Կառավարության անդամները երեկ այցելեցին Լոռու մարզ։ Մարզը զբաղեցնում է 3750.000 հա տարածք, եւ որպեսզի հնարավոր լիներ մեկ օրվա ընթացքում այցելել բոլոր տարածքները, նախարարները բաժանվեցին 7 խմբի...
Առաջին հանդիպումը Դեբեդ գյուղում էր։ Տարեցները դժգոհում էին, որ նախկինում գործող կարի ֆաբրիկան սեփականաշնորհվեց ու քարուքանդ եղավՙ աշխատանքից զրկելով 80¬90 աշխատողի։ Պետրոսյան Պետրոսը (82 տարեկան) հույս չուներ, որ այս տարին էլ կգլորի, սակայն մտահոգ էր, որ գյուղի երիտասարդները որեւէ զբաղմունք չունենալովՙ հեռանում են գյուղից։ Պետրոսյան Սերյոժան դժգոհում էր, որ գյուղի հեռախոսները չեն աշխատում ու կապ չկա արտաքին աշխարհի հետ։ Սոնա Վիրաբյանին անհանգստացնում էին հոսանքի խափանումները (մի քանի ժամից մինչեւ մի քանի օր), մինչդեռ բոլոր վճարումներն արված են ժամանակին։ 89-ամյա Անահիտ Մխիթարյանը մտահոգ էր, որ իրենց թաղի 20 տնից միայն 10-ից է հացի հոտ գալիս, մնացածները սոված են։ Ալյուրի մի պարկը 13 հազար դրամ է դարձել, ինչո՞վ առնի գյուղացին, երբ աշխատանք չունի, եկամուտ չունի ու դրա հետ էլ հարկերը տաՙ լույսի, ջրի, հողի հարկ եւ այլն... «Բոլորիս անգործության եւ ծուլության մատնեցին. բա եղա՞վ...», Անահիտ Սարմիյանը գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է եւ հետաքրքրվում էր, թե երբ է վերանորոգվելու դպրոցի մարզադահլիճը։ Գյուղի ուսուցչի տան վերանորոգման հարցը հրատապ է համարում, որը կիսախարխուլ վիճակում է։ Դսեղ գյուղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանին մտահոգում էր, թե Թումանյանի ծննդյան 135-ամյակի առիթով հնարավոր կլինի՞ վերանորոգել գյուղի ճանապարհները, ոչ թե փոսերը լցնել։ Ի դեպ, այդ չորս գյուղերը կապող ճանապարհը հանրապետական նշանակություն ունի, որը Դսեղի, Մարցի, Աթանի, Լորուտի, Շամուրի կարեւոր խաչմերուկն է։ Հարց բարձրացվեց նաեւ ոռոգման ներքին ցանցի վերանորոգման շուրջ։ Դսեղցիները զայրացած էին, որ էներգետիկները մեկ շաբաթ է հոսանքը մատակարարում են խիստ տատանումներով, որի հետեւանքով բնակչության 50-60 էլեկտրասպառիչներ շարքից դուրս են եկել, ու նրանք մտադիր են դատարան դիմել... Մինչդեռ էներգետիկները գյուղին պարտք են 300 հազար դրամ 60 հազար դրամի սպառած էներգիայի պարտքի համար նրանք գյուղապետին դատի են ուզում տալ, զայրացած տեղեկացրեց գյուղապետը։ Եղեգնուտի գյուղապետ Մուշեղ Հովհաննիսյանը, Դեբեդի գյուղապետ Ֆելիքս Ալթանյանը, Չկալովկա գյուղի գյուղապետ Սուրեն Մխիթարյանը, Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը եւ Մարգահովտի գյուղապետ Սերյոժա Անանյանը մանրամասն ներկայացրեցին իրենց գյուղերի պրոբլեմները, որոնցից մի քանիսը տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը լուծված համարեց, իսկ մյուս հարցերին էլ տրվեցին խոստումներ։ Հովհաննես Մատինյանի տունը 88-ի երկրաշարժից տուժել է (կան ակտերը), փոխհատուցված գումարները խնայբանկում պահ է տվել եւ հիմա էլ մնացել է «կոտրած տաշտակի» առաջ։ Անհատ ձեռներեց Սուրեն Սարգսյանին հետաքրքրում էր, թե մանր ու միջին բիզնեսը զարգացնելու համար ինչու «Հայգյուղփոխբանկը» վարկեր չի տրամադրում գյուղացուն իր ունեցած գույքի դիմաց... Եվ նաեւ մի պրոբլեմ, որ արդեն 6 ամիս է իր ՍՊԸ-ն չի աշխատում, տեղեկացրել է կենսաթոշակային ֆոնդին, սակայն պահանջում են պարտադիր վճարումներ անել։ Արա Մատինյանն էլ դժգոհում էր, որ մի կովի ու հողի համար իրեն կտրել են նպաստից եւ այժմ նա ստիպված վաճառել է կովը ու հողը եւ մնացել ձեռնունայն։ Երիտասարդների անունից Սարիբեկ Դերձյանը խնդրեց, որ գյուղի հեռախոսակապը գոնե վերանորոգվի...
Լոռու մարզ նախարարների այցերն ավարտվեցին ուշ երեկոյան մարզպետարանում հրավիրված խորհրդակցությամբ, որտեղ էլ քննարկվեցին բարձրացված բոլոր պրոբլեմները եւ տրվեցին համապատասխան հանձնարարականներ... Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ «մարզի գյուղապետները սերտ համագործակցում են մարզպետի հետ, որի արդյունքում էլ իշխանությունների նկատմամբ բնակչության վստահություն կա»։ Պրն Աբրահամյանը խոստացավ 10 տոննա կարտոֆիլի սերմացու անվճար տրամադրել մարզին։ Նաեւ պարարտանյութ, կես գնով կարտոֆիլի սերմացու, եթե չբավարարի վերը նշվածը, խոստացավ Մարգահովիտի դպրոցի դահլիճին նվիրել համապատասխան գույք։ Իսկ մարզպետ Հենրիկ Քոչինյանն էլ իմ այն հարցին, թե կայի՞ն այնպիսի պրոբլեմներ, որոնց նա տեղյակ չէր, պատասխանեց. «Եթե որեւիցե տեղ մի հարց բարձրացվեր, որը ես չգիտեի, ապա ես մարզպետ չէի աշխատի»։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ