«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2004-03-20 | #50, 2004-03-23 | #51, 2004-03-24


«ԱՐՄԻՆԿՈՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՏԻ ՏԱԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»

«Արմենտելի» պատճառով ինտերնետ կապի ամենախոշոր պրովայդեր «Արմինկոն» վերջին 1-1,5 տարում մոտ 1 մլն դոլարի վնաս է կրել։ Այդ մասին երեկ հայտարարեց «Արմինկոյի» գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։ Նա նաեւ նշեց, որ իր ղեկավարած ընկերությունը վերջերս խնդրել է «Արմենտելին» կապուղի տրամադրել, բայց անցել է խոստացված 1 ամսից էլ ավելի ժամանակ, իսկ կապուղին չի տրամադրվել։ Անդրանիկ Ալեքսանյանի կարծիքով, «Արմենտելը» դիտավորյալ է այդ քայլերին դիմում, որպեսզի վնասի իր ղեկավարած ընկերությանը եւ նրա բաժանորդներին։

Բացի վերոնշյալից, հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերությունը նամակ է հղել «Արմինկոյին», որտեղ վերջինիս ստեղծած կաբելային ցանցը համարել է ապօրինի, որը ենթակա է քանդման։ «Արմենտելը» ոչինչ չի կառուցում, իսկ ստեղծածն էլ քանդում է», նշեց Անդրանիկ Ալեքսանյանը, ավելացնելով, որ իրենք դիմել են «Արմենտելին», խնդրելով ստեղծել այդ ցանցը, ապա առաջարկել են համատեղ ստեղծել եւ վերջապես այդ ամենը կյանքի չկոչելուց հետո որոշել են իրենք ստեղծել սեփական ցանցը։ «Արմինկոյի» ղեկավարը, պատասխանելով «Ազգի» հարցին, հայտնեց, որ իրենք առաջիկա 1 ամսվա ընթացքում դիմելու են դատարան, իսկ մինչ այժմ դա չեն կատարել, որպեսզի չվնասեն իրենց մատուցած ծառայություններից օգտվողներին, որոնց կապը «Արմենտելը» կարող է կտրել։ Վերջիններիս թիվը ըստ Անդրանիկ Ալեքսանյանի 5 հազար է։ Ընկերությունը դիմել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։

«Արմինկոյի» տնօրենը մտահոգված էր «Արմենտելի» հետ հետագա հարաբերություններով։ Նա այն կարծիքը հայտնեց, որ մենաշնորհի վերացումից հետո էլ պրովայդերները կբախվեն «Արմենտելի» խոչընդոտներին։ Այդուհանդերձ, եթե այս ոլորտում մենաշնորհը վերացվի, ապա «Արմինկոն» կստեղծի սեփական ռադիոմոդեմային ցանցը, եւ «Արմենտելն» այդ դեպքում ինքը կմտահոգվի իր կապուղիները վարձակալության տալու հարցով։ «Արմինկոն» մտադիր է նաեւ սեփական կաբելային ենթակառուցվածքները ծավալել Մեղրիից մինչեւ Վրաստանի սահման եւ այլ ընկերության հետ պայմանագիր կնքել միջազգային ելք ունենալու համար։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4