Եվրոպահայերի համագումար կազմակերպությունը, որին անդամակցում են Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը, Ռումինիայի հայկական համայնքը, Հունաստանի «Հայաստան» սոցիալ-մշակութային կենտրոնը, Ֆրանսիայի «Ազատ» կազմակերպությունը, Կաունասի հայկական միությունը, Կիպրոսի «Ազատ ձայն» ամսաթերթը եւ Բելգիայի «Հայկական ժողովրդավարներ» համագումար կազմակերպությունները, Հայաստանի իշխանություններին կոչ են անում ձեռնարկել իրավական ու դիվանագիտական բոլոր անհրաժեշտ միջոցներըՙ ապագայում կանխելու Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող դեսպաններիՙ հայ ժողովրդի հասցեին վիրավորական հայտարարությունները։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթը հունվարի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսում նշել էր, որ չնայած բրիտանական կառավարությունը դատապարտում է 1915 թ. կոտորածները, սակայն հավելել էր, որ 1915 թ. դեպքերը չեն կարող դիտվել որպես ցեղասպանություն։
Վերոնշյալ կազմակերպություններն ակնկալում են, որ բրիտանացի դեսպանը հրապարակավ ներողություն խնդրի եւ պաշտոնապես հետ վերցնի իր խոսքերը։ Եվ եթե նա հրաժարվի դրանից, ապա դեսպանը պետք է հայտարարվի անցանկալի անձ Հայաստանում։ Եվրոպահայերի համագումար կազմակերպությունը նշում է, որ արդեն աշխարհի 1,5 տասնյակ պետություններ եւ խորհրդարաններ, ինչպես նաեւ միջազգային կարեւոր կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման եւ պաշտպանության ենթահանձնախումբը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, պաշտոնապես 1915 թ. կոտորածները որակել են ցեղասպանություն։
Եվրոպահայերի կազմակերպությունը հիշեցնում է, որ սա երկրորդ դեպքն է, երբ Հայաստանում մեկ այլ երկրի դեսպանը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը։ 2002 թ. Հայաստանում եւ Վրաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենը կրկին Երեւանում 1915 թ. Հայոց ցեղասպանությունը որակել էր լոկ որպես ողբերգությունՙ անթույլատրելի համարելով զուգահեռներ անցկացնել 1915 թ. դեպքերի եւ հրեական Հոլոքոսթի միջեւ։