«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2004-03-20 | #50, 2004-03-23 | #51, 2004-03-24


ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է

Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցը «Ազգ»-ին

- Պրն Աբրահամյան, Ռուսաստանի հայերի միությունն ինչպե՞ս մասնակցեց ՌԴ անցած նախագահական ընտրություններին։

¬ Ռուսաստանի հայերի միությունն ակտիվորեն մասնակցեց նախագահական ընտրություններին։ Դա Դումայի ընտրությունների ժամանակաշրջանում մեր ծավալած արշավի շարունակությունն էր։ Մենք փորձում ենք նորմա դարձնել հայկական համայնքների մասնակցությունը Ռուսաստանի քաղաքական կյանքին։ Այս անգամ մենք նախ անցկացրինք ՌՀՄ ընդլայնված վարչության նիստ, քննարկեցինք նախագահի պաշտոնի թեկնածությունները, որոշեցինք, որ ՌՀՄ-ն ստեղծված իրավիճակում կպաշտպանի գործող նախագահ Պուտինի թեկնածությունը։ Կարելի է բավական հանգամանորեն հիմնավորել այդ դիրքորոշումը։ Բայց եթե կարճ ասենք, ապա մենք ղեկավարվել ենք հայտնի սկզբունքով. լավից լավը չեն փնտրում։ Մեր կազմակերպության ձեւավորման ժամանակամիջոցում մենք մշտապես եւ արդյունավետորեն փոխգործակցել ենք նախագահի վարչակազմի եւ անձամբ նախագահի հետ։ Մեր կառուցողական փոխգործողության բարձրագույն դրսեւորումը դարձան նախագահի ներկայությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարում եւ Ռուսաստանի հայերին նրա հասցեագրած դրվատական խոսքերը։ Եվ ոչ միայն դա։ Տարածաշրջաններում խնդիրներ ծագելիս մենք մշտապես զգացել ենք ՌԴ նախագահի հոգածությունն ու խնամակալությունը։ Համենայն դեպս, նրան եւ իր վարչակազմին հասցեագրված մեր դիմումներից ոչ մեկը չի մնացել անպատասխան եւ առանց գործուն օգնության։ Բացի դրանից, մեր կազմակերպությունը հավանություն է տալիս սոցիալ-տնտեսական ոլորտում եւ ազգամիջյան հարաբերություններում նախագահի վարած քաղաքականությանը։ Ահա թե ինչու մենք որոշեցինք պաշտպանել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի թեկնածությունը։ Այդ որոշումը տարածվեց ՌՀՄ բոլոր տարածաշրջանային բաժանմունքներում։ Մեր մասնաճյուղերը կապեր հաստատեցին գործող նախագահի տարածաշրջանային ընտրական շտաբների հետ։

Միության ղեկավարությունն ուղեւորություններ կատարեց շրջաններՙ ընտրազանգվածի համախմբմանն ուղղված շրջանային կազմակերպությունների աշխատանքն ակտիվացնելու նպատակով։ Վարչության մի քանի անդամների հետ ես շրջագայեցի մի ամբողջ շարք շրջաններում, որտեղ կենտրոնացված են առավել մեծ թվով հայ ընտրողներ։ Մենք եղանք Սանկտ Պետերբուրգում, Մինվոդիում, Կրասնոդարում, Սոչիում եւ մի շարք այլ քաղաքներում։ Այդ ուղեւորությունը ես կատարեցի ոչ միայն որպես ՌՀՄ նախագահ, այլեւ որպես նախագահ Պուտինի վստահյալ անձ։ Բոլոր հանդիպումներին ներկա էին հսկայական թվով հայեր, որոնք ողջունում էին նախագահ Պուտինի թեկնածությունը պաշտպանելու միության ղեկավարության որոշումը։ Ամենուրեք դահլիճները լեփ-լեցուն էին, կազմակերպվում էին համերգներ եւ բազմամարդ միջոցառումներ։ Ամեն տեղ ՌՀՄ ակտիվիստները եռանդագին մասնակցում էին համախմբման աշխատանքին։ Դեռ վաղ է արդյունքներն ամփոփել։ Թերեւս մենք տվյալներ ստանանք քվեարկությանը մասնակցած հայերի թվի մասին։ Համենայն դեպս, ես տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ նման հաշվարկ կատարել, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպիսի արդյունավետությամբ հետագայում կկարողանանք կազմակերպել մեր հայրենակիցների քվեարկությունը։

- Պրն Աբրահամյան, արդեն գրեթե կես տարի է անցել Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծումից ի վեր։ Ինչպե՞ս են գործերն այդ նոր կազմակերպությունում։

- Իմ կարծիքով, գործերը չափազանց հաջող են։ Մեր կազմակերպությունն արդեն գրանցված է ՌԴ արդարադատության նախարարությունում։ Տքնաջան աշխատում ենք։ Ինչպես որոշվեց Կոնգրեսում, ես այսօր զբաղված եմ առաջին հերթին միջազգային ֆինանսաարդյունաբերական կառույցի ստեղծմամբ, որը պետք է դառնա մեր միջազգային հայկական կազմակերպության շարժիչ ուժը եւ ֆինանսական հիմքը։ Բայց բանն այն է, որ միայն հայկական կապիտալի եւ հայ գործարարների ներգրավման դեպքում հազիվ թե հնարավոր լինի (համենայն դեպս, տվյալ փուլում) ստեղծել իրական կառույց, որը կկարողանար ֆինանսավորել ՀՀԿ-ի նման հավակնոտ կազմակերպության գործունեությունը։ Ուստի այժմ ես ժամանակի մեծ մասն օգտագործում եմ միջազգային ֆինանսաարդյունաբերական կառույց ստեղծելու համար։ Այդ նպատակով ես մեկնել եմ Արգենտինա եւ հանդիպումներ ունեցել Չիլիի, Ուրուգվայի, Բրազիլիայի գործարար շրջանակների հետ։ Եվրոպայում հանդիպել եմ Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարության հետ։ Մեկնել եմ Հարավային Կորեա։ Այդ բոլոր հանդիպումների եւ համաձայնությունների շնորհիվ ենթադրվում է ստեղծել միջազգային ֆինանսաարդյունաբերական կառույց, որը կմիավորի մի կողմից Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Ուրուգվայի եւ մյուս կողմիցՙ Ֆրանսիայի, Իտալիայի, Հարավային Կորեայի ու Ռուսաստանի խոշորագույն գործարարներին, առավել հայտնի համաշխարհային ընկերությունների ղեկավարներին։ Այդ կազմակերպության կենտրոնակայանը կգործի Մոսկվայում։ Տվյալ նախաձեռնությունը վայելում է Ռուսաստանի ղեկավարության լիակատար աջակցությունը։ Այս կառույցի շրջանակներում կարող են քննարկվել այն ֆինանսաարդյունաբերական նախագծերը եւ հետաքրքրական առաջարկությունները, որոնք հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Կարծում եմ, որ եթե հաջողությամբ ընթանա նման հզոր կազմակերպության ստեղծումը, ապա այն սնուցիչ միջավայր կդառնա ինչպես սփյուռքում, այնպես էլ մեր մայր հայրենիքում հայ գործարարության եւ տնտեսության զարգացման համար։ Ի դեպ, հոկտեմբերին անցկացնելու ենք հատուկ խորհրդաժողով, որը նվիրված կլինի հենց ՀՀԿ գործունեության տնտեսական կողմերին, եւ որտեղ կկոնկրետացվեն զուտ հայկական խնդիրներ այդ վիթխարի միջազգային ֆինանսաարդյունաբերական կառույցի շրջանակներում։

Բացի մեր կազմակերպության գործունեության տնտեսական կողմերից, ամբողջ թափով շարունակվում է մայիսյան խորհրդաժողովի նախապատրաստությունը, որտեղ կքննարկվեն Հայոց ցեղասպանության խնդիրները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այդ խորհրդաժողովի շրջանակներում հրավիրյալ մասնագետներից կկազմվի փորձագետների խումբ, որի գլխավոր խնդիրը կդառնա համահայկական դիրքորոշման մշակումը մի ամբողջ շարք հարցերի առնչությամբ, որոնք կապված են Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից դրա զոհերի նյութական ու բարոյական կորուստների փոխհատուցման եւ տարածքային խնդրի հետ։ Այսինքնՙ մենք կփորձենք համալիր կարգով մշակել համահայկական դիրքորոշում, որը հետո արդեն քաղաքական մակարդակով կհամաձայնեցվի սփյուռքի ու Հայաստանի Հանրապետության միջեւ եւ կարող է թուրքական կողմի հետ շփումների ժամանակ դրվել ինչպես իշխանության պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների համահայկական դիրքորոշման հիմքում։ Ըստ էության դա համապատասխանում է մեր գործընկերների, դաշնակիցների ու բարեկամների պահանջին, որոնք ուզում են իմանալ, թե ինչ են ցանկանում հայերը, ինչ պահանջներ ունեն եւ ինչի են պատրաստ։ Դա կողմնորոշվելու հնարավորություն կտա ինչպես հայերին եւ թուրքերին, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի դաշնակիցներին։ Թերեւս եկող տարվա կեսերին մենք արդեն համահայկական համաձայնեցված դիրքորոշումը ներկայացնենք սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության հայ հասարակայնության դատին։

- Պրն Աբրահամյան, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բավական քննադատաբար եք արտահայտվել Հայաստանի իշխանությունների եւ հայկական ավանդական կուսակցությունների ու կազմակերպությունների հասցեինՙ նրանց մեղադրելով, թե փաստորեն մի կողմ են քաշվել եւ իրենց որեւէ ձեւով չեն դրսեւորում ՀՀԿ հիմնադիր համագումարի անցկացումից հետո։ Ինչո՞վ է պայմանավորված այդ կազմակերպություններին ուղղված Ձեր քննադատությունը։

- Երբ մենք գումարում էինք հիմնադիր համագումարը, ղեկավարվում էինք բոլոր հայերի ջանքերը միավորելու վեհ գաղափարներով։ Միավորումն անհրաժեշտ է համազգային խնդիրների լուծման համար, որոնք այսօր կենսականորեն կարեւոր են մեր ժողովրդիՙ ինչպես սփյուռքում ապրող հայերի, այնպես էլ մեր պատմական հայրենիքում ապրողների համար։ Մենք միամիտ չենք եւ հասկանում ենք, որ այս կամ այն կուսակցությունը, սփյուռքի ավանդական կազմակերպություններն ունեն իրենց կոնկրետ շահերը։ Սակայն մենք հույս ունեինք, որ ազգի կյանքի համար նման օրհասական պահին անձնական եւ խմբային շահերը կարող են մի կողմ դրվել։ Ոչ ոք չէր առաջարկում լուծարել այդ կազմակերպությունները կամ դրանց զրկել իրենց ավանդական վայրերից, գործունեության ոլորտից։ Ենթադրվում էր պարզապես ողջ աշխարհին ցուցադրել, որ հայերը կարող են միավորվել հանուն իրենց կարեւորագույն կենսական խնդիրների լուծման։ Գոնե ձեւականորեն որոշ կազմակերպություններ կարող էին ինչ-որ մասնակցություն ունենալ այդ գործին, քանզի շատ է խոսվել միավորվելու անհրաժեշտության մասին (այդ թվում նույն կուսակցությունների ու կազմակերպությունների կողմից), իսկ հիմա եկել է գործելու ժամանակը։ Բայց, ավաղ, բացառությամբ ավանդական երկու կուսակցությունների (Ռամկավար եւ Հնչակ), որոնք ինչպես համագումարի նախապատրաստման փուլում, այնպես էլ դրանից հետո բավական սերտ կապեր են պահպանում նորաստեղծ կազմակերպության հետ, մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները կողմնակի դիտորդի դիրք են բռնել։ Սա առաջին հերթին վերաբերում է ՀՅԴ-ին, որի հետ մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Դա վերաբերում է ՀԲԸՄ-ին եւ Ամերիկայի հայկական համագումարին։ Ես չեմ բացառում, որ կազմակերպական, ֆինանսական ու տեղեկատվական որոշակի հնարավորություններ ունեցող այդ կուսակցություններն ու կազմակերպություններն իրենք են հավակնում հայկական համընդհանուր միջազգային կազմակերպությունների դերին, թերեւս իրենք են հավակնում գերիշխել հայոց հասարակական եւ քաղաքական կյանքում։ Բայց չէ՞ որ մենք չէինք առարկում, որ այդ կազմակերպություններից որեւէ մեկը ձեռնամուխ լիներ Համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծմանը, զբաղվեր մեր ժողովրդի կենսական խնդիրների շուրջն ամենքի միավորմամբ։ Մենք ՀՀԿ չհիմնեցինք այն պատճառով, որ ինչ-որ մեկն ուզում էր սիգարշավել ճերմակ ձիով եւ էժանագին ժողովրդականություն ձեռք բերել։ Դա ժամանակի պահանջն է, եւ մենք պատրաստ էինք ձեռնարկել նման աշխատանք, եթե վերոհիշյալ կազմակերպություններից որեւէ մեկը նման փորձեր իրականացներ։ Բայց, ավաղ, նրանք իրենք չեն աշխատել այդ ուղղությամբ եւ չեն պատրաստվում մատը մատին խփել, որպեսզի համատեղ ջանքերով առավել արդյունավետ լուծվեն մեր հայրենիքի բազմաթիվ խնդիրները։ Մենք չենք բացառում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք գոհունակությամբ քննադատեն մեր գործողությունները, եթե, Աստված մի արասցե, ինչ-որ տեղ մենք սայթաքենք։ Դա մեզ չի զարմացնում։ Դա պարզապես վշտացնում է մեզ, քանզի համատեղ ջանքերով մենք կկարողանայինք ավելի շատ բանի հասնել։ Բայց մենք մտադիր չենք սպասել, թե երբ ինչ-որ մեկը կսկսի մեզ հետ ակտիվորեն փոխգործակցել։ Մենք հաստատակամորեն ու հետեւողականորեն կիրագործենք մեր կազմակերպության հռչակած նպատակները։ Իսկ հետո կերեւա։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայ ժողովուրդն իր գնահատականը կտա այդ կազմակերպություններից յուրաքանչյուրի գործունեությանը։ Կարող եմ միայն ասել, որ արդեն այժմ ամենքի համար ակնհայտ է դառնում, թե ինչ արժեն ջանքերի միավորման անհրաժեշտությանն առնչվող դատարկ խոսակցությունները, երբ իրականում այդ մասին խոսող մարդիկ ու կազմակերպությունները փաստորեն շարունակում են պառակտման ու միասնության խարխլման իրենց գիծը եւ ժողովրդի ոչ այնքան մեծ ռեսուրսների ու ուժերի փոշեցրումը, ժողովուրդ, որը ծայրահեղորեն կարոտ է իր կենսական խնդիրների լուծմանը։

Հայաստանի պաշտոնական իշխանությունները նույնպես անմասն են մնում նորաստեղծ կազմակերպության ճակատագրին։ Գուցե նրանք զբաղված են «ավելի կարեւոր հարցերի» լուծմամբ։ Էլ ի՞նչ մեկնաբանություններ են հարկավոր նրանց դիրքորոշման վերաբերյալ, եթե պետհեռուստատեսությունը Նոր տարվա նախօրեին հայ ժողովրդի կյանքի 10 առավել կարեւոր իրադարձությունների թվում նույնիսկ չհիշատակեց Մոսկվայում ՀՀԿ ստեղծումը։ Սակայն մեզ ոգեշնչում է այն փաստը, որ աշխարհի բազմաթիվ երկրների գործարար ու հասարակական շրջանակների հսկայական թվով ներկայացուցիչներ եւ քաղաքական կուսակցություններին կամ լոբբիստական կազմակերպություններին չպատկանող մեր շարքային հայրենակիցներ անչափ մեծ հետաքրքրություն են հանդես բերում նորաստեղծ կազմակերպության ճակատագրի հանդեպՙ դրանով իսկ մեծ վստահություն ներշնչելով, որ զբաղվում ենք մեր ժողովրդի համար շատ կարեւոր եւ պիտանի գործով։

- Ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի որոշ շրջանակներում ասում են, թե ձեր կազմակերպությունը բաղկացած է երկու մարդուց, այնպես որ, հարկ չկա միավորվելու։

- Եթե նույնիսկ ենթադրենք, թե այդ զառանցական պնդումը ճիշտ է, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի հսկաներ պետք է լինեն այդ երկու մարդիկ, որոնք թե՛ գրքեր են գրում ու հրատարակում, թե՛ ամբողջ Ռուսաստանում կազմակերպական կառույցներ ստեղծում եւ թե՛ իշխանությունների հետ լուծում Ռուսաստանի հայերի կյանքի հրատապ խնդիրները, թե՛ միջազգային խորհրդաժողովներ կազմակերպում եւ թե՛ հազարավոր ամենատարբեր միջոցառումներ անցկացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Պատկերացնո՞ւմ եք, թե որչափ բան կարող էին անել այդ երկուսը, եթե նրանց միանային գոնե եւս երկու մարդ դաշնակցականներից, Բարեգործականից եւ Ամերիկայի հայկական համագումարից։

- Ինչպե՞ս եք գնահատում տվյալ փուլում Հայաստանում ստեղծված իրադրությունը։

- Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը։ Գիտեմ, որ քաղաքական ոլորտում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առկա է որոշակի լարվածություն։ Հայաստանում անցկացված խորհրդարանական եւ նախագահական վերջին ընտրություններից ի վեր այդ լարվածությունը մերթ թուլանում է, մերթ ուժեղանում։ Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանի իրավիճակին։ Մեզ մոտՙ Ռուսաստանում ապրում են Հայաստանի մոտ կես միլիոն քաղաքացիներ, եւ մեզ համար միեւնույնը չէ, թե ինչպես է զարգանում ներքաղաքական կյանքը մեր մայր հայրենիքում։ Բայց մենք գտնում ենք, որ քանի դեռ իշխանությունները եւ ընդդիմությունը գործում են իրավական դաշտում, որեւէ անհրաժեշտություն չունենք միջամտելու Հայաստանի ներքաղաքական կյանքին։

- Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի լիազորությունների հաստատման նպատակով հանրաքվե կազմակերպելու ընդդիմության պահանջին, որի օգտին հանձնարարականով ժամանակին հանդես էր եկել Հայաստանի Սահմանադրական դատարանը։

- Ինձ համար դժվար է մեկնաբանել այդ հարցը։ Տվյալ դեպքում պահանջվում են Սահմանադրական դատարանի առավել հստակ պարզաբանումներ, թեեւ ակնհայտ է, որ սա ոչ թե իրավաբանական, այլ քաղաքական հարց է։ Կարծում եմ, որ նախագահն ինքը պետք է իր համար պարզի, թե ինքը պե՞տք է արդյոք իր լիազորությունները հաստատի ընտրություններից մեկ տարի անց, որոնցում նա հաղթեց նման մեծ առավելությամբ։ Ինձ թվում է, որ ամեն դեպքում այդ լուծումը պետք է պայմանավորված լինի նրանով, թե հանրաքվեի անցկացումը կամ դրանից հրաժարվելը որքանով կնպաստի հանրապետության քաղաքական կայունության պահպանմանը։ Մենք կհետեւենք իրավիճակին, որպեսզի իշխանություններին եւ ընդդիմությանը թույլ չտանք դուրս գալու իրավական դաշտի սահմաններից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4