«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2004-03-11 | #43, 2004-03-12 | #44, 2004-03-13


ՏԽՈՒՐ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հաճախակի կարդում եմ ձեր օն լայնի լուրերը, որոնք, իմ կարծիքով, ամենաարդիականացվածն են հայկական լրատվության մեջ։ Միշտ ձեզ համարել եմ լուրջ թերթՙ խոր եւ ամբողջականորեն հետազոտված նյութերով։ Բայց ձեր հոդվածը («Կանխամտածված սիրո որոգայթներում», «Ազգ», 2004 թ. փետր. 13) ամեն ինչ էր, բացի լուրջ հրատարակություն լինելուց։ Կարիք կա՞ հասարակության առաջ լվանալու մեր կեղտոտ շորերը։ Կարծում եմՙ ոչ։ Շատ ավելի հետաքրքրական թեմաներ կան, որոնց մասին կուզենայինք կարդալ։

Ա. ՓԱՆՈՍՅԱՆ, (Գերմանիա)

Հայ եմ Սիդնեյից եւ ցավ եմ զգում Լիանայի մասին գրածը կարդալով։ Մի քանի տարի առաջ ես էլ նման բախտի արժանացա , սակայն ոչ Լիանայի աստիճանի։ Պատմությունը հետաքրքրական էր, բայց պետք է նշվեր նաեւ Էմիլի դիտարկումը։ Նա ինչ-որ պատճառ պետք է ունենար այդ ամենը անելու։ Ինչեւիցե։ Նրա արածը զզվելի է։ Ինչքա՜ն նման դեպքեր դեռ կան։

ՆԱԻՐԻ ՇԱՄԼՅԱՆ

Մի քանի օր առաջ «Ազգ»-ի ինտերնետային էջում կարդացի հայ աղջկա տխուր պատմության մասին։ Շատ բան կա ասելու, բայց թույլ տվեք լինել հակիրճ։

«Ամուսնական» բիզնեսը նորություն չէ այս փչացած աշխարհում։ Այդ կեղտոտ գործարքը վարակել է նաեւ հայերին։ Դա իր բարձրակետին հասավ, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը 1991-ին։ Որպես ապրուստի միջոց շատ երկրներ արտահանում են նավթ, ուրան եւ այլ անհրաժեշտ հանքանյութեր։ Հայաստանը, դժբախտաբար, չունենալով նման նյութեր, դարձել է աղջիկ (կին) արտահանող երկիր (ինչպիսի՜ ամոթ)։

Թույլ տվեք «Ազգ»-ի գլխավոր խմբագրին ուղղել մի քանի հարց.

- Գիտե՞ք քանի կեղծ ամուսնություններ են տեղի ունեցել եւ քանի՞սն են ավարտվել ամուսնալուծությամբ, քանի՞ երիտասարդներ են այս երկիր եկել եւ խաբել երիտասարդ ու միջին տարիքի կանանց, որպեսզի կարողանան մնալ երկրում։ Այս պատմություններից ո՞ր մեկն է անաչառ եւ մանրամասն ներկայացվել ձեր էջերում։

Իմ կարծիքով, զոհերի վերաբերյալ սկանդալ բարձրացնելու եւ աշխարհով մեկ սփռելու փոխարեն լավ կլիներ, որ կառավարական հանձնախմբերը (երկու երկրների) քննարկեին հարցը եւ պատժեին հանցավորներին կամ վերադարձնեին իրենց նախկին բնակավայրերը։

Կարճ ասած, եկեք այլեւս միամիտ չլինենք։ Անպարկեշտությունը, փչացածությունը գոյություն ունեն ամենուրեք։ Մինչեւ իսկական սիրո վրա չհիմնվեն, ամուսնության նման դեպքերը շարունակելու են խնդիրներ հարուցել ինչպես անհատների, այնպես էլ դրանցում ներգրավված երկրների համար։

Ես կարծում եմ, որ հոդվածը չափազանց միակողմանի էր, եւ ճշմարտությունը երբեք չի բացահայտվի, մինչեւ մենք չունենանք նաեւ մյուս կողմի փաստարկները։

ԱՆԱՆՈՒՆ, (Ավստրալիա)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4