է խաղող մշակել։ Համաեղանակային փոփոխությունների արձագանքներն արդեն զգացվում են Հայաստանում։ Անցած տարի հեղեղումներ եղան ապրիլին, այս տարիՙ գարնանամուտին։
Սովորաբար գարնանը Հրազդանը 2 մետրից ավելի չի բարձրանում, այս տարի արձանագրվեց կրիտիկական սահմանանիշՙ 3-4 մետր։ Ձնհալի հեղեղաջրերը քշեցին տարան հողի հսկայական զանգվածներ, քարուքանդ արեցին գետնամերձ այն կառույցները, որոնց տերերը ոչ վաղ անցյալում այստեղ ռեստորան կամ սրճարան էին կառուցելՙ առանց հաշվի առնելու նման իրողությունները։ Նույնօրինակ վնասներ կրեցին նաեւ Արզնիից ներքեւ նույն անհեռատեսությամբ կառուցված սպասարկման օբյեկտները։ Մեր հարեւան Թուրքիայում նույն իրադարձություններն ավելի աղետալի եղանՙ խլելով նաեւ մարդկային կյանքեր։
Սարերում ձյունը դեռ չի հալվել, գարունը առջեւում է, եւ ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գեոէկոլոգիայի բաժնի վարիչ Ռուբեն Յադոյանը նախազգուշացնում է, որ նոր հեղեղումների վտանգը իրական ու կանխատեսելի է։ Իհարկե, հալոցքի դեմն առնել հնարավոր չէ, բայց հնարավոր հեղեղաջրերի հոսքը հնարավոր է կառավարելի դարձնել գոտիավորումներով, դրանք ուղղորդելով անվնաս հունով։ Դա միանգամայն իրական է, եթե նկատի առնենք թեկուզ Գետառի օրինակը։ Ոչ վաղ անցյալում Գետառը հեղեղումների ամենամեծ վտանգն էր ներկայացնում Երեւանի համար։ Հեղեղապաշտպան գոտիների, հեղեղատարների կառուցման շնորհիվ այսօր Գետառից սպասվող վտանգի մասին ոչ ոք չի խոսում։
Ձնհալն ու անձրեւները գարնան հանդիման արթնացնում են նաեւ քնած գազանինՙ սողանքները, որոնցով հարուստ է Երեւանի շրջակայքը։ Փխրուն ապարներըՙ ջրով ծանրանալով, հեշտությամբ պոկվում ու ձուլվում են ջրի հոսանքինՙ կրկնակի, քառակի ավելացնելով դրա ծավալն ու հորձանքը հեղեղի վերածելով։ Իբրեւ առաջին անհրաժեշտ միջոցառում, նախ հունը պետք է մաքրել նման ապարներիցՙ բացառելով դրանց հնարավոր տեղաշարժերը դեպի գետ։ Այդպիսի ապարատեսակներով հարուստ են եւ Զանգվի, եւ Արզնիի ձորերը եւ հեղեղներ ստեղծելու առիթի ու հնարավորության են «սպասում»։
Գիտնականի համոզմամբ, քանի որ հեղեղումների հավանականությունը անշրջանցելի փաստ կլինի նաեւ առաջիկայում, եւ այս գարնանը, եւ հավանաբար նաեւ գալիք տարիներին, հենց այսօրվանից պետք է վերանայել այն բոլոր սկզբունքներն ու ստանդարտները, որոնցով մինչ այժմ առաջնորդվել ենք գետերի ու գետակների հանդեպ մեր վերաբերմունքում ու գործողություններում եւ հանրապետության ողջ տարածքում։
Նախ եւ առաջ հեղեղատարներ պետք է կառուցել Զանգվի ձորի ողջ երկայնքով։ Պետք է դիտարկումներ ու հետազոտություններ կատարել սողանքային ներկա ու հնարավոր տարածքներում, ինչպիսիք են Գետառի վերեւի հատվածները, Ողջաբերդն ու Ջրվեժը, Ձորագյուղը։ Մայրաքաղաքը շրջանցող ճանապարհը եւս հարուստ է սողանքային տարածքներով։ Այսօր այդ սողանքները հանդարտ են, բայց ջերմության անսպասելի բարձրացումների ու առատ անձրեւների պատճառով վաղը իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։
Այս բոլոր տարածքներում նոր չափագրումների, հաշվարկների ու գործողությունների նոր ծրագրեր մշակելու անհրաժեշտություն կա։ Բայց, ցավոք սրտի, մեզանում որդեգրված է գործելու արատավոր այն սկզբունքը, համաձայն որի մինչեւ մի քանի անգամ փորձանքներ չլինեն, եւ անպայմանՙ առարկայական կորստով կամ ողբերգական ավարտով, մեր իշխանությունները տեղից չեն շարժվի։