«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ԲԱՔՈՒՆ ՁԱԽՈՂՈՒՄ Է ՊՐԱՀԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕՍԿԱՆՅԱՆ-ԳՈՒԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ալիեւը քննադատում է Մինսկի խմբին, Թուրքիային խորհուրդ տալիս չբացել Հայաստանի հետ սահմանը

Ուզբեկստանից վերադառնալով Բաքուՙ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ համաձայնագիր չի կնքվել, չկան փարիզ-քիվեսթյան սկզբունքներ։ «Ղարաբաղյան կարգավորման որեւէ հարցում ձեռք չի բերվել նույնօրինակ դիրքորոշում։ Անշուշտ, բանակցությունների ընթացքում քննարկվում են զանազան տարբերակներ, բայց որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել, դա հայերի հերթական խայծն է։ Հավանաբար դա պայմանավորված է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակով», ասել է Իլհամ Ալիեւը։

Հեյդար Ալիեւը սովորության համաձայն ղարաբաղյան կարգավորման մանրամասներն իր մերձավոր պաշտոնյաներից, անգամ արտգործնախարարից գաղտնի էր պահում։ Սակայն, «Ազգի» ունեցած տեղեկություններովՙ Ադրբեջանի նախկին նախագահը իր որդուն տեղյակ էր պահում Հայաստանի նախագահի հետ ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ ժնեւյան հանդիպումը ցույց է տվել, որ Ալիեւ կրտսերը բավականաչափ տեղյակ է եղել փարիզ-քիվեսթյան պայմանագրին։

Հիշեցնենք, որ, ըստ այդ պայմանագրի (որին սկզբնական շրջանում Հեյդար Ալիեւը համաձայնել էր, հետագայում սակայն մերժել) Ղարաբաղը միացվում էր Հայաստանին Լաչինի միջանցքով, որի դիմաց Երեւանը համաձայնել էր Ադրբեջանին Արաքս գետի ափով 9 մետր լայնքով ճանապարհ տրամադրել Նախիջեւանին միանալու համար։

Ադրբեջանի նախագահը դարձյալ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունըՙ ղարաբաղյան կարգավորման հարցում դրական դեր ունենալու անկարողության համար։ «Երբ մեզ ասում են, թե Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները պետք է իրենք գան համաձայնության, եւ համանախագահները կաջակցեն նախագահների ընդունած ցանկացած որոշմանՙ դա արդեն միջնորդություն չէ։ 12 տարիների ընթացքում Մինսկի խումբը դրական որեւէ բան չի արել», ասել է Ալիեւը։

Երեկ պաշտոնական Բաքուն փաստորեն ձախողել է մարտի 29-ին Պրահայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մասնակցությամբ։ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Ռեգնում» գործակալությանն ասել է, որ Բաքվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանատները ստացել են Ադրբեջանի իշխանությունների առաջարկըՙ Պրահայում նախատեսված հանդիպումը հետաձգելու վերաբերյալ։ Ռուս դիվանագետը ծանոթ չէ ադրբեջանական կողմիՙ հանդիպումը հետաձգելու առաջարկության գրավոր տեքստին, հետեւաբար դժվարացել է նշել պաշտոնական Բաքվիՙ Գուլիեւ-Օսկանյան հանդիպումը վիժեցնելու շարժառիթները։

Պաշտոնական Երեւանը վերջերս մի քանի անգամ կրկնել էր, որ Պրահայում պետք է պարզվիՙ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները Բաքուն շարունակելո՞ւ է այն կետից, որին հասցրել է հանգուցյալ Ալիեւը, թե՞ զրոյացնելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դատելով Իլհամ Ալիեւի հայտարարություններից, թե չկան փարիզ-քիվեսթյան սկզբունքներ, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքուն, ըստ էության, տապալում է երկու երկրների արտգործնախարարների Չեխիայի մայրաքաղաքում նախապես նախատեսված հանդիպումը, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվում է ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի պատրաստած առաջարկությունից եւ փորձում հարցի կարգավորումը տեղափոխել այլ ձեւաչափՙ Եվրամիություն կամ Եվրախորհուրդ։

Անդրադառնալով Եվրամիության եւ որոշ ազդեցիկ պետություններիՙ Թուրքիայի վրա լուրջ ճնշումներ գործադրելու փաստին, որպեսզի Անկարան բացի Հայաստանի հետ սահմանը, Ալիեւն ասել է. «Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնալու է անհնար։ Եթե շահագրգիռ կողմերը ցանկություն ունեն տեսնելու ղարաբաղյան խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով, պետք է դադարեցնեն Թուրքիայի նկատմամբ ճնշումները»։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, վստահություն է հայտնել, որ Թուրքիան այդ ճնշումներին տեղի չի տա։ «Թուրք-ադրբեջանական եղբայրությունն ամեն ինչից վեր է։ Անկարա այցելության ընթացքում ես հանդիպել եմ Էրդողանին եւ Գյուլին։ Երկուսն էլ հավաստիացրին, որ մինչեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը», ասել է Ալիեւը։

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը «Ռեգնում» գործակալությանն ասել է. «Մենք համոզված ենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն կարող է օժանդակել տարածաշրջանային համագործակցությանը, այլեւ դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան կարգավորման գործընթացում»։ Գասպարյանն ընդգծել է, որ Թուրքիան իրապես կարող է դառնալ կարեւոր լծակ տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական գործընթացներում, եթե հրաժարվի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում Բաքվի օգտին միակողմանի մոտեցումներից։

Ինչ վերաբերում է Պրահայում նախատեսված հանդիպման տապալման հարցին, ԱԳՆ մամլո խոսնակն «Ազգին» հստակեցրեց, որ քանի դեռ ադրբեջանական կողմի չմասնակցելու մասին պաշտոնական որեւէ գրություն չի ստացվել, պաշտոնական Երեւանը սպասողական վիճակում է գտնվելու։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4