Դրանք բխում են միջազգային ուժերի շահերից
Մարտի 12-ին Սիրիայի հյուսիսումՙ Թուրքիային սահմանամերձ Ղամիշլի քաղաքում ծայր առած քուրդ-արաբական բախումները երկրի քրդաբնակ հյուսիսարեւելյան շրջաններից տարածվեցին Հալեպի շրջան, ապա եւ Դամասկոսի քրդաբնակ թաղամասեր։ Այս բախումներին անկարգություններով արձագանքեցին նաեւ Իրանի քրդերը։ Այսպիսով, Սիրիայի հետ քրդական բախումների մեջ ներքաշվեց նաեւ Իրանը։
Ինչո՞վ է դա պայմանավորված։ Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ բախումներին նախորդել էին Դամասկոսում ամերիկացի դիվանագետի ձերբակալությունը, Իրաքի ժամանակավոր սահմանադրության ընդունումը, ինչպես նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքը վերակառուցելու պաշտոնական Վաշինգտոնի պատրաստակամությունը։
Ամերիկացի դիվանագետի ձերբակալության պատճառով ԱՄՆ-Սիրիա հարաբերությունների լարվածությունը ծայրաստիճան սրվեց։ Իրաքի ժամանակավոր սահմանադրությունը դաշնային հիմունքներով երկիրը բաժանում է երեք մասի։ Ավելինՙ Հյուսիսային Իրաքի քրդաբնակ շրջանները դաշնության սուբյեկտ են դառնում։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի վերակառուցմանը, ապա դա առաջին հերթին վերաբերում է Սիրիային ու Իրանին։
Հաշվի առնելով Իրաքում քրդերին Վաշինգտոնի հատկացրած դերն ու իրաքյան սցենարը Սիրիայում խաղարկելու վերջինի պատրաստակամությունը, դժվար չէ կռահել, թե ինչու քրդերը Սիրիայում եւ Իրանում միաժամանակ են ակտիվացել։ Ակտիվացման առումով հատկանշական է նաեւ Ղամիշլիի մարզադաշտում արաբների ներկայությամբ Հաֆեզ Ասադի նկարների եւ Սիրիայի դրոշի այրումն ու «Բուշ, պատրաստ ենք քեզ համար մեր կյանքը զոհաբերել» գրությամբ պաստառի բարձրացումը։
Քրդերի սադրիչ արարքներին արաբները պատասխանում են Սադդամ Հուսեյնի վահանակը բարձրացնելով, մարզադաշտը վերածվում է մարտադաշտի։ Բախումներին Սիրիայի անվտանգության ուժերի միջամտության հետեւանքով Ղամիշլիի շրջանում սպանվում է 14 քուրդ։ Միջամտությունը, սակայն, ընդամենը շիկացնում է մթնոլորտը։ Քրդերը, թուրքական «Զաման» թերթի վկայությամբ, Հալեպի գյուղաքաղաքներից արաբաբնակ Այն ալ Արաբը դժոխքի են վերածում եւ սպանում են քաղաքապետի որդուն, իսկ Դամասկոսում ջարդուփշուր են անում իշխանության խորհրդանիշերը։ Ի պատասխան դրան արաբները կողոպտում են քրդաբնակ Հասակե գյուղաքաղաքը։
Մինչ քուրդ-արաբ բախումները ծավալվում էին, որոնց ընթացքում քրդերը նոր զոհեր էին տալիս, իսկ արաբները խուճապահար փախչում քրդաբնակ շրջաններից, պաշտոնական Վաշինգտոնը դիմում է Դամասկոսին եւ պահանջում սիրիական զորքերի դուրսբերումը երկրի քրդաբնակ հյուսիսարեւելյան շրջաններից։ Այդ ընթացքում ԱՄՆ պետքարտուղարությունըՙ ի դեմս Ռիչարդ Արմիթաջի, Սիրիային նախազգուշացնում է անհապաղ դադարեցնել իսլամական ահաբեկչական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցությունը։
Քրդաբնակ շրջաններից սիրիական զորքերի դուրսբերման պահանջն արտացոլվում է միջէթնիկ բախումներով Սիրիային ապակայունացնելու, եւ ապակայունացումը երկրի ներքաղաքական կյանքի մշտական գործոն դարձնելու Վաշինգտոնի շահագրգռություններով։ Ինչ վերաբերում է ահաբեկչական կազմակերպությունների վերաբերյալ նախազգուշացմանը, ապա պետքարտուղարությունը դրանով փորձում է սիրիական իշխանություններին զրկել քուրդ-արաբական բախումներին միջամտելու հնարավորությունից, որպեսզի դրանք ծավալվեն։
Ուրեմն ԱՄՆ-ի խնդիրը քրդերը չեն, այլ նրանց օգտագործելու միջոցով իրաքյան սցենարի խաղարկումը Սիրիայում։ Այդ առումով պատահական չէ, որ շրջանառության մեջ է դրվել Սիրիայի մասնատման հարցը։ Ավելինՙ դա սկսել է արծարծվել միջազգային շրջանակներում։ Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ Սիրիան ապակայունացնել հենց քրդերի միջոցով։ Դրա գլխավոր պատճառն այդ միջոցի արդյունավետությունն է։ Այն առումով, որ Հյուսիսային Իրաքի քրդաբնակ շրջանները սահմանակից են ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Սիրիայի, ե՛ւ Իրանի քրդաբնակ շրջաններին։ Սիրիայի քրդերի նկատմամբ Իրաքի քուրդ առաջնորդներից Քրդստանի հայրենասերների միության նախագահ Ջալալ Թալաբանիի հարաճուն հետաքրքրությունները, կարծում ենք, այդ միջոցն ավելի քան արդյունավետ է դարձնում։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Սիրիայում ծայր առած քուրդ-արաբական բախումները նախապես կազմակերպված էին։ Դրանց հրահրումը թերեւս պայմանավորված է տարածաշրջանային երկրների «վերակառուցման» ռազմավարությունը վերանայելով, որի անհրաժեշտության առջեւ հակաիրաքյան պատերազմի ավարտին ակնհայտորեն կանգնել է Վաշինգտոնը։ Այլ կերպՙ պատերազմը, առավել եւս այն դժվարությունները, որոնց Իրաքում բախվեց ԱՄՆ-ը, նրան զրկել են տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու հնարավորությունից։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ամերիկյան ծրագրերին չծառայող երկրների «վերակառուցման», առավել եւս վարչակարգերի տապալման համար նախընտրում է ոչ թե պատերազմ սանձազերծել, ինչպես սանձազերծեց Իրաքի դեմ, այլ միջէթնիկ բախումներ հրահրել եւ այդ բախումներով ապակայունացնել նրանց։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ