«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2004-03-10 | #42, 2004-03-11 | #43, 2004-03-12


ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Շախմատային մրցաշարի 3¬րդ օրը Ստեփանակերտում դարձյալ անցավ լարված մրցապայքարում։ Նախօրյակին ավարտված խաղերում արձանագրվեց երեք հաղթանակ եւ երկու ոչ-ոքի։ Սվեշնիկովն առավելության հասավ Պետրոսյանի, Ասրյանըՙ Կոբալիայի եւ Մահամինՙ Փաշիկյանի նկատմամբ, իսկ Մաչեյա-Անաստասյան եւ Պելետյե-Սարգսյան հանդիպումները խաղաղ ելք ունեցան։

Առաջատարը Եվգենի Սվեշնիկովն է, որն ունի երկու միավոր։

Ինչպես եւ ակնկալվում էրՙ չուշացավ Ադրբեջանի պաշտոնական բողոքը Ստեփանակերտում շախմատի միջազգային մրցաշար կազմակերպելու կապակցությամբ։ Ադրբեջանի արտգործնախարարության բողոքին, կարելի է ասել, անտարբեր են վերաբերվում Ստեփանակերտում։ Եվ խոսքը տվյալ դեպքում միայն տեղի իշխանությունների մասին չէ։ Այն փաստը, որ շախմատի վարպետները նույն եռանդով շարունակում են մրցապայքարը, վկայում է Ադրբեջանի դժգոհության հանդեպ այդ անտարբերության մասին։ Նույնիսկ, ընդհակառակը, Բահադուր Ջոբավան, օրինակ, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք է ժամանել մրցաշարի պատվավոր հյուրի կարգավիճակով, հիացմունքով է խոսում ստեփանակերտցի պատանի շախմատիստների մասին։ Մարտի 9-ին նորաբաց շախմատի մանկապատանեկան դպրոցում 31 խաղատախտակի վրա խաղացված միաժամանակյա մրցապայքարը, որի արդյունքում նա կրել է երկու պարտություն եւ մեկ ոչ-ոքի, լավ տպավորություն է թողել վրացի շախմատիստի վրա։ Իսկ շվեյցարացի գրոսմայստեր Յանիկ Պելետյեն, որի մասին ադրբեջանական «Զերկալոն» գրում է, իբր վերջինս չգիտեր ուր է գնում խաղալու, Ստեփանակերտ գալու առաջին իսկ օրը խոստովանել է Ղարաբաղը մոտիկից տեսնելու իր անթաքույց ցանկության մասին։

Շախմատը եւ քաղաքականությունն անհամատեղելի են։ Համենայնդեպս, նրանք, ովքեր շահագրգռված են շախմատի զարգացմամբ առհասարակ, հակված են այն տեսակետին, որ ստեփանակերտյան միջազգային մրցաշարը բոլոր առումներով դրվատանքի արժանի մարզական միջոցառում է։ Այս տեսանկյունից, թերեւս, տեղին է հիշել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի խոսքերն այն մասին, որ ինքն ուրախ է, որ պատերազմից թոթափվող Ղարաբաղում կարողանում են մշակույթ եւ սպորտ զարգացնել։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4