Պնդում է թուրքական «Ենի շաֆաք» թերթը
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտելով արձագանքել պաղեստինյան «Համաս» արմատական կազմակերպության հիմնադիր եւ հոգեւոր առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինին սպանելու Իսրայելի չարանենգ արարքին։ Արձագանքողների թվում է նաեւ Թուրքիան։ «Հյուրիեթ» թերթը մարտի 25-ի համարում նշում է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստագույնս դատապարտել է սպանությունը եւ սպանության փաստը որակել որպես ահաբեկչություն։
Նա մասնավորապես ասել է. «Այս միջադեպը լուրջ հարված հասցրեց Միջին Արեւելքի խաղաղությանը։ Դրանով ի չիք դարձավ «Ուղեգիծ» կոչվող ծրագիրը։ Շեյխի սպանությունը, իմ կարծիքով, անմարդկային արարք է։ Անդամալույծ լինելու պատճառով բանտից հենց իսրայելցիների նախաձեռնությամբ ազատված ծերունուն հրթիռներով ոչնչացնում եք։ Պետք է ճշտել, թե դա աշխարհում ծավալվող ահաբեկչության ո՞ր տարբերակն է։ Եթե Միջին Արեւելքում խաղաղություն ենք ուզում, ուրեմն Իսրայելի վարչակարգը պետք է հրաժարվի նման մոտեցումից եւ դիրքորոշումից»։
Վերջում, ի պատասխան «Հյուրիեթի» հարցի, Էրդողանը նշել է. «Ստեղծված իրավիճակում դա ինչպես կստացվիՙ դժվարանում եմ ասել»։ «Հյուրիեթն» այս խոսքերը վերագրում է վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի Իսրայել կատարելիք այցերին, որոնք նախատեսվում են առաջիկա ամիսներին, եւ հետեւություն է անում, թե այցերը կասկածի տակ են դրվել։
Էրդողանը կհրաժարվի՞ այցելությունիցՙ ցույց կտա ժամանակը։ Համենայն դեպս, «Հյուրիեթը» կենտրոնական այլ թերթերի հետ Թուրքիայում հետեւողականորեն ամերիկյան քարոզչություն է ծավալումՙ չմոռանալով ԱՄՆ-ի հրեական կառույցների գովերգության մասին։ Հետեւաբար չի բացառվում, որ Էրդողանի Իսրայել կատարելիք այցելության վտանգման մասին «Հյուրիեթի» հետեւությունը պայմանավորված լինի իսրայելցիների նկատմամբ թուրք հասարակությանՙ շեյխ Յասինի սպանությունից բխող զայրույթը մեղմելու առաջադրանքով։
Հատկանշական է, որ մինչ «Հյուրիեթը» Էրդողանի այցի վտանգման մասին էր գրում, «Ենի շաֆաքը» նույն օրվա համարում Իբրահիմ Քարագյուլ ստորագրությամբ գտնում է, որ շեյխ Յասինի սպանության մասին ԱՄՆ-ի հետ նախապես տեղյակ են եղել Հորդանանը, Թուրքիան եւ Եգիպտոսը։
Ահա թե ինչ է գրում Քարագյուլը. «Հորդանանի Աբդուլլահ թագավորը մարտի 16-ին եղավ Թուրքիայում։ Մարտի 19-ին նա մեկնեց Իսրայել, որտեղ էլ գաղտնի հանդիպում ունեցավ Շարոնի հետ հենց վերջինի առանձնատանը, որը գտնվում է երկրի հարավում։ Իսկ մարտի 22-ին սպանվեց շեյխ Յասինը։ Թուրք-իսրայելական առանցքի գոյությունը, որին մաս է կազմում նաեւ Հորդանանը, եւ անվտանգության ու հետախուզության բնագավառներում համագործակցությունը, Հորդանանի պաղեստինցիներին վերահսկելու դժվարությունը, շեյխ Յասինի սպանության հետեւանքների կանխատեսելիությունը տարածաշրջանում բռնության սաստկացման առումով եւ բազմաթիվ այլ պատճառներ հիմք են տալիս պնդելու, որ իսրայելական ուղղաթիռների նախատեսվող գրոհը «Համասի» առաջնորդի վրա անհնար էր գաղտնի պահել»։
Այնուհետեւ նա շարունակում է. «Երկար ժամանակից ի վեր արծարծվում էր «Համասի», «Իսլամական ջիհադի» եւ «Հզբոլլահի» ոչնչացման հարցը։ Վերջիններիս ոչնչացումը ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար Իրաքի օկուպացման ծրագրի անքակտելի մասն է։ Եթե այս գործընթացը սկզբնավորվել էր, ուրեմն շեյխ Յասինի ոչնչացման մասին նախապես տեղյակ են եղել ե՛ւ Հորդանանը, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Եգիպտոսը։ Այս դեպքում արդեն սպանության վերագրումը «Շարոնի ահաբեկչությանը» բավարար չէ։ Նոր սպանությունները հիմք կտան ենթադրելու, որ Աֆղանստանից եւ Իրաքից հետո շուտով կբացվի «Պաղեստին-Լիբանան» ճակատը»։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ