Վաղը Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կմեկնարկի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Առաջնության պարգեւները վիճարկող 123 շախմատիստների թվում կլինեն նաեւ Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ Լիլիթը Եվրոպայի փոխչեմպիոնուհին է։ Առաջնության մասնակիցների ցանկում Էլինա Դանիելյանը 2428 անհատական գործակցով 15-րդ տեղում է։ Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը (2395)։ Մասնակիցներից ամենաբարձր անհատական գործակիցն ունեն ռուսաստանցիներ Սվետլանա Մատվեեւան ու Ալիսա Գալյամովան (2502)։ Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Պիա Կրամլինգը (Շվեդիա, 2488), բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան (2478), ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը (2469), ուկրաինուհի Նատալյա Ցուկովան (2462), վրաց շախմատիստուհի Նանա Ձագնիձեն (2457), ռուսաստանցիներ Եկատերինա Կովալեւսկայան (2451), Տատյանա Կոսինցեւան (2447) եւ լեհ շախմատիստուհի Իվետա Ռաձիեւիչը (2442)։