ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեյջն այսօր հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի եւ երկրի ղեկավարի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվելու են հայ-ամերիկյան երկկողմ տնտեսական, քաղաքական հարաբերություններին առնչվող խնդիրներ։ Բանակցությունների ընթացքում կշոշափվեն գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի, Հայաստանին եւ Ադրբեջանին Միացյալ Նահանգների ռազմական օժանդակության համարժեքության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Ջեքսոն-Վենիկի ուղղման վերջնական վերացման հարցերը։
Հայ-ամերիկյան բանակցություններում օրակարգի խնդիրներից մեկըՙ Մեծամորի ատոմակայանի ֆիզիկական պաշտպանության բարձրացման նպատակով Վաշինգտոնի տրամադրելիք 1 մլն դոլարի օգնության հարցը վերջնականապես լուծվելու է, սակայն փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա փոքր-ինչ ուշ, հավանաբար ապրիլին։ Մ. Նահանգները խիստ շահագրգռված է Հայաստանի ատոմակայանը փակելու հարցում։ Անցնող հոկտեմբերին Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր. «Ինչպես եւ մեր եվրոպական գործընկերները, մենք շարունակում ենք կարծել, որ ՀԱԷԿ-ը չի համապատասխանում անվտանգության ժամանակակից չափանիշներին եւ պետք է փակվի որքան հնարավոր է շուտ»։
Արմիթեյջը Հայաստանում գտնվելու է ընդամենը մի քանի ժամ եւ ամենայն հավանականությամբ այլ հանդիպումներ չի ունենա։ Պաշտոնապես ծրագրված են վերոնշյալ երկու հանդիպումները։ Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որիՙ Ուկրաինա եւ Հարավկովկասյան հանրապետություններ այցի ընթացքում Արմիթեյջը պաշտոնական բանակցություններից բացի կհանդիպի «այլ քաղաքական առաջնորդների եւ խմբերի հետՙ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության առաջ շարժման նպատակով»։
Թ. Հ.