«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2004-03-18 | #48, 2004-03-19 | #49, 2004-03-20


ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՈՒԶԱԾԸ ԲԱԹՈՒՄԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆ Է ՈՒ ՍԱՐՊԻԻ ՄԱՔՍԱԿԵՏԸ

Սրանցով է հարստություն դիզել Աբաշիձեն

Վրաց-աջարական ճգնաժամը ժամանակավորապես հաղթահարվեց, կողմերը կարողացան խուսափել զինված ընդհարումից։ Վրաստանի նախագահը եւ Աջարիայի ինքնավարության առաջնորդը 3,5-ժամյա բանակցությունների արդյունքում հասան պայմանավորվածության, ըստ որիՙ Թբիլիսին վերացրեց Աջարիայի մի քանի օր շարունակվող տնտեսական սահմանափակումները, իսկ Աբաշիձեն խոստացավ կատարել Թբիլիսիի բոլոր պայմանները. Աջարիայում քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձինք պետք է ազատ արձակվեն, ընդդիմությանը հնարավորություն տրվի ազատորեն նախընտրական քարոզչություն ծավալել, մարտի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ազատ եւ արդար, հարգվեն մարդու իրավունքները, զինաթափվեն Աբաշիձեին աջակցող կամավորական զինված խմբավորումները։

Այլ խնդիր է, թե կողմերը որքանով հավատարիմ կմնան պայմանավորվածություններին եւ որքան ժամանակ դրանք կաշխատեն։ Թբիլիսիում Աջարիայի ներկայացուցիչ Համլետ Ճիպաշվիլին այնքան էլ լավատեսորեն չի տրամադրված։ «Քանի դեռ չի լինի օրենք, որը կկանոնակարգի գործառույթների բաժանումը կենտրոնի եւ ինքնավարության իշխանությունների միջեւ, հարցը չի լուծվի։ Սա է գլխավոր պատճառը, որ կա ճգնաժամ, մնացած հարցերն ածանցյալն են։ Ամեն դեպքում ուժային մեթոդներով որեւէ հարց չի լուծվի», «Ազգի» հետ զրույցում ասաց Չիպաշվիլին։

Վրաց-աջարական հակասությունները նոր երեւույթ չեն, դրանք գալիս են տակավին 1992 թ., երբ Վրաստանում իշխանության եկավ Էդուարդ Շեւարդնաձեն։ Ու թեեւ անցնող 11 տարիներին Աբաշիձեի եւ Շեւարդնաձեի հակասությունները չէին վերածվել ակնհայտ ճգնաժամի, Բաթումի եւ Թբիլիսիի միջեւ միշտ էլ առկա էին տարաձայնություններ։ Սակայն մյուս կողմից Աբաշիձեն եւ Շեւարդնաձեն եկել էին համաձայնության, ըստ որիՙ կողմերը չէին միջամտում միմյանց ներքին գործերին։ Շեւարդնաձեն հաշտվել էր այն մտքի հետ, որ Աջարիայում տեր ու տնօրենն Աբաշիձեն է։ Վերջինս անձամբ տնօրինում էր ֆինանսական այն բոլոր եկամուտները, որ ստանում էր Աջարիան որպես տարանցիկ հանրապետություն։

Քաղաքական վերլուծաբան Գեորգի Խուցիշվիլին կարծում է, որ Աջարիայի խնդիրը գոյություն ունի վաղուց եւ չպետք է կապել միայն Սաակաշվիլի-Աբաշիձե անձնական հարաբերությունների հետ։ «Ճգնաժամի սրման վրա ազդեց նախընտրական վիճակը։ Վրաստանի կենտրոնական իշխանությունները համարում են, որ Աջարիայում ընտրություններն օբյեկտիվ չեն լինի։ Բացի այդ, Աջարիայի կառավարությունը «վարդյա» հեղափոխության հենց սկզբից անբարյացակամորեն էր տրամադրված նոր իշխանությունների նկատմամբ։ Սաակաշվիլու մուտքն Աջարիա արգելելն այնքան կոպիտ էր, որ անգամ նախանշաններ կային, թե կլինի զինված ապստամբություն», «Ազգի» հետ զրույցում ասաց Խուցիշվիլին։

Խուցիշվիլու կարծիքով, Աջարիայի եւ Թբիլիսիի հակամարտությունը չի ավարտվել, խնդիրը շատ խորն է եւ իր մասին դեռ կհիշեցնի։ «Տվյալ փուլում ճգնաժամը հաղթահարվում է, իսկ մարտի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ինչպիսին կլինի իրավիճակը, դժվար է ասել», ասաց նա։

Աջարիայի ճգնաժամի պատճառների մասին դեմ առ դեմ հանդիպումից հետո Սաակաշվիլին եւ Աբաշիձեն չափազանց ժլատ արտահայտվեցին։ Վրաստանի նախագահը լրագրողներին տեղեկացրեց, թե ինքն Աջարիայում տեղի ունեցող գործընթացների մասին չի տիրապետում օբյեկտիվ եւ ամբողջական տեղեկատվության։ «Վրաստանի եւ Աջարիայի միջեւ որեւէ հակամարտություն չկար եւ չէր էլ կարող լինել», ասաց Սաակաշվիլին, ապա հավելեց. «Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը սկսվում է Աջարիայից։ Աջարիան լինելու է ազատ եւ միասնական Վրաստանի կազմում»։

Ասլան Աբաշիձեն եւս խուսափեց անդրադառնալ ճգնաժամի պատճառներին։ «Այս հանդիպումը օրակարգից հանեց շատ հարցեր, որոնք առաջացել էին ապատեղեկատվության եւ որոշակի վակուումի պատճառով», ասաց «Առյուծը» հավելելով, որ Վրաստանի նախագահը մինչեւ այժմ ստացել է ոչ ճիշտ տեղեկատվություն Բաթումի նավահանգստի, թուրք-աջարական սահմանի Սարպիի մաքսակետի մասին։

Աջարիայի հայերի միության ղեկավար Արմեն Գեւորգյանի կարծիքով, Թբիլիսիի եւ Բաթումի հարաբերություններում շատ բան կախված է լինելու մարտի 28-ին կայանալիք ընտրություններից, ինչպես նաեւ նրանից, թե ինչ ձեւով պետք է համատեղ վերահսկողություն իրականացնեն Բաթումի նավահանգստի, Սարպիի մաքսակետի վրա։ «Թբիլիսին ցանկություն ունի վերահսկողության տակ առնել նավահանգիստը, մաքսակետը, բայց թե այդ ամենն ինչպես պետք է իրավական լուծում ստանա, պարզ չէ», ասաց Գեւորգյանը։

Վրաց քաղաքական վերլուծաբաններն այն կարծիքի են, որ Սաակաշվիլին փորձում է ուղղակի վերահսկողության տակ պահել ֆինանսական հոսքերը, որ իրականացվում են Աջարիայում եւ Աջարիայի տարածքով։ Սաակաշվիլին եւ Աբաշիձեն պայմանավորվել էին, որ Թբիլիսին պետք է իր ներկայացուցիչն ունենա Բաթումի նավահանգստում եւ Սարպիի մաքսակետում։

Երեկ, ինչպես հաղորդեց «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, Սաակաշվիլին Սարպիում իր ներկայացուցչի պաշտոնում առաջարկել է 25-ամյա Դավիթ Ախալայային, իսկ Բաթումի նավահանգստումՙ 26-ամյա Վասիլ Սանաձեին։ Պետք է նկատել, որ Աջարիան Վրաստանի կենտրոնական բյուջեի 3 խոշոր հարկատուներից է, ու քանի դեռ Թբիլիսին չի վերահսկում ֆինանսական հոսքերը, բյուջեի կատարման մասին խոսք չի կարող լինել։

Մինչեւ աջարական ճգնաժամը, Սաակաշվիլին եւ նրա կողմնակիցները պարզորոշ խոսում էին Աբաշիձեին տապալելու իրենց մտադրությունների մասին։ Ուշագրավ էր, որ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո Սաակաշվիլին իր մի քանի հազար համակիրների առաջ ելույթում հայտարարեց. «Ես արեցի ամեն ինչ, անցա տանկերի եւ զինված մարդկանց միջով, որպեսզի ձեզ հանդիպեմ եւ հույս տամ։ Մենք հասել ենք նրան, որ ամբողջ Վրաստանն ազատ է։ Կոչ եմ անում ձեզ մասնակցել ընտրություններին, որպեսզի ազատագրենք Վրաստանի վերջին շրջանըՙ մեր Աջարիան»։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի, ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4