«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2004-03-20 | #50, 2004-03-23 | #51, 2004-03-24


ԳԻՏԱԺՈՂՈՎՙ ՆՎԻՐՎԱԾ ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ

Օրերս ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողովՙ նվիրված ազգագրագետ, էթնոպարագիտության հիմնադիր, գիտությունների վաստակավոր գործիչ Սրբուհի Ստեփանի Լիսիցյանի ծննդյան 110-ամյակին եւ մահվան 25-րդ տարելիցին։

Գիտաժողովը կազմակերպել էին հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենությունը եւ պարարվեստի ու ազգագրության բաժինները։ Մասնակցում էին ակադեմիայի ինստիտուտների, Երեւանի թանգարանների եւ պետական համալսարանի գիտաշխատողներ։ Բացման խոսքում Սրբուհի Լիսիցյանի կյանքի եւ գիտական գործունեության մասին խոսեց հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Սարգիս Հարությունյանը։ Նա մասնավորապես շեշտեց Պարույր Սեւակի խոսքերը, որ Ս. Լիսիցյանը հայ ժողովրդական պարագիտության մեջ արեց այն, ինչ Կոմիտասըՙ երաժշտության մեջ։

Քանի որ գիտաժողովի զեկուցումները հրատարակվել էին առանձին գրքույկով, ներկայացվեցին դրանց հիմնական դրույթները եւ ծավալվեցին փոքրիկ քննարկումներ եւ բանավեճեր։ Զեկուցումներն ընթացան ցուցադրական նյութով, որոնց կենդանի կատարողը «Ակունք» ժողովրդական երգի ու պարի համույթն էր, լսվեցին նաեւ Սրբուհի Լիսիցյանի ֆոնդից 50-ական թթ. արված ձայնագրություններ։ Մարգարիտ Սարգսյանի եւ Զավեն Թագակչյանի զեկուցումները վերաբերում էին արվեստի ինստիտուտի ժողովրդական արվեստի բաժնի ձայնադարանում պահվող Ս. Լիսիցյանի 1100-ի հասնող ֆոնդային ձայնագրություններին, որոնք գեղարվեստական մեծ արժեք ունեն։ Ձայնագրություններն արվել են 1953¬70 թթ., բանասացներն Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների ներկայացուցիչներ են։

Սրբուհի Լիսիցյանի ժառանգորդ Լիլյա Վարդանյանը ներկայացրեց վաստակաշատ գիտնականի բեմադրություններից մեկը, որը Հովհ. Թումանյանի առաջարկով կոչվել է Նազ պար, քանի որ պարն առաջին անգամ կատարել է Ս. Լիսիցյանի քույրըՙ Նազելի Լիսիցյանը։

Պարերի մասին զեկույցները հետաքրքրական տեղեկություններ տվեցին հայ միջնադարյան գրական եւ բանահյուսական հուշարձաններում եղած սգո պարերի մասին։ Արմենուհի Ստեփանյանը ներկայացրեց պարը հայոց տոնածիսական համակարգում։ Էմմա Պետրոսյանը ներկայացրեց հնագույն երկրագործական ծիսակատարությունների հետքերը պարերում, հատկապես գորանի պարատեսակի մեջ։ Կարինե Խուդաբաշյանը խոսեց մի շարք պարերգերի մասին, որոնք նվիրված են Անահիտ դիցուհուն, եւ համեմատեց պարերգերի տեքստը շումերական տեքստերի հետՙ նվիրված Ինանա դիցուհուն։ Հայ հոգեւոր եւ աշխարհիկ ավանդությունում պահպանված երաժշտական գործիքները ներկայացրեցին երաժշտագետներ Հռիփսիմե Պիկիչյանը եւ Լիլիթ Երնջակյանը։ Ժենյա Խաչատրյանի զեկույցը վերաբերում էր Վարդան Մամիկոնյանի ցուցմունքում (բարեկենդանի հինգշաբթի օրվա խաղ-ներկայացումըՙ ի հիշատակ Ավարայրի ճակատամարտի) պարի, ծեսի եւ թատերական գործողությունների փոխկապին։ Աշոտ Փիլիպոսյանի եւ Վահան Հովհաննիսյանի զեկույցը վերաբերում էր Կարմիրվանքի (Նախիջեւան) դամբարանադաշտում հայտնաբերված միջինբրոնզեդարյան գունազարդ կավանոթի տեսարանային հորինվածքին։ Սվետլանա Պողոսյանը բացահայտում էր հայկական տարազի եւ պարի փոխկապը։

Գիտաժողովի ավարտին ներկաները պատմեցին իրենց հուշերը, որոնք բնորոշում էին Ս. Լիսիցյանին որպես մարդու, գիտնականի եւ հասարակական գործչի։ Առաջարկություն եղավ Երեւանի պարարվեստի ուսումնարանը կոչել Ս. Լիսիցյանի անունով։ Նշենք, որ գիտաժողովի զեկուցումների ժողովածուում առաջին անգամ հրատարակվել են Վարդան Մամիկոնյանի մոր ողբը Ավարայրի մեջ եւ «Ծամթելիկ», «Զինչ ու զինչ», «Չեմ կրնա խաղա», «Դե գնա կիգամ» երգերի տարբերակները։

Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4