Ինչպես ընդունված է մեզանում, գործադիր իշխանությունում եւ նրա շուրջ գտնվող մարմիններում դիրքեր ունեցող մարդիկ, որպես յուրօրինակ ակումբի անդամներ, միշտ պահպանում են իրենց անդամատոմսերը։ Նրանք կարող են տեղափոխվել, մեկը մյուսին այս կամ այն դիրքում փոխարինել, սակայն բնավ չեն կորցնում պաշտոն ստանալու իրենց «ակումբային» անձեռնմխելի իրավունքը։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի երեկ կայացրած կադրային փոփոխությունները եւս մեկ անգամ հաստատեցին այս «օրինաչափությունը»։ Ժողովրդի մոտ եւ մամուլում «լավագույն նկարչի» համբավ վայելողՙ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Սահրադյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանն ազատվելով այդ պաշտոնից նշանակվել է վարչապետի խորհրդական եւ տեղը զիջել Անդրանիկ Անդրեասյանին, որը մինչ այդ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարարի տեղակալն էր։ Նույնպես տեղակալի պաշտոն է շնորհվել մեկ ուրիշ ակումբայինիՙ Արման Գալուստի Սահակյանին, երեւի մխիթարելու համար թաղապետի ընտրություններում կրած պարտության դիմաց։ Պաշտոնից զրկվել է արտակարգ իրավիճակների վարչության պետ Հմայակ Հարոյանը, ըստ երեւույթինՙ ժամանակավորապես, քանի որ նա էլ է «ակումբի» անդամ եւ չի կարող գետնին ընկած մնալ։