«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2004-03-20 | #50, 2004-03-23 | #51, 2004-03-24


ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՙ ԱՅՈ՞, ԹԵ՞ ՈՉ

Պատասխանում են իշխանափոխության վերաբերյալ «Ազգի» երեք հարցերին

- Որքանո՞վ է հնարավոր իշխանափոխությունը։

Արամ Կարապետյան («Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար)- Միշտ հնարավոր է իշխանափոխություն, բայց ներկա պահին մենք մնում ենք մեր կարծիքին, որ դա շատ բարդ կլինի անել։

Վահրամ Բաղդասարյան (ԱԺ պատգամավոր)- Հնարավոր չէ այս պահին, անհրաժեշտություն չեմ տեսնում։ Իշխանափոխությունը դեռ հասունացած չէ։

Վիկտոր Դալլաքյան («Արդարություն» դաշինքի խմբակցության քարտուղար)- Իշխանափոխությունը համաժողովրդական պահանջ է եւ կդառնա իրականություն։ Այսինքնՙ իշխանափոխությունն անխուսափելի է եւ չընտրված նախագահի հեռացումը կանխորոշված է, քանի որ դա ժողովրդի կամքն է։

- Ո՞ւմ եք տեսնում իշխանության ղեկավարի աթոռին։

Ա. Կ.- Կարծում եմ, ընտրություններում մենք կհաղթենքՙ «Նոր ժամանակներ» կուսակցությունը, եւ այդ աթոռին, իհարկե, տեսնում եմ ինձՙ Արամ Կարապետյանիս, եթե մենք հաղթենք։

Վ. Բ.- Ինքնըստինքյան իշխանափոխությունը պետք է բխի իրավիճակից։ Առայժմ ձեւավորված որեւէ անհատականություն չկաՙ իր մեկնաբանություններով։ Իշխանափոխության պատճառները պետք է մեկնաբանվեն, չկան այդ ռեալ պատճառները։ Պարզապես այս պահին իշխանություն գրավելու խնդիր եմ տեսնում, իսկ հիմնավոր պատճառներՙ ելնելով իրավիճակից եւ այն անձը, որ կարող է ժողովրդին առաջնորդել ու մինչեւ վերջ տանել իր հետեւից, առայժմ չկա։

Վ. Դ.- Նոր ընտրությունների պարագայում իշխանության համար 1 աթոռին տեսնում եմ այն անձնավորությանը, ում կընտրի ժողովուրդը եւ լիդերի մասին խոսակցությունները համարում եմ պարզունակ, քանի որ նա ընտրվում է ժողովրդի ընտրությամբ։

- Եթե, այնուամենայնիվ, իշխանափոխություն լինի, ինչպիսի՞ն կլինի եւ ի՞նչ ազդեցություն կունենա մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա։

Ա. Կ.- Եթե իշխանափոխություն լինի եւ նոր եկած ուժերը նորմալ լինեն, կարծում եմ, արտաքին քաղաքականության մեջ բավականաչափ հստակ կսկսվի ռուս-ամերիկյան շահերի համադրումը Հայաստանում եւ միանշանակ չի խանգարի ոչ ժողովրդավար ընտրություններին, որն այժմ քիչ թե շատ խանգարում է այդ ամենին... Իսկ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ, հատկապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված, չեմ տեսնում։ Այսինքնՙ ով էլ գա, եթե նորմալ ուժեր են, ռեսուրսը հերիքելու է, որպեսզի ԼՂՀ-ի հարցում ստատուս քվոն պաշտպանի ու մնացած խնդիրները կարգավորի։ Ներքին քաղաքականության վերաբերյալ, կարծում եմ, շեշտակի փոփոխություններ են լինելու հատկապես քաղաքական, վարչական, պետական համակարգերում։ Պիտի փորձել փոփոխություններ մտցնել տնտեսվարող համակարգումՙ նախարարների խորհուրդ եւ այլն, մասնագիտական սկզբունքների հիման վրա, պայքար կաշառակերության դեմ։ Բոլոր քաղաքականացված ինստիտուտները պիտի դառնան արհեստավարժներ (որոնք վարչական աշխատանքով են զբաղվում), եւ քաղաքական կամք պիտի ունենա նախագահը։ Քաղաքական իշխանությունն անպայման պիտի անջատվի գործադիրից, ազատ մամուլը պիտի գործի եւ ժողովրդավար ընտրություններ պիտի լինեն։ Այսինքնՙ իշխանափոխությունից հետո սպասվում է նաեւ նոր խորհրդարանի եւ նոր կառավարության ձեւավորում։

Վ. Բ.- Նմանատիպ երեւույթները ոչ մի կերպ դրական ազդեցություն չեն կարող ունենալ ոչ ներքին եւ ոչ էլ արտաքին երեւույթների վրա։ Համենայն դեպս, դրանք կարող են բերել կարճաժամկետ կամ որոշ ժամանակավոր ճգնաժամերի, որն էլ արտաքին աշխարհում կփոխի հանրապետության ռեյտինգը։ Իսկ թե ինչպիսին կլինի իշխանափոխությունը, ինձ թվում է, որ մեր ժողովուրդը միշտ խելամիտ է եղել եւ ըմբռնումով կմոտենա, կհասկանա, թե ինչ է կատարվում, որ դա պարզապես ինչ-որ մարդկանց ցանկություն է եւ հետագա բախումներից ու ցնցումներից խուսափելու համար հարկավոր է ավելի խոհեմ լինել։

Վ. Դ.- Իշխանափոխությունը կլինի հայկական տարբերակին համապատասխան, որն ամենաժողովրդավարականն է, եւ միջազգային ու ներքին քաղաքականության բնագավառումՙ լեգիտիմ իշխանությունը կարող է կատարել գործնական եւ հայանպաստ քայլեր։ Արտաքին ու ներքին քաղաքականությունում պետք է լինեն այնպիսի իշխանություններ, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը։ Եվ միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը կարող է լուծել Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրները։ Հայկական տարբերակի իրականացման պարագայում մեր երկրի միջազգային հեղինակությունը կբարձրանա ու կունենա դրական ազդեցություն։ Քանի որ եթե մենք ուշադիր նայենք, եվրոպական բոլոր դիտորդական առաքելությունները արձանագրել են, որ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարության միջազգային չափանիշներին։ Դրանով էլ կասկածի տակ է դրվել մեր իշխանությունների լեգիտիմությունը։ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման մեջ փաստորեն հարցականի տակ է դրվել Քոչարյանի ընտրությունը, եւ առաջարկվել է անցկացնել վստահության հանրաքվե։ Այսինքնՙ կա նախագահական ընտրության հետ կապված լուրջ պրոբլեմ, որն արձանագրել է ՍԴ-ն։ Եվ քանի որ ՍԴ-ի որոշումը չի կատարվել, ապա ժողովուրդը պահանջում է, որ չընտրված նախագահը հրաժարական տա, եւ ընդդիմության առջեւ դնում է արմատական խնդիրներ, որը մենք պարտավոր ենք իրականացնել։

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4