«Արարիր բարին» նշանաբանով Հայաստանում արդեն 15 տարի գործում է «Ապավեն» հայկական միջազգային բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է նպաստել երկրում սոցիալական լարվածության նվազեցմանը։ «Ապավենն» իր գործունեությունն իրականացնում է 400 կամավորականների, 15 հազար անդամների եւ տարբեր երկրներում հիմնականում հայերի աջակցությամբ գործող մասնաճյուղերի աշխատանքի շնորհիվ։ Կազմակերպության նախագահ Նարինե Բալայանի դիրքորոշումը մեկընդմիշտ փակել է միջազգային որեւէ հիմնադրամից դրամաշնորհներ ստանալու ճանապարհը, սակայն դա բոլորովին չի սահմանափակում «Ապավենի» գործունեության շրջանակը։ Այն ներառում է բարեգործության բոլոր ձեւերըՙ բժշկական, իրավաբանական աջակցություն, հոգեւոր, մշակութային եւ սպորտային ծրագրերՙ հասարակության խոցելի խմբերի, տարեցների, հաշմանդամների, պատերազմների վետերանների, ծնողազուրկ երեխաների, բազմանդամ ընտանիքների եւ այլոց համար։
Կազմակերպությունն իր գոյության ընթացքում մշտական հոգածություն է ցուցաբերում Հայաստանում 400, Արցախում 1000 կարիքավոր երեխաների հանդեպՙ հոգալով նրանց սոցիալական, առողջական եւ կրթական խնդիրները։ «Ապավենը» կազմում է Հայաստանում բնակվող 90 եւ ավելի տարիք ունեցող անձանց քարտադարանՙ գրառելով նաեւ նրանց կյանքի, հասարակական հետաքրքրության դրվագները, եւ այդ 200 տարեցներին ցուցաբերելով սոցիալական ու հոգեւոր աջակցություն։
Կազմակերպության բոլոր ծրագրերը շարունակական են եւ ունեն հստակ սահմանված օրեր, անգամ մարզերի կտրվածքով։ Սա կազմակերպության միակ ինքնատիպ մոտեցումը չէ աշխատանքներ ծավալելու եւ նպատակային գործունեության ուղղությամբ։ «Ապավենին» անդամագրված բժիշկներն ապահովում են օգնության կարիք ունեցողների առողջության խնդիրների լուծումը, անդամագրված մյուս մասնագետներն էլ ի սպաս են դնում իրենց կարողությունները։ Ահա այս կառուցվածքի շնորհիվ էլ կազմակերպությունը կարողանում է իրականացնել բարեգործական իր ծրագրերը, նաեւ ֆինանսական միջոցներ տրամադրել տարբեր ծրագրերի, օրինակՙ «Հայաստան» հիմնադրամին «Ապավենը» տրամադրել է 1 մլն դրամ, իսկ Աֆղանստանում զոհվածների ընտանիքներինՙ 1000 ամերիկյան դոլար։ Ներկայումս Իտալիայում 40 տոննա մարդասիրական օգնություն է հավաքվել Հայաստանի համար, ընդ որում օգնությունը նպատակային էՙ հիմնականում մանկատների համար։ «Ապավենը» միջոցներ է փնտրում այդ օգնությունը Հայաստան տեղափոխելու եւ հասցեատերերին հանձնելու համար։
Կազմակերպության նախագահ Նարինե Բալայանի հավաստմամբ, իրենց հաստատակամությունն ու նպատակամղվածությունը կբավականացնի այս եւ այլ շատ բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Իսկ սեպտեմբերին Երեւանում կկայանա «Ապավենի» համաժողովը, որին կմասնակցեն կազմակերպության բոլոր մասնաճյուղերի ներկայացուցիչները։ Տարեվերջին մամուլի հրապարակումների համադրմամբ կստեղծվի կազմակերպության տարեկան գործունեության հաշվետվությունը։
Այս մասին հայտնի դարձավ երեկ ժուռնալիստների միությունում «Ապավենի» գոյության 15 տարվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ