«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2004-03-11 | #43, 2004-03-12 | #44, 2004-03-13


«ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ»

Մարտի 13¬14-ը Քյոլնում տեղի կունենա Գերմանիայում ամենամեծ հայկական կազմակերպությանՙ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) ամենամյա ընդհանուր ժողովը, որն օրակարգի նյութ է ընտրել «Համարկումը (ինտեգրացիան) եւ հայության մասնակցությունը Գերմանիայի քաղաքական կյանքին» ընդգրկուն վերնագիրը։

«Միգրանտները, օտարերկրացիները եւ սոցիալական քաղաքականությունը Գերմանիայում» վերնագրով զեկուցման հեղինակը Paritaetische Wohlfahrtsverband¬ի ներկայացուցիչ Խոսե Պովետանո Սանչեսն է։ Հաջորդ նյութը «Ինտեգրացիա. ինքնության պահպանմամբ դեպի Եվրամիություն» անունն է կրում։ Հետմիջօրեին ժողովականների քննարկմանը կներկայացվի «Գերմանահայերի քաղաքական մասնակցությունը։ Երկրորդ սերունդը քաղաքականության մեջ» թեման։

Ինչպես մեզ հեռախոսազրույցում փոխանցեց ԳԿԽ փոխատենապետ Րաֆֆի Պետիկյանը, ընդհանուր ժողովի նպատակն է կանոնադրության փոփոխություններ կատարելը, որոնք հնարավորություն կընձեռեն անդամակցելու Գերմանիայի ամենամեծ հասարակական կազմակերպություններից մեկինՙ Paritaetische Wohlfahrtsverband-ին։ Անդամակցությունը կօգնի առավել արդյունավետ ճանապարհներ գտնել ներգաղթողների խնդիրները լուծելու, նրանցՙ հանրային կյանքում իրենց մասնակցությունն ապահովելու, քաղաքացիություն ստանալու գործում։ Պարոն Պետիկյանի հաղորդմամբ, կազմակերպության երկրորդ նպատակը, «հայության պատկերը դրսում բարելավելն է»։ «Մենք խաղից դուրս վիճակում ենք, նկատել տվեց փոխատենապետըՙ մատնանշելով վերջին շրջանում երկրում ամենօրյա արծարծման նյութ դարձած Թուրքիայիՙ ԵՄ անդամակցության հարցը։ Գերմանական հանրային տարաբեւեռ կարծիքների մեջ մերը լսելի չէ»։ Նա հույժ կարեւոր է համարում գերմանահայ նոր սերնդի քաղաքական մասնակցությունը։ Գերմանիայում ծնված այս երկրորդ սերունդը, ի տարբերություն իր նախորդի, կրթություն է ստացել երկրի համալսարաններում, անդամակցում է գերմանական տարբեր կուսակցությունների եւ կարող է գործունյա դեր ունենալ հասարակական-քաղաքական ասպարեզում։

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4