«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2004-03-20 | #50, 2004-03-23 | #51, 2004-03-24


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

Շաբաթ օրըՙ մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ դեսպանության շենքում կայացավ ռուսաստանյան բուհերի հայ ուսանողների ակտիվի հանդիպումը ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի հետ։ Հանդիպման նախաձեռնությունը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուսանողներինն էր, նպատակըՙ ակտիվ կապերի պահպանումը Ռուսաստանում գործող հայկական պետական, հասարակական կառույցների, հայաստանյան ուսանողության հետ։

Դեսպան Ա. Սմբատյանը ողջունելով այս նախաձեռնությունը նշեց, որ այն ավելի քան ժամանակին եւ տեղին է, քանի որ հայազգի ուսանողների զգալի մեծամասնությունը կարիք ունի հայրենիքի հետ ավելի հաճախ շփումների, ինչն առավել արդյունավետ կարելի է իրականացնել հենց դեսպանության միջոցով։ Նա անդրադարձավ ուսանողության համար առավել հրատապ խնդիրներին նշելով, որ թե դեսպանության աշխատակիցները, թե անձամբ ինքը պատրաստակամ են նրանց ընդառաջելու հարցում։

Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում ուսանողները բազմաթիվ տարաբնույթ հարցեր ուղղեցին դեսպանին։ Նրանց հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր հայերեն լեզվով մասնագիտական գրականություն հայթայթելուց մինչեւ համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքական գործընթացների տիրույթը։ Բոլոր հարցերը սպառիչ եւ անկեղծ պատասխաններ ստացան։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծելու ուսանողության գործունեությունը համակարգող մշտապես գործող մարմին, որը պետք է կապող օղակի դեր կատարի Ռուսաստանում սովորող հայ ուսանողների եւ դեսպանության միջեւ։

Երեկոյի գեղարվեստական մասի զարդն, անշուշտ, դեսպանության մշակութային կենտրոնի «Հայորդիք» համույթի ելույթն էր։ Ուսանողները զարմացած ու հիացած էին, եւ համերգի ավարտին պարզապես օվացիա կազմակերպեցին։ Համերգին մասնակցեցին նաեւ հայտնի ջազային կատարող Ալեքսանդր Զաքարյանը եւ Ուրախների ու հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի անդամները։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4