«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2004-03-10 | #42, 2004-03-11 | #43, 2004-03-12


«ԵՍ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԱՆԿԵՂԾ ԵՎ ԱՆԿԱՇԿԱՆԴ ԶՐՈՒՅՑ ԻՄ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ»

Միխեիլ Սաակաշվիլու հատուկ հարցազրույցը «ԱԶԳ» օրաթերթին եւ հայկական 2-րդ հեռուստաալիքին

Երեկ երեկոյան 20.00-ին նշանակված «Ազգի» եւ հայկական 2-րդ հեռուստաալիքի հարցազրույցը Վրաստանի նախագահի հետ, որը կազմակերպվել էր ՀՀ արտգործանախարության եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, փոքր-ինչ հետաձգվեցՙ մարտի 8-9-ին Ֆրանսիա կատարած այցի արդյունքներին նվիրված Մ. Սաակաշվիլու տեղական լրագրողներին տրված մամլո ասուլիսի պատճառով։

Խոսելով այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Վրաստանի նախագահը նշեց, որ ստացել էր Ֆրանսիայի նախագահի համաձայնությունը Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Սալոմե Զուրաբիշվիլուն Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակելու մասին։ Հետաքրքրական է, որ այս բոլորի համար անսպասելի լուրը չզարմացրեց Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներին. տիկին Ս. Զուրաբիշվիլու կենսագրությունը Վրաստանի նախագահի հայտարարությունից 10 րոպե անց ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանի սեղանի վրա էր։ Մեզ հետ հարցազրույցի ընթացքում մեկնաբանելով նշանակումը Մ. Սաակաշվիլին նշեց, որ այս հարցում նույնպես ընդօրինակել է հայկական փորձը (նկատի ունենալով ՀՀ ԱԳ նախարարիՙ մինչեւ պաշտոնի ստանձնումը Հայաստանի քաղաքացիություն չունենալու հանգամանքը)։ Այնուհետեւ Վրաստանի նախագահը պատասխանեց հայ լրագրողների հարցերին զրույցի ընթացքում։

¬ Ես միշտ հաճույքով եմ խոսում հայ լրագրողների հետ, ինձ համար դա նմանապես թանկ է, ինչպես եւ վրացի լրագրողների հետ։ Ես կարծում եմ, որ դա ինչ-որ օտարերկրյա տարածք չէ, այլ մեր ռեգիոնի շարունակությունը, մեր մոտ հարեւանը, մեր մոտ ընկերը, ուստի Հայաստանում ասված յուրաքանչյուր խոսք արձագանք է ստանում Վրաստանում։

- Պարոն նախագահ, որո՞նք են Վրաստանի քաղաքական եւ տնտեսական առաջնահերթությունները Հայաստանի նկատմամբ։

¬ Ամեն ինչ շատ պարզ է։ Հայաստանը մեր ընկերն է, մեր հարեւանը, եղբայրական հանրապետություն է։ Եվ այստեղ պետք չէ խոսել ինչ-ինչ պրագմատիկ առաջնահերթությունների մասին։ Այս հարաբերությունները նախ եւ առաջ պետք է սրտից գան։ Եթե դրանք սրտից չեն գալիս, չի կարող լինել մեծ բարեկամություն։ Ես միշտ կրկնում եմ, որ մենք կովկասցիներ ենք, Կովկասն էլ մեկ միասնական ռեգիոն է։

Մենք պետք է գնանք ողջ Հարավային Կովկասի տնտեսական եւ քաղաքական ինտեգրացիայի ճանապարհով։ Բնականաբար այս փուլում դա չի ստացվում բոլոր 3 երկրների նկատմամբ միանման անցյալի կոնֆլիկտների պատճառով, դրա համար մենք պետք է գնանք երկկողմ ինտեգրացիայի ճանապարհով։ Եվ այդ իմաստովՙ Վրաստանի եւ Հայաստանի ու քանի որ մենք գնում ենք նույն ուղղությամբՙ նաեւ Ադրբեջանի հետ, դա ճանապարհ է, որ մարդիկ մեզ մոտ ավելի լավ ապրեն։

Ինչ է նշանակում ինտեգրացիան։ Դա նշանակում է բոլոր մաքսային արգելքների վերացումը, տարիֆների նույնականացումը, իջեցումը, որոշ դեպքերում էլ հանումը։ Դա ոչ միայն մարդկանց շարժման ազատություն է, որը այսպես էլ գոյություն ունի, թեեւ սահմանին մարդկանց կանգնեցնում են։ Ծիծաղելի է, որ Հայաստանից Վրաստան անցնելու համար մարդիկ սահմանի մոտ սպասում են 40 րոպե-մեկ ժամ, նույնը հետադարձ ճանապարհին։ Բնականաբար դա անթույլատրելի է, դա անլուրջ է, ֆեոդալական մնացուկ։ Պետք է ազատ տեղաշարժ, ապրանքների ազատ տեղաշարժ։ Պետք է իրավաբանական համակարգի ունիֆիկացիա։ Ես նկատի ունեմ, որ Վրաստանում գրանցված անձն ինքնաբերաբար համարվում է գրանցված Հայաստանում, եւ ընդհակառակը, ցանկացած հայկական իրավաբանական անձ չպետք է անցնի ամեն տեսակի իրավաբանական արգելքներ, նոր իրավաբանական գրանցում եւ այլն։ Այդ ամենը պետք է լինի միատեսակ։ Ես կարծում եմ, որ երբ կանհետանան այս արգելքները, լրիվ այլ իրավիճակ կլինի, քանի որ այսօր մեր երկրներից յուրաքանչյուրն առանձին թույլ է, որովհետեւ շուկան պահանջում է լայնացում, ավելի մեծ տարածություն։ Բացի այդ, խոսելով Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի հետ մեր հարաբերություների մասին, ավելի լավ է սկզբից ունենալ միասնական եւ ավելի ուժեղ դիրքորոշում։

Եվրոպական օրինակով պետք է լինի մեզ մոտ։ Ես կարծում եմ, որ դա ուտոպիա չէ, ես ունեմ կոնկրետ ժամկետներ, 1,5-2 տարի հետո մենք կհասնենք հենց նման արդյունքի։

- Պարոն Սաակաշվիլի, ձեր հայտարարության համաձայն, Դուք մտադիր եք վրաց-հայկական հարաբերությունները դուրս բերել ֆորմալ շրջանակներից, որ եղել են Շեւարդնաձեի ժամանակ։ Ի՞նչ կոնկրետ քայլեր է սպասում Վրաստանը Հայաստանից, որոնք կարող են նպաստել վրաց-հայկական հարաբերություների խորացմանն ու ընդլայնմանը։

- Առաջ այսպես էր։ Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ադրբեջանի հետ եւ ունենք շատ տնտեսական ու քաղաքական կապեր եւ պարտադիր է, որ պետք է բարեկամական կապեր ունենանք նաեւ Հայաստանի հետ, բայց ոչ այն բանի համար, որ նման հարաբերություններ ունենք մեր մյուս հարեւանի հետ։ Դա անլուրջ է։ Մենք, բնականաբար, բարեկամական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, եւ բնականաբար պետք է նաեւ բարեկամական հարաբերություններ ունենանք նաեւ Հայաստանի հետ, բայց ոչ այն բանի համար, որ դա պետք է, այլ որովհետեւ դա Հայաստանն է, մերձավոր հարեւանը, դա երկիր է, որի հետ մենք ունենք ե՛ւ անցյալի, ե՛ւ ներկայի այնքան կապեր, այնքան ընդհանուր պատմություն, մշակութային եւ մարդկային կապեր։ Դա կարծես այս ռեգիոնի մեկ ընդհանրության շարունակությունն է։ Բացի այդ, Հայաստանն այն երկիրն է, որ մինչեւ այսօր էլ ունի ամենամեծ ճանաչելիությունն այս ռեգիոնի երկրների մեջ։ Բնականաբար, այսօր ռեգիոնի մյուս երկրների մասին էլ գիտեն, բայց Հայաստանը պահպանում է իր գրավչությունը, ամեն ինչից զատ Հայաստանն ունի Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ բարեկամության եւ ինտեգրացիայի բազմադարյա պատմություն։ Այս ամենը պետք է օգտագործել ի շահ ողջ ռեգիոնի։ Ուստի Հայաստանից ես սպասում եմ, որ մենք կմիասնակացնենք մեր տնտեսական եւ իրավաբանական համակարգերը, ապաՙ նախ մենք պետք է ավելի շատ խրախուսենք մարդկային կապերը ընկերությունների, մշակությաին կապերի, կրթական հաստատությունների մակարդակում։ Սա կարծես լիրիկական դետալ է, բայց ինձ համար կարեւոր է։ Ես ուզում եմ, որ մենք կիսենք մեր փորձը։ Օրինակ, մենք հիմա փորձում ենք կարգավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ ես կարծում եմ, այս առումով Հայաստանը կարող է մեզ բավականին լուրջ օգնություն ցույց տալ, քանի որ Հայաստանը բարեկամական եւ սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Ինձ հետաքրքրում է, թե որոշ հարցեր ինչպես են լուծվել Հայաստանում։ Ենթադրենք, ինչպես են նրանք հնար գտել, եթե հաշվի առնենք կոռուպցիան ոստիկանության առումով, ապա մեզ հետ դրանք անհամեմատելի են։ Ինչպե՞ս եք դուք կարողացել ավելի շատ կարգուկանոն հաստատել պետական ծառայության ոլորտում, ինչպե՞ս եք կարողացել հասնել կարգավորման։ Ես պատրաստ եմ թեկուզ շատ բաներ սովորել, ուստի իմ այցը միայն նախագահ Քոչարյանի հետ բարեկամանալու համար չէ։ Ես կարող եմ նրանից նաեւ սովորել եւ կիրառել, ինչ կարելի է կիրառել։ Ես հաճույքով կգնայի Հայաստան ոչ թե մի քանի օրով, այլ մեկ-երկու շաբաթով։ Բայց նախագահությունը բանտի նման է, ժամկետները շատ սեղմ են, դու պետք է սպունգի նման ներծծես բոլորը։ Եվ այս իմաստով ցանկացած այցի ճանաչողական ասպեկտը շատ կարեւոր է։ Ես տարբեր մարդկանց հետ եմ հանդիպելու եւ սա ինձ համր «սրտի այցելություն է», իսկ սիրտը նաեւ էմոցիաներ ունի, այնտեղ ոչ միայն պրագմատիկ հարցեր են։

- Հայաստանում Վրաստանի նախկին դեսպանը նշանակվել է Սամցխե-Ջավախեթիում նախագահի լիազոր։ Նախագահ Քոչարյանի հետ Նիկոլոզիշվիլու հանդիպման ժամանակ խոսվել է այդ ռեգիոնում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների մասին։ Ի՞նչ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ։

- Այս հարցն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ առաջին հերթին նա սիրում է Հայաստանը։ Նա չի եղել պարզապես դեսպան։ Նա սիրահարված է հայ մշակույթին, խոսում է հայերեն։ Երկրորդը, այդ ռեգիոնը գտնվում է սոցիալական ծանր վիճակում ոչ այն պատճառով, որ բնակեցված է հայերով, այլ որովհետեւ ողջ Վրաստանն է ծանր վիճակում։ Այնտեղ հատկապես ծանր կլիմայական պայմաններ են, եւ կան մի քանի մեծ խնդիրներ։ Առաջին խնդիրը ճանապարհներն են։ Իմ նախագահության հիմնական նպատակներից մեկն է կառուցել լավ ճանապարհներ Ախալքալաքում, որպեսզի Ախալքալաքն ինտեգրվի Վրաստանի տնտեսական կյանքում։ 2-րդը, որ մենք կարողանանք հասնել նրան, որ այնտեղ գոյություն ունեցող բյուրոկրատական մեխանիզմները վերացվեն, որպեսզի հարցերը լուծվեն օպերատիվ, որոշ փաստաթղթեր ընդհանրապես պետք չեն։ 3-րդը, որ մենք պետք է ստեղծենք տեղական ծրագրեր սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Ռեգիոնում հիմնական գործատուն ռուսական ռազմական բազան է։ Բայց դա ժամանակավոր է, դա նորմալ չէ։ Եվրոպական եւ այլ կառույցների հետ քննարկում ենք գյուղատնտեսության, տեխնոլոգիական, կոոպերատիվների ստեղծման ծրագրեր, որպեսզի եվրոպական գումարներով սկսեն աշխատել եւ 2-4 տարի հետո դրանք կարողանան ծածկել սեփական ծախսերը։ Հայերը տաղանդավոր մարդիկ են եւ կհասնեն հաջողության, եթե նրանց համար ստեղծվեն նվազագույն պայմանները։

- Պարոն Սաակաշվիլի, գաղտնիք չէ, թե ինչ կարեւորություն ունի աբխազական երկաթուղին Հայաստանի համար։ Ինչպե՞ս եք պատկերացնում ինտեգրացիան, երբ չի աշխատում երկաթուղին։

- Սա ինձ համար շատ կարեւոր հարց է։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին։ Այս խնդրում ամեն ինչ կախված է լինելու, թե ինչ առաջընթաց կնկատվի Գալիի շրջանում։ Մենք ստեղծել ենք եռակողմ հանձնաժողով Ռուսաստանի եւ Աբխազիայի փաստացի իշխանությունների հետ։ Այդ հանձնաժողովը հիմա աշխատանքներ է տանում եւ առաջին հարցը տնտեսական ենթակառուցվածքներին է վերաբերում։ Ռուսաստանի կողմից կա պատրաստականություն։ Ես կարծում եմ, որ շատ են այն աբխազները, որոնք հասկանում են տնտեսական ենթակառույցների կարեւորությունը։ Այս պահին կարեւոր է բարի կամքը, ինչ մենք ավելի շատ ունենք։ Փակուղային վիճակը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին։ Երկաթուղին բացելու առումով ես գնալու եմ խիզախ քայլերի։

- Ի՞նչ նկատի ունեք խիզախ քայլեր ասելով։

- Վրաստանի նախորդ իշխանությունների օրոք ասվում էր, որ քանի դեռ չի որոշվել Աբխազիայի կարգավիճակը, չի կարելի տնտեսական հարաբերությունների գնալ։ Ես այդպես չեմ կարծում, այլ համարում եմ, որ դա զուգահեռ գործընթաց է։ Պետք է սկսել տնտեսական համագործակցությունից եւ ոչ թե հակառակը։

- Պարոն Սաակաշվիլի, Ի՞նչ դեր կարող է խաղալ Վրաստանը հայ-թուրքական հարաբերություններում։

- Վրաստանը պատրաստ է ունենալ առավելագույն դերակատարություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կառուցողական հարաբերությունների առումով։ Ես կարծում եմ, որ Թուրքիան դրան ավելի քան պատրաստ է։ Թուրքիան հասկանում է Հայաստանի կարեւորությունը։ Անշուշտ, Թուրքիան ունի մոտ գործընկերային հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Դա պետք է հաշվի առնել, բայց մյուս կողմից Թուրքիան հրաշալի հասկանում է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ։ Դրա համար մենք շատ ուրախ կլինեինք եւ կփորձեինք աջակցել։ Դա մեզ համար շատ կարեւոր է, դա կայունության եւ զարգացման գործոն է մեզ համար։ Թուրքիան մինչ այժմ դրական դեր է խաղացել Վրաստանում։ Ես կարծում եմ, որ ինչպես ՀՀ-ն կարող է օժանդակել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, նույնը կարող է անել Վրաստանը հայ-թուրքական հարաբերություններում։

Հարցազրույցը վարեցին ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4