«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՙ ԱՅՈ՞, ԹԵ՞ ՈՉ

«Ազգի» հարցերին պատասխանում են Ազգային ժողովի 3 պատգամավորներ

- Որքանո՞վ է հնարավոր իշխանափոխությունը։

Գագիկ Մինասյան (ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ)- Ես կարծում եմ, որ, իհարկե, իշխանափոխություն տեղի կունենա, բայց նորմալ ընտրությունների միջոցով, իր ժամանակինՙ 4 տարի հետո։

Շավարշ Քոչարյան (ԱԺԿ նախագահ) - Հնարավոր է, եթե հասարակությունը ոտքի կանգնի։

Ռաֆիկ Պետրոսյան (պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)- Իշխանափոխությունը բացառված է, քանի որ ՀՀ-ում դրա ոչ տնտեսական, ոչ քաղաքական հիմքերը չկան։ Ճիշտ է, ժողովուրդը գտնվում է տնտեսական վատթար վիճակում, գներն էլ շարունակում են ինչ-որ տեղ բարձրանալ, բայց ինչպես ՀՀ նախագահը, այնպես էլ կառավարությունը միջոցներ են ձեռնարկում, որպեսզի այդ վիճակը թեթեւացնեն, հոգ են տանում գյուղացու հոգսը թեթեւացնելուՙ ժամանակին նրանց տրամադրելով բուժանյութեր, սերմացու, ջուր եւ այլն... Նշեմ նաեւ, որ օգնության կարոտ բնակչության վիճակը թեթեւացնելու համար մի շարք միջոցառումներ են ձեռնարկում մի շարք համայնքների ղեկավարներ, այսինքնՙ բոլորն աշխատում են ի շահ ժողովրդի։

- Ո՞ւմ եք տեսնում իշխանության ղեկավարի աթոռին։

Գ. Մ.-¬ Եթե իշխանության ղեկավարիՙ հանրապետության նախագահի մասին ենք խոսում, ապա դա տեղի կունենա 2008 թ.-ին, եւ ես 2007 թ. պատրաստ կլինեմ ձեր հարցերին պատասխանելու։ Իսկ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան 2007-ին, եւ դրանց մասին ձեր հարցերին կպատասխանեմ 2006-ին։

Շ. Ք.¬ Նրան, ում կընտրի ժողովուրդը։

Ռ. Պ.¬ Եթե իշխանափոխություն լինի, ժողովուրդը պիտի որոշի, թե ինքն ում է ընտրելու։ Ես չեմ կարող կոնկրետ որեւէ մեկին առանձնացնել։ Նախորդ ընտրություններին ես պաշտպանել եմ գործող նախագահի թեկնածությունը ու հիմնավորել եմ եւ հիմա էլ պնդում եմ, որ առայժմ նրան փոխարինող մարդ դժվար է գտնել, որովհետեւ ունի երկար տարիների փորձ, ղարաբաղյան խնդրին քաջածանոթ է, աշխատասեր է ու առողջ, որը հաճախ քննադատվում է սխալ ձեւով։ Նշեմ նաեւ նրա արտերկրյա այցելություններն ու միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելը, որն էլ խոսում է նրա դիվանագիտական կարողության մասին, նաեւ պատերազմին մասնակցած անձ, Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմական գործողությունները սկսվեն, ապա նա իրավիճակին լավ տիրապետում է։ Իսկ նրան փոխարինող մարդու չեմ տեսնում։

- Եթե, այնուամենայնիվ, իշխանափոխություն լինի, ինչպիսի՞ն կլինի եւ ի՞նչ ազդեցություն կունենա մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա։

Գ. Մ.¬ Ես գտնում եմ, որ ժամանակից շուտ որեւէ իշխանափոխություն չի լինի։

Շ. Ք. ¬ Ցանկալի է, որ իշխանափոխությունը լինի անցնցում, իսկ ազդեցությունը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա ցանկալի է, որ լինի իրական եվրոպական ինտեգրման քաղաքականություն, այլ ոչ թե նմանակում։ Պետք է շատ լուրջ քայլեր կատարել երկիրն իրավական եւ ժողովրդավարական դարձնելու, տնտեսության իրական զարգացման համար, այլ ոչ թե կլանային տնտեսություն պահպանելու ուղղությամբ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է զարկ տրվի գիտությանը եւ այն ուղղություններին, որոնք նպաստում են նոր տեխնոլոգիաների հիման վրա տնտեսական ոլորտների զարգացմանը։ Բացի դրանից, նաեւ շատ էական է, որ այդ իշխանափոխությունը կվերացնի նախ Հայաստանի նույնացումը Ղարաբաղի հետ (ԼՂՀ-ի հարցի կարգավորման հարցում), որովհետեւ բանակցությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հասցրեց այն բանի, որ ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, եւ այսօր ԼՂՀ-ի ժողովրդի հարցն ընկալվում է որպես Հայաստանի տարածքային պահանջՙ ուղղված Ադրբեջանին, եւ դա հեշտացնում է Ադրբեջանի քարոզչությունը, թե Հայաստանն ագրեսոր է։ Սա մեկ, այսինքնՙ հնարավորություններ կստեղծեն, որպեսզի համապատասխան աշխատանքի դեպքում Ղարաբաղը ներգրավվի բանակցություններում, եւ ամենակարեւորըՙ դա վերաբերում է ներքին քաղաքականությանը, կվերանա այն սեպը, որը խորանում է հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ (Հայաստանի ու Ղարաբաղի), իսկ այդ սեպի էլ ավելի խորանալն արդեն վտանգում է մեր ազգային շահերը։

Ռ. Պ.- Հիմա Վրաստանից սովորելով, մեր ընդդիմությունը հայտարարում է, որ պիտի անի Հայաստանում սպիտակ վարդերի հեղափոխություն։ Ես կարծում եմ, որ իշխանափոխություն չի լինելու, եւ դրա ձեւն էլ որոշեն, թե ինչ կարգով է անցկացվելու, ով է ղեկավարելու կամ ինչ ձեւով է կատարվելու։ Եթե սահմանադրական ճանապարհով կատարվի, ոչ ոք դրան դեմ չէ։ Բայց եթե հակասահմանադրական ճանապարհովՙ կնշանակի բռնություն պետք է գործադրվի իշխանությունների նկատմամբ։ Իսկ մեր իշխանություններն էլ այնքան ուժեղ են ու վստահելի, որ կարող են բռնության դեմ հակաբռնություն կիրառել, ոչ ոք չի ցանկանա, որ Հայաստանում այդպիսի բան կատարվի։ Նամանավանդ որ այսօր Ալիեւն Ադրբեջանում այնպիսի դիրք է բռնել, որ փաստորեն պատերազմի սպառնալիք կա, վտանգ կա, եւ այս պարագայում եթե մենք մեզ թուլացնենք, բռնության միջոցով իշխանափոխություն իրականացնենք, կնշանակի թուլացնել մեր պետությունը եւ ներսում, եւ միջազգային ասպարեզում։ Չմոռանանք, որ մեր պատմաքաղաքական իրավիճակն այլ է։ Եթե Վրաստանը լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ եւ կարող է նաեւ վատ հարաբերությունների մեջ գտնվել Ռուսաստանի հետ, մենք պատմականորեն Ռուսաստանի հետ ենք եղել, այսօր էլ չենք կարող Թուրքիայի առկայության պայմաններում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնել, իրավունք չունենք։ Եվ պետք է արտաքին հարաբերություններում շատ զգույշ քաղաքականություն վարվի, իհարկե, չանտեսելով նաեւ Ամերիկային, բայց մենք մեր կապերը Ռուսաստանի հետ պետք է պահպանենք ե՛ւ տնտեսական, ե՛ւ միջազգային, ե՛ւ քաղաքական ասպարեզներում, ինչպես մեր պապերն են արել 300 տարի ու անընդհատ ասում են։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4