Հայկական մամուլում թերեւս առաջին անգամն է, որ հայ միասեռականները հանդես են գալիս պաշտոնապես։ Ստորեւ նույնությամբ հրապարակվող նամակը խմբագրությունն ստացել է «Ֆրանսիայի հայ գեյերի եւ լեզբուհիների ասոցիացիայից», եւ վերաբերում է Մոսկվայի մեր թղթակից Ռուբեն Հայրապետյանի ստորագրությամբ «Ազգում» լույս տեսած «Ընդդեմ երկնագույն վարակի» վերնագրով հոդվածին։ Անշուշտ, միասեռականները, Հայաստանում թե սփյուռքում, պիտի դժգոհ լինեին այդ հոդվածից, որը մատնացույց էր անում Ռուսաստանում միասեռականության եւ ընդհանրապես սեռական շեղվածությունների համար ստեղծված արհեստական պատճառներն ու միջավայրը, որի նպատակը ռուսաստանյան նոր սերնդի այլասերումն է։ Ռ. Հայրապետյանը հենց այդ այլասերման վտանգից է մեզ զգուշացնում, նկատի ունենալով հեռուստատեսությամբ եւ այլ միջոցներով ռուսական միջավայրի ու բարքերի ազդեցությունը հայաստանցիների վրա։ Հետեւաբար մենք ոչ միայն չենք արգելելու նման հոդվածների հրապարակումը, ինչպես ֆրանսահայ միասեռականներն են պահանջում, այլեւ, ընդհակառակը, քաջալերելու ենք, քանզի համոզված ենք դրանց անհրաժեշտությանը։ Ինչ վերաբերում է ստորեւ լույս տեսնող նամակին, կարծում ենք, որ միասեռականներն էլ, ինչպես յուրաքանչյուր մարդկային էակ, որքան էլ որ ի ծնե կամ արհեստականորեն շեղված լինի, իրավունք ունեն կարծիք արտահայտելու։
Փարիզ, Փետրվարի 29, 2004
Հարգելի խմբագիր,
Այս նամակով արտահայտում ենք մեր վիրավորանքը 2004 թ. հունվարի 16-ին «Ազգ»-ում տպագրված «Ընդդեմ երկնագույն վարակի» հոդվածի պարունակության վերաբերյալ։ Մեր խումբը պարզապես վրդովված է պրն Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանություններից։
Մենք ներկայացնում ենք Հայ միասեռականների հասարակական ասոցիացիան, որը միավորում է Ֆրանսիայի հայ տղամարդ եւ կին միասեռականներին, ինչպես նաեւ բիսեքսուալներին ու տրանսգենդերներին։ Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թ. Եվրոպական հայ համայնքներում համասեռականների խնդիրների մասին գիտակցության բարձրացման նպատակով։ Հայ գաղութներում «Ազգ» օրաթերթը Հայաստանի իրականության հաղորդման աղբյուրներից մեկն է։
Վերը նշված հոդվածը ներկայացնում է Ռուսաստանի մամուլից վերցված տեղեկություններ։ Սակայն այդ տեղեկությունները ոչ թե պարզապես (միամտորեն) ներկայացված են, այլ պարունակում են խիստ հոմոֆոբիկ տերմինոլոգիա ու հեղինակի (Ռուբեն Հայրապետյանի) արտահայտած ուղղակի ատելությունը դեպի միասեռականները, փոխանակ տալու օբյեկտիվ գնահատական ու տեղեկությունների վերլուծություն։ Օրինակՙ ներկայացված գիտական «փաստերը» անիմաստ են եւ չունեն որեւէ պատճառաբանություն։ Հեղինակը մեջբերում է ոմն ռուս բժշկի կարծիքը, որի ենթադրությունները հիմնված են ինչ-որ ժամանակակից կլինիկական փորձերի ու հետազոտությունների վրա։ Չարժե նույնիսկ նշել, որ այդ ենթադրությունները անհեթեթ են, քանի որ Աշխարհի առողջապահության կազմակերպությունը (World Health Organisation), որին անդամակցում է նաեւ Հայաստանը, դեռեւս 1991 թ. հեռացրել է միասեռականությունն իր ախտերի ու մտային խանգարումների օրենսգրքից։
Հեղինակը փորձում է տարածել հոմոֆոբիա տարբեր միջոցներով։ Օրինակՙ նա միասեռականությունը վերածում է քաղաքական հարցի եւ ընթերցողին համոզում, որ Ռուսաստանում միասեռականների ի հայտ գալը Արեւմուտքի դավադրություններից մեկն է։ Հեղինակի մտքով չի՞ անցնում արդյոք, որ ներկայումս Ռուսաստանում միասեռականների առավել ազատության պատճառներից մեկն այն է, որ անցյալ տարիներինՙ Սովետական Միության օրոք, նրանց անհեթեթորեն բանտարկում էին։ Նմանապես կարելի է հերքել նրա արգումենտները ՁԻԱՀ-ի վերաբերյալ, որտեղ ընթերցողին առաջարկվում են կարծիքներ, թե միայն միասեռականներն ու ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձինք են վարակվում ՁԻԱՀ-ով։ Տեղյա՞կ է արդյոք հեղինակն այն փաստին, որ համաճարակի առավելագույն տարածված վայրերում ո՛չ թե միասեռ, այլ հակասեռ հարաբերություններն են ներկայացնում հիմնական պատճառը։
Հեղինակը հեգնորեն նշում է, որ բանակում ծառայության ժամանակ միասեռ տղամարդիկ պարտավորվում են թաքցնել իրենց սեռականությունը, քանի որ հաճախակի ենթարկվում են հարձակումների եւ նույնիսկ սպանվում են։ Սա իրականություն է։ Չի՞ գիտակցում հեղինակն արդյոք, որ նման հոդվածները («Ընդդեմ երկնագույն վարակի») ծառայում են որպես կրկնակի ատելության դիսեմինացիա, հրահրելով շարունակական հանցագործություն բանակում եւ այլուր։
Մենք ստանում ենք բազում էլեկտրոնային նամակներ Հայաստանի միասեռականներից, ովքեր հաղորդում են խտրականության անսպառ դեպքերի մասին։ Նրանք դեռ տառապում են ոստիկանության հարուցած շանտաժի ու գումարաշորթության հետեւանքներից եւ անպաշտպան են փողոցներում կատարվող բռնությունների ժամանակ։
Չնայած Հայաստանի կատարած առաջադեմ քայլերին դեմոկրատական հասարակություն ստեղծելու ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր բնակչի կընձեռվեն հավասար մարդու իրավունքներ, մենք գտնում ենք, որ նման հոդվածներն աղավաղում ու նենգափոխում են հասարակական կարծիքը, եւ դա անընդունելի է։ Նմանատիպ հոդվածները միմիայն տարածում են ատելություն, խտրականություն եւ բռնություն։
Մենք հուսով ենք, որ Դուք հաշվի կառնեք մեր քննադատությունները եւ կվերանայեք Ձեր լրագրողի մասնագիտական որակավորումը։ Նաեւ հուսով ենք, որ կընձեռեք անհրաժեշտ միջոցներ ապագայում նման հոդվածների լույս ընծարումն արգելելու։ Այս նամակի օրինակը հղում ենք նաեւ ասոցիացիայի էլ-փոստով բաժանորդագրված անձանց ու կազմակերպություններին, ինչպես նաեւ Հայաստանում գտնվող օտարերկյա ներկայացուցիչներինՙ Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի գրասենյակներում եւ հայկական կառավարությանը։
Հարգանքներովՙ ՄԻՇԱ ՄԵՐՈՒԺԱՆ, ԱԳԼԱ ՖՐԱՆՍ-ի նախագահ