Վանաձորի «Պրոմեթեւս քիմպրոմ» ՓԲԸ-ն արդեն երկար ժամանակ չի աշխատում։ Երեկ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին խնդրեցի պարզաբանել պտտվող լուրերը նոր բաժնետերերի մասին. «Այսօր արդեն երկու լուրջ կառույցներ Սլովակիայից եւ Ռուսաստանից հետաքրքրված են գնելու քիմիական համալիրը։ Նրանք մարտի 4-8-ը մեզ մոտ էին ու աշխատում էին։ Բավականաչափ տրամադրված էին գնելու որոշակի բաժնեմաս եւ մեկ ամսից իրենց բոլոր առաջարկությունները պետք է ներկայացնեն։ Քիմկոմբինատի սեփականատիրոջՙ Սենիկ Գեւորգյանի հետ նրանք Մոսկվայում հանդիպել են։ Ես երկու կողմի հետ էլ խոսել եմ, եւ երկու կողմն էլ հույս ունի, որ շատ շուտով այս գործարքը կկատարվի»։ Պրն Քոչինյանը խուսափեց ասել, թե վերահսկիչ փաթեթն ումը կլինի, բայց նշեց, որ «Սենիկ Գեւորգյանը 20 միլիոն դոլարից ավելի ներդրում է արել, որ գումարները չեն կորել, այլ որպես անշարժ գույք համալիրում են, եւ եթե նա այսօր իր ունեցվածքի մի մասը վաճառի, բնականաբար, վերանորոգումների վրա ծախսած ներդրումները նա այդ մասով հետ կստանա։ Իսկ հետագայում լուրջ արտադրություններ ծավալելով ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ եվրոպական շուկայում լուրջ մրցակցություն կլինի», ավելացրեց պրն Քոչինյանը։
Մ. Մ.