Բաքվի «Զերկալո» օրաթերթը երեկվա իր համարում տպագրած «Խաղաղ բանակցությունների վերջն է գալիս» հրապարակման մեջ (թղթակիցներՙ Միրկադիրով, Միրի) մեջբերումներ է կատարել «Ազգի» մի թղթակցուհուցՙ չնշելով անունը։ Ըստ «Զերկալոյի», «Ազգի» թղթակցուհին Բաքվի «Սփեյս» հեռուստաընկերությանը տվել է բացառիկ հարցազրույց, որտեղից եւ արվել են հղումներ։ Մասնավորապես, իբր «Ազգի» թղթակցուհին ասել է, թե Հայաստանի շրջանները հրաժարվում են ենթարկվել կենտրոնական իշխանություններին, ճակատային գծում զինվորականների աշխատավարձերը ժամանակին չեն վճարվում, դաշնակցությունը Քոչարյանին նախկինի պես չի աջակցում, ակտիվացել են Ստեփան Դեմիրճյանին սատարող քաղաքական ուժերը եւ այլ հորինվածքներ։
«Սփեյս» հեռուստաընկերության ռեպորտաժը եւ «Զերկալո» թերթի հրապարակումը որեւէ կապ չունեն «Ազգի» հետ, մեր թերթի որեւէ թղթակցուհի հարցազրույց չի տվել ադրբեջանական որեւէ լրատվամիջոցի։ Չպետք է բացառել, որ Հայաստանից որեւէ լրագրողուհի «Սփեյսին» հարցազրույց տված լինի եւ ներկայացած լինի որպես «Ազգի» թղթակցուհի։ Հավելենք նաեւ, որ ժամանակին «Սփեյսը» համագործակցում էր հայկական հեռուստաընկերություններից մեկի հետ։