«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ՄԵՅՆԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆՇՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 89-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

ԱՈՒԳՈՒՍՏԱ, ՄԵՅՆ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մարտի 23-ին ԱՄՆ Մեյն նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող միացյալ որոշում է ընդունել։ Այս մասին հաղորդում է ՀՅ Դաշնակցության ԱՄՆ Արեւելյան տարածաշրջանի Հայ դատի գրասենյակը։

Փորթլենդը ներկայացնող բոլոր օրենսդիրների նախաձեռնությամբ ընդունված որոշման մեջ մասնավորապես ասված է, որ նահանգի օրենսդիրները նշում են Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցը։ Համաձայն փաստաթղթի, «1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության թուրքական վարչակարգի կողմից հայ ժողովրդի դեմ սանձազերծվել է մի արշավ, որից զոհվել են ավելի քան 1,5 մլն հայեր։ Վերապրածների մի մասը հաստատվել է Մեյն նահանգում, եւ նրանց ժառանգները նշանակալի ներդրում են ունեցել նահանգում։ Մենք միանում ենք մեր հայկական ծագման համաքաղաքացիներին ապրիլի 24-ինՙ հիշատակելու այս դեպքերը, եւ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»։

2000 թվականին Մեյնի Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը զուգահեռաբար ընդունել են պաշտոնական բանաձեւ «Հայոց ցեղասպանության 85-րդ տարելիցը նշելու մասին»։

2001 թվականի հունիսին նահանգի օրենսդիր մարմինը բանաձեւ է ընդունել, որում «իր հարգանքն է հայտնում ամերիկահայերին եւ հիշատակում է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4