Հայաստանի եւ Եվրամիության կնքած գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) մանրամասների լուսաբանմանն էր նվիրված երեկ Թեքեյան կենտրոնում AEPLAC-ի (Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն) նախաձեռնած շնորհանդեսը։
Առաջինը ելույթ ունեցավ կազմակերպության եվրոպական տնօրեն Քենեթ Մյունտերը, նշելով, որ շնորհանդեսի նպատակն է ավելի տեսանելի դարձնել Հայաստանի եւ ԵՄ կապերը։
ԳՀՀ-ն ստորագրվել է 1996 թ.-ին, իսկ ուժի մեջ է մտել 1999 թ.-ին։ Այն անդրադառնում է կյանքի բոլոր բնագավառներին։ Այդ համաձայնագիրն առավել հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժակ Վանդոմը։ Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է օժանդակել գործընկեր պետությունների ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդմանը, նպաստել նրանց տնտեսական աճին, համագործակցել կյանքի բոլոր ոլորտներում, բացի պաշտպանությունից։
Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը, ներկայացնելով գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, չափից ավելի հանգամանորեն անդրադարձավ այն ոլորտներին, որտեղ Հայաստանն ու Եվրամիությունը համատեղ ծրագրեր են իրականացնում։ Իր ելույթը նա եզրափակեց ասելով, որ համաձայնագիրը շահավետ է Հայաստանի համար եւ նպաստում է մեր երկրի ինտեգրմանը Եվրոպային։
AEPLAC-ի իրավաբանական ծառայության ղեկավար Վարուժան Ավետիքյանը նախ նշեց, որ համանման պայմանագրեր ԵՄ-ն կնքել է ԱՊՀ 11 պետությունների հետ եւ ներկայացրեց, թե ինչպես են դրանք գործում այդ երկրներում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ համաձայնագրի իրականացման համար, ըստ կազմակերպության իրավաբանական ծառայության ղեկավարի, անհրաժեշտ են մի շարք քայլեր։ Դրանք ենՙ համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի, ազգային ծրագրի նպատակների, ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մշակում, ծրագրի մոնիտորինգի սահմանում, ազգային ծրագրի իրականացման կառուցվածքի մշակում։ Նշված հարցերում AEPLAC-ը Հայաստանի կառավարությանը պատրաստ է առաջարկել տեխնիկական աջակցություն։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ