Լիբանանահայ Սեւակ Արծրունին 1994 թ. եկել է Հայաստան եւ իր նման մի քանի խանդավառների հետ իրականացնում է ծավալով փոքր, բայց էությամբ շատ կարեւոր ծրագրեր. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանային շրջանների համայնքների բնակեցում, վերաբնակեցում։
Սեւակ Արծրունին «Երկիր» միության գործադիր տնօրենն է։ Հասարակական այս կազմակերպությունը ստեղծվել է մոտ 1 տարի առաջ եւ ներառում է 5 կազմակերպությունների, որոնց ուղենիշը Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցումն է։ «Պատերազմները կանխվում են սահմանների ամրապնդման միջոցով», ասում է Արծրունին։
Արդեն ապրիլին Հայաստանից 35 խիստ անապահով ընտանիքներ տեղափոխվելու են Լեռնային Ղարաբաղ։ «Երկիր» միության ծրագրերն ուղղված են ինչպես արդեն վերականգնված բնակավայրերի բնակիչների սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրների լուծմանը, այնպես էլ Արցախի հայաթափված եւ դեռ չվերաբնակեցված բնակավայրերի ամբողջական վերականգնմանը։
Մեկ տարվա ընթացքում «Երկիրն» իրականացրել եւ ավարտել է երեք փոքր ծրագիր. ֆրանսահայ Շառլ Ղազերյանի հովանավորությամբ Հադրութի շրջանի Արալեռ գյուղում կառուցվել է դպրոց, ԱՄՆ-ից Պոյաճյանների ընտանիքի հովանավորությամբ Հադրութի Առաքյուլ գյուղում կառուցվել է մանկապարտեզ եւ կահավորվել, ինչպես նաեւ Լոս Անջելեսի մի խումբ հայերի հովանավորությամբ Շահումյանի շրջանի Ծար գյուղում հիմնովին վերակառուցվել եւ կահավորվել է դպրոցի շենքը։
Այսօր «Երկիրը» իրականացնում է եւս 12 փոքր, սակայն սահմանների պահպանության համար խիստ կարեւոր ծրագրեր։ Այս տարվա ընթացքում Հադրութի շրջանի Արալեռ գյուղը կունենա հիվանդանոց, Նորաշենըՙ բնակելի 5 նոր տներ, բուժկետ, Սարալանջըՙ բնակելի 8 տներ, Հայկավանըՙ բուժկետ, նոր դպրոց եւ բնակելի 8 տուն, կվերանորոգվի Ծամծոր գյուղի դպրոցը։ Մարտակերտի Թալիպ գյուղը կունենա մանկապարտեզ, Նոր Շահումյանի շրջանի Քնարավան գյուղըՙ 18 նոր տուն, դպրոց, բուժկետ, Եղեգնուտըՙ մանկապարտեզ...
Կազմակերպությունը, ինչպես նշում է Արծրունին, իր ծրագրերն իրականացնում է աշխարհագրական երկու հիմնական ուղղություններովՙ 1. Հայաստանի հյուսիսարեւելյան եւ հարավային սահմանամերձ շրջաններՙ Տավուշի, Վայքի եւ Սյունիքի մարզեր, Գեղարքունիքի մարզի արեւելյան հատված, 2. ԼՂՀ Հադրութի, Մարտունու, Մարտակերտի եւ Նոր Շահումյանի շրջանների սահմանային բնակավայրեր։ Արծրունու ասելով, 2004 թ. համար սփյուռքահայ տարբեր կազմակերպություններ, անհատներ արդեն իսկ ավելի քան 400 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ նոր ծրագրերի ֆինանսավորման գրավոր համաձայնություններ են տվել։
«Երկիրն» իր առջեւ դրված հիմնական խնդիրներից կարեւորագույնն է համարում հայրենադարձությանն աջակցելը։ Կազմակերպությունն սկսել է ներկայումս Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում բնակվող ու Հայաստան եւ ԼՂՀ վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների հաշվառումը։ Վերաբնակեցվող գյուղեր վերադառնալու առաջնահերթ իրավունքը պատկանում է նախկինում այնտեղ բնակված ընտանիքներին, որոնցից շատերը տանելի պայմանների դեպքում պատրաստ են վերադառնալու հարազատ օջախները։
Թ. Հ.