«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՏԱՆԻ ԵՐԿԻՐԸ

Այն ժամանակ, երբ «Նոր ժամանակները» կմտնի իշխանափոխության ասպարեզ, ոչ մի ծպտուն չի լինելու եւ ոչ ոք ոչ մեկին չի սատկեցնելու

Երեկ «Նոր ժամանակներ» երկամսյա կուսակցության համագումարն էր, որի ընթացքում կուսակցության նախագահը հրապարակեց ներքաղաքական սրված իրավիճակում «Նոր ժամանակների» մարտավարության էությունը։ Կանխավ Արամ Կարապետյանը անդրադարձավ իր կուսակցության եւ «Սահմանադրական իրավունք» միության համատեղ հայտարարությանըՙ Արցախի ազատամարտի հերոս Սամվել Բաբայանին ազատելու վերաբերյալ։ Նրա կարծիքով, աշխարհաքաղաքական իրադարձությունների խորքի վրա ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները պետք է մոռանան անձնական թշնամանքը եւ ղեկավարվեն պետականամետության չափանիշներով։

Արամ Կարապետյանի մոտ մեկ ժամ տեւած խոսքը ինքնավստահ էր, մեր երկրի ապագա զարգացման հավաստիացում։ «Հայաստանում իշխանափոխությունը լինելու է արտահերթ, թե խորհրդարանը, թե նախագահը իրենց կամքով թողնելու են իրենց պաշտոնները, քանի որ քաջ գիտակցում են, որ փակուղի են տանում երկիրը։ Այն ժամանակ, երբ «Նոր ժամանակներ» կուսակցությունը կմտնի իշխանափոխության ասպարեզ, ոչ մի ծպտուն չի լինելու, եւ ոչ ոք ոչ մեկին չի սատկեցնելու», օդում թեւածող իշխանափոխության գաղափարը նորովի ձեւակերպեց «Նոր ժամանակների» առաջնորդը։

Համեմատաբար կարճ կենսագրությամբ կուսակցությունն արդեն, ըստ կուսակցությունների հավաստման, մարզային կառույցներ ունի, շուրջ 7,5 հազար անդամ, եւս 28 հազար մարդ դիմել է կուսակցության շարքերը մտնելու համար։ «Նոր ժամանակները» տարածաշրջանում կարեւորագույն դերակատարում, իսկ ներքին կյանքում լավագույն կենսամակարդակ է խոստանում Հայաստանին։ Այդ վարդագույն հեռանկարին հասնելու ուղին կուսակցության լիդերը տեսնում է իշխանավարման բոլոր ասպարեզներից «մեր դեմ խաղ չկա» սկզբունքի վերացման մեջ։ Այդ սկզբունքի գերակայությունը նա չարիք է համարում երկրի համար. «Կամաց-կամաց բարոյահոգեբանական այդ մթնոլորտի մեջ են մտնում պաշտոնյաների որդիները, նրանց սանիկ-սանահերները, որ ոչ մի բանի հետ հաշվի չնստելով կրկնում ենՙ մենք ենք երկրի տերերը»։ Նրանք շքեղ մեքենաներ ու առանձնատներ ունեն, բայց թաղված են մութ գործարքների մեջ։ Անիշխանության ու անպատժելիության մթնոլորտի գլխավոր պատճառներից մեկը Ա. Կարապետյանը համարում է պաշտոնները ըստ կուսակցականության նշանակելու արմատացած ավանդույթը։ Կուսակցական նվիրված ծառայությունները, որպես կանոն, փոխհատուցվում են պաշտոններով։ Նոր ժամանակների Հայաստանը «Նոր ժամանակները» խոստանում է կառուցել առանց «սուպեր նախարարների ու սուպեր նախարարությունների, առանց քաղաքականացված վարչապետի։ Քաղաքականությամբ զբաղվելու մենաշնորհը վերապահվելու է միայն խորհրդարանին, ուր լինելու են իսկապես քաղաքականությամբ զբաղվող ուժերի ներկայացուցիչները։

«Նոր ժամանակները» առաջարկում է վերականգնել մասնագիտական մոտեցումները տնտեսության ու իշխանության վարման բոլոր ոլորտներում։ Հենց կուսակցության ներսում արդեն գործում են 14 մասնագիտական հանձնախմբեր, որոնց վստահվել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրույթների մշակումը։ Նախատեսված 18 դոկտրինաներից 11-ն արդեն կազմվել են։ Հիմնարար դրույթներից մեկը հետեւյալն է.

«Պետք է ֆինանսական ամնիստիա հայտարարել բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց ոչ սեւ փողերը ներդնել երկրի արդյունաբերության զարգացմանը»։

Արամ Կարապետյանի հավաստմամբ, տարածաշրջանում երկրաքաղաքական նոր շահեր են ուրվագծվում, բաժանարար նոր գծեր են գծվելու, եւ այս նոր իրողությունները պետք է սրբագրեն մեր արտաքին քաղաքականության սկզբունքները։

Ինչ վերաբերում է ներքաղաքական անհանգիստ իրավիճակում «Նոր ժամանակների» դիրքավորմանը, ապա նա կարծես չի պատրաստվում որեւէ կուսակցության հետ սերտ կապեր հաստատելու։ «Մենք ներկա ենք լինելու ընդդիմության միայն խաղաղ գործողության մեջ, որովհետեւ ժողովրդին մինչեւ վերջ տանելու պատրաստ չենք։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք, ոչ մի ծպտուն չի լինի»։

Համագումարն ընդմիջվեց փակ նիստով, որի ընթացքում քննարկվելու էր ընդդիմության հետագա գործողություններին կուսակցության մասնակցության բնույթը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4