Երեկ կայացած 4 հանդիպումներում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցները։ Ամենասուր եւ լարված մրցապայքարը ծավալվեց «Արարատի» եւ «Դինամո-Զենիթի» մրցավեճում։ Առաջին հանդիպումն ավարտվել էր արարատցիների նվազագույն առավելությամբ (1¬0), ուստի պատասխան խաղում «Դինամո-Զենիթը» հենց սկզբից դիմեց վճռական գործողությունների։ Սակայն ընդհանուր առմամբ խաղն ընթացավ արարատցիների առավելությամբ, որոնք առնվազն մի քանի անգամ պարտավոր էին գրավել մրցակցի դարպասը, բայց նպաստավոր պահերը չօգտագործեցին Վահե Թադեւոսյանը, Մհեր Ավանեսյանը եւ Արթուր Պետրոսյանը, որի հարվածը հետ մղվեց դարպասի ձողից։ Իսկ ահա, «Դինամո-Զենիթն» ավելի հաջողակ գտնվեց եւ 84-րդ րոպեին Նվեր Խաչատրյանի հեռահար հարվածով խփած գոլի շնորհիվ վերականգնեց երկու խաղերի ընդհանուր արդյունքը (1-1)։
Հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով։ Այստեղ իրեն գերազանց դրսեւորեց «Արարատի» դարպասապահ Նենատ Ռադաջան, որը 2 անգամ հետ մղեց մրցակիցների հարվածները, իսկ վերջում դիպուկ հարվածով գրավելով իր գործընկեր Վահան Շմավոնյանի դարպասը, հաղթանակ պարգեւեց արարատցիներին։ Քառորդ եզրափակիչում «Արարատը» կմրցի «Շիրակի» հետ, որը պատասխան խաղում էլ հաղթեց «Լոկոմոտիվին» (3¬0)։ Գոլերը խփեցին Տիգրան Դավթյանը, Վահագն Մանուկյանը եւ Վահան Մառանջյանը։
Քառորդ եզրափակիչի մյուս զույգը կկազմեն «Բանանցն» ու «Կոտայքը»։ «Բանանցը» «Վաղարշապատի» հետ պատասխան խաղն ավարտեց ոչ-ոքիՙ 1¬1 (առաջին խաղում «Բանանցը» հաղթել էր 2¬0 հաշվով)։ Երկու գոլերն էլ խփվեցին 11 մ հարվածներով։ Աչքի ընկան Արարատ Հարությունյանն ու Էդվին Գյադայանը։ «Կոտայքն» էլ 2-1 հաշվով հաղթեց «Միկա-2»-ին։ «Կոտայքից» գոլերը խփեցին Գոռ Միրզախանյանն ու Վահագն Մինասյանը, պատասխան գոլի հեղինակը Սերգեյ Դալլաքյանն էր։ Քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան մարտի 22-ին եւ 23-ին։