ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ «Արդարություն» դաշինքի անդամների հերթական հանդիպումը Կոտայքի մարզի բնակչության հետ էր։ Հրազդանի կայարանամերձ հրապարակում, այդ բուք ու բորանին, առատ տեղացող ձյանը, ժողովուրդը մի քանի ժամ ուրախությամբ ու հուզումով լսում էր դաշինքի անդամներին ու միաձայն պահանջում ներկա իշխանությունների շուտափույթ հեռացումը։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն իր ելույթում նշեց, որ «արդեն մեկ տարի է անցել նախագահական եւ ԱԺ ընտրություններից ու հստակ երեւում է, որ ոչ լեգիտիմ իշխանությունները սպառնալիք են երկրի անվտանգության ու զարգացման համար եւ այսօր արդեն լուրջ մարտահրավերներ են ծառացել Հայաստանի Հանրապետության առջեւ, մինչդեռ կոալիցիոն կառավարությունն ընդամենը լուծում է ինքնապահպանության խնդիրներ, աթոռներն ամուր պահելով են առաջնորդվում...»։ Իսկ իշխանավորներին պե՞տք է թողնել իրենց աթոռներինՙ պրն Բազեյանի հարցին բազմահազար հրազդանցիները ձեռքները վեր բարձրացրին եւ սկսեցին վանկարկել, ո՛չ, ո՛չ, հեռացնել Քոչարյանի հետ մեկտեղ... եւ ինչքան կարող եք շուտ։
ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն էլ նշեց, որ բոլոր հանդիպումների ժամանակ ժողովուրդը պահանջում է օր առաջ ազատվել այս անօրինական իշխանություններից ու հստակ օրն ու ժամն է պահանջում։
«Անցել է մեկ տարի եւ ինչպես Քոչարյանն իր երդումը փշալարերի հետեւում տվեց, այնպես էլ մնաց փշալարերի հետեւում... ու նայում է, թե Պուտինը ինչ է ասում, մի քանի օր հետո կրկնում է, ոնց որ գիտեք ով լինի», ու ամբոխից հնչեցինՙ թութակը, թութակը...
Անիկ Գրիգորյանը, 50 տարեկան, Ջրառատ գյուղից, զայրացած էր, որ ժողովրդին հասցրել են ծայր աստիճան չքավորության ու իր 10 անդամանոց ընտանիքը սոված է օրերով, ոչ ոք չի աշխատում, ոչինչ չունեն, «մի հատ քոչարյանական ոչուփուչ էլած Սամվել կա, ածական անունն էլ Կակոյա, օգնության փողերը կերավ ու ժողովրդին խաբեցՙ մեկ մեշոկ ցորեն տվեց ու հլա դրա համար էլ 1000 դրամ տեղափոխելու հարկ պահանջեց... Սելավն ամեն ինչ քշեց, տարավ, ու նայի թե էս ճամփեքն ինչ եղավ։ Իսկ էս Քոչարյանը հատուկ իրա լիժա քշելու տուռնիկ թողնելու համար Ծաղկաձոր տանող իր համար ճամփա է սարքել, որ ժողովրդի երեսը չտեսնի։ Իսկ որ ասում են, թե Քոչարյանն ընտրվել է, ասողը գլուխը պատին է տվել, էդպես էլ կգրես, եթե ճիշտ գրող ես։ Ես 50 հատ քվեաթերթիկ եմ բռնել ու թերթին տվել... այ էս է մեր օրը կամ էլ 2 ամսվա «Փարոսի» փողն իրեն պիտի տաս, այդ ամբողջ օգնությունն իրենց փորն են լցնում։ Այ հենց իշխանափոխություն լինի, ես եղած-չեղածս կծախեմ ու երկու ցուլ կմորթեմ, որ պրծանք սրանցից ու վերջ»։
Անժելա Հարությունյանն էլ նշեց, որ Չարենցավանի հաստոցաշինական գործարանը փակել են, որպեսզի Սերժ Սարգսյանի եղբայրը սեփականացնի ջրի գնով, ու 2 հազար աշխատողների դուրս են վռնդել։
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ հանդիպումները ցույց են տալիս, որ «ղարաբաղյան կլանի տապալումն ակնհայտ է, եւ դա պետք է իրականացնենք ձեզ հետ միասին, ձեր հավաքական կամքով եւ ձեր դեմ խաղ չկա»։ Բոլոր ելույթ ունեցողները պահանջում էին երկիրն ազատել «օկուպացիոն ռեժիմից» եւ նշում էին, որ «ժողովուրդը տուռնիկ չէ, որ ֆռացնի ու ոչ էլ սառույց, որ լիժա քշի»։
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ շեշտեց, որ եթե իշխանությունները փորձեն ուժային կառույցներով վախեցնել, չի ստացվի, մեր զավակները մեր դեմ չեն կրակի։ Իրենք են հոգեվարքի մեջ ու չգիտեն ինչ անեն, հիմա էլ պաշտոնափոխություն են անում, որ իրենց պաշտպանեն։ Թող լավ իմանան, փորձեց մարգարեանալ պրն Դեմիրճյանը, որ մինչեւ ապրիլի 10¬12-ը Հայաստանը սահմանադրական ճանապարհով կազատագրվի ղարաբաղյան կլանից առանց ցնցումների եւ ավելացրեց, որ ժողովուրդը պահակ չէ թալանչիների ապրուստին... Հանդիպումն ավարտվեց, ու ժողովուրդը ողջույններով ու բացականչություններով մինչեւ մայրուղի ուղեկցեց հյուրերին, պահանջելով արագացնել բոլոր գործողությունները։