Զավեն Ռամազյանի մայրը պնդում է, որ 24-ամյա որդին ողջ է եւ պահվում է Բաքվում
Երեկ առավոտյան խմբագրություն էր եկել Վանաձորի բնակիչ Արաքսի Ավետիսյանը, որի որդինՙ Զավեն Ռամազյանը, արդեն տասը տարի պահվում է ադրբեջանական գերության մեջ։ 1994 թ. փետրվարի 1-ին երկու անհայտ անձանց կողմից առեւանգված, ապա Ադրբեջան տեղափոխված 15-ամյա Զավենի մասին բազում հրապարակումներ են եղել հայկական մամուլում, այդ թվումՙ «Ազգում»։
Անցնող տասը տարիներին տկն Արաքսին որդուն գերությունից փրկելու հույսով բազմիցս դիմել է Հայաստանի առաջին եւ գործող նախագահներին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, Կարմիր խաչին, փրկագին տալու նպատակով վաճառել է բնակարանը, բայցՙ անօգուտ։ Գերության մեջ գտնվող, արդեն 25-ամյա Զավենի մայրն ասում է, որ տան վաճառքից ստացված գումարը բաժանել է իրավապահներին եւ այսօր բնակվում է «դոմիկում»։
«Որդիս վերջին անգամ զանգահարել է 2003 թ. հունիսի 3-ինՙ իր ծննդյան օրը։ Մինչ այդ, մայիսի 8-ին Վանաձոր եկավ Վրաստանի Խաշուրի քաղաքի բնակիչ Մուրտուզ Չիտաշվիլին եւ ասաց, որ Զավենն աշխատում է Բաքու քաղաքի նավթահանքերից մեկում։ Մուրտուզը նավթի վաճառքով զբաղվող առեւտրական է եւ հաճախ է լինում Բաքվում», ասաց տկն Արաքսին։
Գերության մեջ գտնվող Զավենի մայրն ասաց, որ տասը տարիների ընթացքում որդին մի քանի անգամ զանգահարել է եւ խնդրել իրեն ազատել։ Տկն Արաքսին վստահեցրեց, որ որդին պահվում է ադրբեջանցի ոստիկան Ռամիզ Հուսեյնովի տանը. վերջինիս եղբայրը գերության մեջ է եղել Ղարաբաղում։
Դեռ 1996 թ. Հուսեյնովն Արաքսի Ավետիսյանին զանգահարում եւ հանդիպման է հրավիրում Մառնեուլ քաղաք։ Տկն Արաքսին «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի խորհրդով Մառնեուլ է մեկնում ՀՀ ՆԳՆ եւ ԱԱՆ աշխատակիցների հետ։ «Հուսեյնովը եկել էր կնոջ, եղբոր, աղջկա հետ։ Նա ինձանից պահանջեց, որ Զավենին փոխանակենք Ղարաբաղում գերի ընկած իր եղբոր հետ։ Այդ պայմանի մասին նա ինձ տեղյակ էր պահել հեռախոսազրույցի ժամանակ։ Ես կարողացել էի տեղեկություններ ստանալ, որ Հուսեյնովի եղբայրը սպանվել էր պատերազմի ընթացքում։ Այդ մասին նրան տեղեկացրի եւ հանձնեցի նրա եղբոր նկարը, որ կարողացել էին ձեռք բերել», ասաց տկն Արաքսին։
Ապա այն, ինչ մեզ պատմեց տկն Արաքսին, մի մութ պատմություն էր։ Ըստ նրա, Հուսեյնովի հետ զրույցի ընթացքում լսվում են կրակոցներ, ՀՀ ՆԳՆ եւ ԱԱՆ աշխատակիցները եւ Մառնեուլում նրանց միացած վրացի իրավապահ ծառայությունների աշխատակիցները շրջապատում եւ ձերբակալում են ադրբեջանցի Հուսեյնովին, նրա մերձավորներին եւ տկն Արաքսիի հետ տեղափոխում Թբիլիսի։ Մի քանի օր անց բոլոր «ձերբակալվածներն» ազատ են արձակվում, սակայն Զավեն Ռամազյանը գերությունից չի ազատվում։
Արաքսի Ավետիսյանը հավաստիացնում է, թե որդին մինչեւ այսօր էլ պահվում է Բաքվում, ադրբեջանցի ոստիկան Ռամիզ Հուսեյնովը շարունակում է փրկագին պահանջել, բայց ինքը չունի գումարՙ որդուն գերությունից ազատելու համար։
Տկն Արաքսին այլեւս չգիտի, թե ո՞ւմ պետք է դիմել, ո՞վ կարող է օգնել եւ որդուն վերադարձնել։ Մի խոսքով, սա մի տխուր պատմություն է, որ չունի հասցեատեր։
Թ. Հ.