Քանի լիտր ջրով են լողանում Հայաստանում
Արաբկիր համայնքի 1500 բնակիչներ դիմել են դաշնակցության Երեւանի մարզային կոմիտեին, որպեսզի վերջինս օգնի իրենց շահերը ներկայացնելու դատարանում։ Խոսքը վերաբերում է Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում առ այսօր չպարզաբանված վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներին։ Առայժմ դաշնակցությունը օժանդակել է միայն 100 անձի (ընտանիքի անդամների հետՙ 439 քաղաքացիների)ՙ միասնական հայցադիմում ներկայացնելու Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Դատարանը հասցրել է քննարկել ընդամենը 10 հայցվորի գանգատները (ընտանիքի անդամների հետՙ 39 անձ)։ Իբրեւ վնասի փոխհատուցում պահանջվել են յուրաքանչյուր անձի հաշվարկովՙ 5 լ «Նոյ» ջրի (խմելու եւ կերակուր պատրաստելու համար) եւ 60 լ եռացրած ջրի ծախսերը։ Յուրաքանչյուր անձի հաշվարկով 23 օրվա համար դրանք կազմել են 15 հազար 812 դրամ։
Ինչպես եւ նախորդ դատավարություններում ջրմուղ-կոյուղին դարձյալ սեփական, ոչ մի տրամաբանության չենթարկվող հաշվարկներ է ներկայացրել։ Ըստ այդմ, յուրաքանչյուր անձ 1 օրվա ընթացքում պետք է օգտագործի 2 լ, ճաշի ու ամանների համարՙ 5 լ ջուր, լողանալու համարՙ 10 լ։ Ամենածիծաղելին այն է, որ հենց վերջին թիվը դարձել է սպառողների պաշտպանների եւ ջրմուղի ու դատարանի վիճարկման հիմնական թեման։ Սպառողների փաստաբանը դիմել է առողջապահության նախարարությանը, եւ վերջինս ի պատասխան եվրոպական կենցաղին վայել տվյալներ է ներկայացրելՙ 1 մարդուն ամեն օր անհրաժեշտ է 125-160 լ ջուր, իսկ լոգարանից օգտվելու դեպքումՙ 240 լ։ Սրանց վրա հենված պահանջները զանցառվել են, որովհետեւ, ըստ փաստաբանի «դատարանն արդեն կաշկանդված էր նախկինում կայացրած վճիռներով, երբ արդեն ընդունել է ջրմուղի ներկայացրած հաշվարկներըՙ 17 լ կենցաղում օգտագործելու եւ 10 լ լողանալու համար։ Այս առթիվ որեւէ բողոք չի ներկայացվել դատարանում»։ Ըստ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի, դա համարվում է այլեւս ոչ վիճարկելի իրողություն, եւ մյուս դատավորները եւս ղեկավարվելու են այդ սկզբունքով։ Սակայն նույն փաստաբանի վկայաբերմամբ, քաղօրենսգրքի այս դրույթը հակադրվում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների միջազգային կոնվենցիային։ Բայց նույնիսկ այս հանգամանքը չի հաջողվել աշխատեցնել սպառողների օգտին եւ կրկնվել է նույնը, ինչ նախորդների ժամանակ։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անձի կորուստը հաշվարկվել էր ընդամենը 329 դրամի շրջանակներում։
Ընդ որում, ջրմուղի կարծիքով, մեր քաղաքացիները լողանում են կամ պիտի լողանան 39 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանի ջրով, այսինքն ոչ եռման աստիճանի։ Միայն Պարոնյանի գրչին արժանի դատավարական այս ֆարսերում այլ զարմանալի տվյալներ էլ կան. նախորդ վճիռների տրամաբանությանը հավատարիմ, դատարանը իբրեւ կորստի փոխհատուցում 329,34 դրամից զատ (11 օրվա համար) եւս 15,15 դրամ էլ հանել է սպառված ջրի դիմաց գումարից։ Հենց այս վերջին գումարն էլ դարձել է դաշնակցության մարզային կոմիտեի նվաճումը։
Տուժողներին ներկայացված մյուս անհեթեթ պահանջը օգտագործած «Նոյ» ջրի կտրոնների առկայությունն է։ Բոլորին էլ պարզ է, որ Հայաստանում կտրոնների միջոցով առեւտուրը ամենեւին էլ կենցաղավարության մաս չի դարձել ոչ վաճառողի, ոչ էլ գնորդի կողմից։
Այնուամենայնիվ, դաշնակցության մարզային կոմիտեն իբրեւ կոալիցիոն իշխանության կարեւոր դերակատար, հարկ չի համարում անհեթեթ հանգուցալուծումների դատապարտված խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխելՙ բավարարվելով սոցիալ-կենցաղային քննարկման համեմատաբար անմեղ մակարդակով։ Հոգացել ու հոգում է միայն դատավարության բոլոր ծախսերը։
Դատական հաջորդ ֆարսը, ուր ներկայացված են եւս 10 տուժողներ, կկայանա այսօր, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ