Մարտի 10-ին Ուրուգվայի խորհրդարանը (ստորին պալատը) ընդունել է 2000 թ.-ին Սենատում հավանության արժանացած այն օրինագիծը, ըստ որի ամեն տարվա ապրիլի 24-ը պաշտոնապես համարվում է «1915-ին սպանված հայ նահատակների հիշատակության օր»։
Օրինագիծը նշում է նաեւ, որ այդ «օրը պետական լրատվամիջոցները պետք է լուսաբանեն այդ դեպքերը»։
Այս միջոցով մշտական բնույթ է ստանում 1965 թ.-ի համար ընդունված որոշումը։
Ուրուգվայի նախագահի վավերացումից հետո օրինագիծը դառնալու է օրենք։
Թեեւ օրինագծում չի նշվում ցեղասպանություն բառը, սակայն խորհրդարանում բոլոր ելույթ ունեցողները չեն խուսափել կատարվածը ցեղասպանություն որակելուց, Մոնտեվիդեոյից հաղորդում է «Ռադիո Արմենիայի» լրագրող Դիեգո Գարամանուկյանը։