«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2004-03-17 | #47, 2004-03-18 | #48, 2004-03-19


ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ

Ժողովրդին փողոց հանելու եւ ժողովրդական ճնշման տակ իշխանափոխություն իրականացնելու ընդդիմության հայտարարությանը խորհրդարանական ոչ ընդդիմադիրները ավանդական ճեպազրույցներում համանման վերաբերմունք արտահայտեցին։ Ժողպատգամավորները, կողմնակից լինելով քաղաքական հավասարակշռության, ավելի կարեւորում են վստահության քվեի վերականգնումը, քանի որ ժողովուրդն այսօր հավասարապես դժգոհ է ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից։

Հանրապետականներն արյունահեղ բախումները հնարավոր են համարում տարածաշրջանի բոլոր երկրներում, բայց ոչ մեզ մոտ, քանի որ մեր ազգին համարում են ոչ թե հեղափոխական, այլՙ մշակութային։

Դաշնակցականներն էլ Հայաստանում իշխանության ու ընդդիմության բախումներն անիրական են համարում եւ ամեն դեպքում կուսակցության տեղը տեսնում են հավասարակշռություն պահպանող ուժի կողքին։ Բացի դա, Հրայր Կարապետյանն ընդգծեց, որ դաշնակցականները թե՛ ընդդիմադիր եղած ժամանակ եւ թե՛ այժմ որպես կոալիցիայի անդամ թույլ չեն տվել եւ թույլ չեն տա, որ ներքին քաղաքական զարգացումները վերաճեն արյունահեղության։

Օրինացերկրականները գտնում են, որ Հայաստանում կան գործող քաղաքական մեթոդներ, որոնք այսօր կարող են բացառել որեւէ կարգի ներքին բախում, բացի այդ, աշխարհը, բացառությամբ մի քանի երկրների, վաղուց արդեն հրաժարվել է իշխանափոխությամբ երկրի ներքին խնդիրները լուծելու ճանապարհից։ Սա ըստ Մհեր Շահգելդյանի։ Իսկ Սամվել Բալասանյանը ողջ անհանգստությունը համարեց անտեղի, քանի որ իրավիճակը, ըստ նրա, նման է ձուկը ծովում բազար անելուն։

Ճեպազրույցներին ներկայացած քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներն էլ գտնում են, որ Բուդապեշտում հայ սպայի սպանությանը Հայաստանի իշխանությունները համապատասխան վերաբերմունք են ցուցաբերում եւ ավելին, քան արվում է, անհրաժեշտ չէ, քանի որ ադրբեջանական կողմն էլ հասկանում է, որ մարդասպանին հերոսացնելը կվնասի իր երկրի արտաքին քաղաքականությանը եւ մեծ հարցականի տակ կդնի եվրոպական կանոններով քաղաքականություն վարելու Ադրբեջանի կարողությունը։

Ծխախոտի օրենքը միահամուռ համարվեց ազգի առողջությանը մեծապես նպաստող օրինագիծ, որում, սակայն, ըստ Հրայր Կարապետյանի (ի դեպ, կողմ է քվեարկել), կան շտկումներ պահանջող կետեր։ Օրինակ, գովազդի առնչությամբ պրն Կարապետյանը սխալ համարեց ծխախոտի գովազդի ընդհանրապես արգելումը, քանի որ տեղական արտադրողն այդ դեպքում հայտնվում է անհավասար իրավիճակում։

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4