«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2004-03-11 | #43, 2004-03-12 | #44, 2004-03-13


ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱՏԱՐԿՎԵԼ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԻՃԸ

Երեւանյան լճի մոտով անցնողները նկատած կլինեն, որ մի քանի օր լիճը դատարկվել է։ Իսկ թե ի՞նչ նպատակով է արվել եւ ո՞ւմ կողմից, փորձեցի պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Լավրենտի Սարգսյանից։ Նա նշեց, որ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը, տաք քամիներն անհանգստացրել են իրեն եւ, համաձայն լճի շահագործման անձնագրի, լիճը դատարկվել է հետագա հեղեղումներից ու վտանգներից խուսափելու համար։ «Ըստ հիդրոմետ ծառայության, հեղեղումները սկսվում են մարտին ու ավարտվում հուլիսին, նշեց պրն Սարգսյանը եւ ավելացրեց, որ այս չափի հեղեղումներն անկանխատեսելի էին, որոնց միացան նաեւ Ծաղկաձորի եւ Աղվերանի հորդառատ անձրեւաջրերըՙ լցվելով Հրազդան գետ, որն էլ լցվում է Երեւանյան լիճ։ Այժմ լիճ մտնող հոսքը փակվել է, ու ջրերը կուտակվում են լճի ընդերքում։ Հեղեղումների ընթացքում ջրի հետ եկած բազմաբնույթ աղբըՙ ծառեր, մետաղի կտորներ, տիղմ, ցեխ, հող եւ այլն, պետք է մաքրել լիճ մտնող շլյուզները, որպեսզի չխափանեն նրանց աշխատանքը։ Հենց այդ պատճառով էլ լճի մակարդակը իջեցվել էր», բացատրեց պրն Սարգսյանը։

Երեւանյան լճի հայելին 980 հազար քմ է, իսկ ջրի տարողությունըՙ 4,8 մլն խմ, խորությունը մոտավորապեսՙ 20 մ։ Այսօրվա դրությամբ Երեւանյան լիճը վերստին լցված է ու բերվել է թույլատրելի մակարդակի, միջոցներ են ձեռնարկվում առաջիկա հեղեղումների վտանգից խուսափելու համար, ասաց պրն Սարգսյանը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4