«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2004-03-11 | #43, 2004-03-12 | #44, 2004-03-13


ԱՆԿԱԽ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ԿՎԵՐԱՑՎԻ

Հավաստիացրեց արդարադատության նախարարը

Երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց «Արմենտելին» տրված թիվ 60 լիցենզիայում կառավարության կատարած փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն այս տարվա հունիսի 30-ից։

Դրանցից առավել կարեւորը, թերեւս, վերաբերում էր բջջային կապի եւ տվյալների փոխանակման (միջազգային ելք) ծառայությունների ոլորտում «Արմենտելի» բացառիկ իրավունքի վերացմանը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ «Արմենտելն» այլեւս չի կարող այդ ծառայությունները մատուցել։ Պարզապես նա կունենա մյուս օպերատորներին հավասար կարգավիճակ։

Լարային հեռախոսակապի բնագավառում արձանագրվում է, որ մինչեւ 2004 թ.-ի վերջը «Արմենտելը» պետք է ավարտի 800 գյուղերի թվայնացումը, ինչը նա պետք է կատարած լիներ մինչեւ 2003 թ.-ի մարտի 3-ը։ Եթե դա չկատարվի, ապա կհամարվի լիցենզիայի կոպիտ խախտում։ Նույնը վերաբերում է նաեւ 100-ից 20 հեռախտության ապահովմանը։

Տվյալների փոխանակման ոլորտում առկա չբավարարված պահանջարկի վերաբերյալ կառավարությունը որոշել է պարտավորեցնել լիցենզավորվողին («Արմենտելին») մինչեւ 2004 թ.-ի հունիսի 30-ը, 60-օրյա ժամկետում բավարարել այդ պահանջարկը։ Հետագայում, նոր պահանջարկի առաջացման դեպքում այն պետք է բավարարվի 30-օրյա ժամկետում։ Խոսքը փաստորեն «Արմենտելի»ՙ կապուղիները վարձակալության տրամադրելու պարտավորության մասին է։

Արդարադատության նախարարի հավաստիացմամբ կառավարությունը հստակեցրել է նաեւ «Արմենտելի» բացառիկ իրավունքների պաշտպանության հարցը։ Եթե նախկինում հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհ ունեցող ընկերությունը կառավարությանը հաղորդում էր իր բացառիկ իրավունքների խախտման մասին առանց կոնկրետ խախտումը մատնանշելու, ապա այսուհետեւ «Արմենտելը» պարտավոր է կոնկրետ փաստերով նշել, թե իր որ իրավունքներն են խախտվել։ Հաջորդ նոր դրույթի համաձայն, եթե լիցենզավորվողը չի մատակարարում իրեն վերապահված ծառայությունները Հայաստանի որեւէ շրջանում, ապա կառավարությունը կարող է հնարավորություն ընձեռել նաեւ ուրիշ ընկերության մատուցելու այդ ծառայությունը եւ այն էլ ամբողջ Հայաստանի տարածքում։ Լիցենզիայի նախկին տարբերակում ընկերության մենաշնորհը մեխանիկորեն երկարաձգվում էր 15 տարով։ Նոր խմբագրմամբ, լիցենզավորվողը դրա համար պետք է դիմում գրի եւ ապացուցի, որ լիցենզիայի պահանջները չի խախտել։

«Արմենտելը» արդեն ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է ներկայացնել իր առաջարկած սակագները։ Եթե դա չի արվում, ապա նույնը կարող է անել տրանսպորտի եւ կապի նախարարությունը։ Իսկ եթե «Արմենտելի» առաջարկը չի հաստատվում, ապա սակագինը սահմանելու վերապահությունը տրվում է նախարարությանը։

Հեռախոսահամարների թիվը սահմանափակ է։ Այդ պատճառով էլ նախարարությունը կմշակի համապատասխան ծրագիր, որը պետք է հնարավորինս մոտ մնա «Արմենտելի» մշակած ծրագրին։

Տեղեկացնելով լիցենզիայի վերոնշյալՙ առավել էական փոփոխությունների մասին, Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ դրանց հունիսի 30-ից ուժի մեջ մտնելը պայմանավորված է միջազգային արբիտրաժի նկատմամբ հարգանքից։ Նախարարի հավաստմամբ, կառավարության համար արբիտրաժի որոշումը կունենա կողմնորոշիչ, այլ ոչ պարտադիր բնույթ։ Այսինքն, եթե արբիտրը 90-օրյա ժամկետը լրանալուց հետո որոշի, որ հայկական կողմը որոշ հարցերում խիստ է վարվել, ապա կառավարությունը դա հաշվի կառնի, բայց չի «արտագրի նրա որոշումը»։ Ինչ վերաբերում է OTE¬ի հայցին ընդդեմ ՀՀ կառավարության եւ կառավարության հակընդդեմ հայցին, ապա այս դեպքում դատարանի որոշումը կլինի պարտադիր։ Հունական ընկերության հայցի պարագայում խոսքը 300 մլն դոլար փոխհատուցման մասին է։ Տրված հարցին պատասխանելով, Դավիթ Հարությունյանը այս դատական վեճում հայկական կողմի հնարավորությունները գնահատեց շատ բարձր։

«Ազգի» հարցին, թե անկախ արբիտրաժի որոշումից, կարելի՞ է համոզված լինել, որ կառավարությունը կվերացնի բջջային կապի ու տվյալների փոխանակման ոլորտներում ունեցած մենաշնորհները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ «հունիսի 30-ից հետոՙ այո»։

«Արմենտելի» կողմից խոսակցությունների ձայնագրման հարցի առնչությամբ արդարադատության նախարարը նշեց, որ դա հնարավոր էր միայն էլեկտրոնային հեռախոսների առկայության դեպքում։ Այժմ այդ ձայնագրությունները դադարեցվել են։ Եվ ընդհանրապես, ըստ լիցենզիայի, փոփոխություններով «Արմենտելը» պարտավորվում է ապահովել հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը եւ առանց դատարանի որոշման չպետք է միջամտի, հրապարակի կամ գաղտնալսի այդ խոսակցությունները։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4