«Գնա մեռի, արի սիրեմ» արտահայտությունն անգամ այլեւս բնորոշ չէ մեզ. մարդը մեռնում է, բայց ոչ ոք չի հիշում նրա գործը, բարերարությունն անգամ։ Հատկապես չեն հիշում նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին գոնե մահվան կապակցությամբ ուշադիր լինել, առնվազն պաշտոնական մահախոսականներ հրապարակել։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին ՀՀ մշակույթի նախարարությանը, որ պարտավոր էր երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի մահվան կապակցությամբ հիշեցնել մեր ժողովրդին, որ, օրինակ, 70-ական թթ. այդ աշխարհահռչակ երաժշտի միջոցով էր Հայաստանն օժտվել հրաշալի երգեհոններով, որոնք հնչում են եւ հնչելու են դեռ երկար ժամանակ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 23-ին Մասաչուսեթսում կարճատեւ հիվանդությունից հետո Կարիտաս Նորվուդ հիվանդանոցում վախճանվել է ամերիկահայ աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը։
Շահնազ եւ Նազարեթ Ժամկոչյանների որդի Պերճը «Նյու Ինգլենդի երաժշտանոցի» շրջանավարտն էր, որտեղ դեռ ավարտական դասարանում սովորելու տարիներին մաս էր կազմել երգեհոնային ֆակուլտետին։ 24 տարեկանում իր առաջին համերգը տվել է Բոստոնի սիմֆոնիկ երաժշտության դահլիճում։ Մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ շրջել է աշխարհով մեկ։ Մ. Նահանգներն է ներկայացրել Փարիզում կազմակերպված հոգեւոր երաժշտության 3-րդ համաշխարհային կոնգրեսում, իսկ 1965-ին ամերիկացի առաջին երգեհոնահարն է եղել, որ շրջագայել է Խորհրդային Միությունում։
Համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի հետ նա նվագել է բացման հանդիսությունների ընթացքում այնպիսի միջազգային կառույցների, ինչպիսիք են Վաշինգտոնի «Քենեդի» կենտրոնը, Նյու Յորքի «Լինկոլն» կենտրոնը եւ Օրլանդոյի (Ֆլորիդա) «Դիզնեյ աշխարհը»։ 1957-ին նշանակվել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի, այնուհետեւ նաեւ Բոստոն «Փոփս» նվագախմբի երգեհոնահար։ Այդ խմբերի հետ կատարված ձայնագրությունները նրան համաշխարհային հռչակ են բերել։ Նրանցից մեկին «Նյու Յորք թայմսը» հորջորջել է «բոլոր ժամանակների լավագույն 50 ամենակարեւոր ձայնագրություններից մեկը»։ Այսօր էլ այն Բեստսելերների ցուցակում է։
Մի շարք սիմֆոնիկ նվագախմբերի հետ նա շրջագայել է աշխարհով մեկ, ելույթներ ունեցել Տոկիոյում, Օսակայում, Մոսկվայում, Երեւանում, Բամբերգում, Քյոլնում, Վիեննայում, Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ այլուր։
1983-ին Ճապոնիայի Շիկա քաղաքի Շինժի Շումեի տաճարին է նվիրել աշխարհի ամենամեծ երգեհոնը, դրանից հետո ամեն տարի այցելել եւ նվագել է այնտեղ։ Նա ելույթներ է ունեցել ամերիկացի 6 նախագահների, Բրիտանիայի եւ Ճապոնիայի արքայական ընտանիքների առաջ։ Հռոմի պապի Մ. Նահանգներ կատարած առաջին այցելության ժամանակ եւս նրան են հրավիրել երգեհոն նվագելու։ Պարգեւների է արժանացել Պողոս 6-րդ պապի, կարդինալ Աղաջանյանի, Վազգեն Ա կաթողիկոսի, Հայաստանի նախագահի, Գիտությունների ակադեմիայի, ինչպես նաեւ Վենետիկի Մխիթարյան միաբանության կողմից։
Նրա վերջին ելույթները տեղի են ունեցել Միլանում, Մյունխենում եւ Հռոմում 2003 թ. դեկտեմբերին։ Նվագել է Հովհաննես Պողոս Բ-ի համար Վենետիկի Սբ. Ղազարի մենաստանում։ Իր անզուգական տաղանդին զուգահեռ նա նաեւ ներշնչման աղբյուր էր եւ նվիրվածության ու առատաձեռնության վառ օրինակ։ 1970-ին իր իսկ նախաձեռնությամբ հիմնված «Կոմիտաս երգեհոնային հիմնադրամի» միջոցով նա բազմաթիվ երգեհոններ է նվիրել աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի հաստատություններին։
Հ. Ծ.