«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԻՐՈՔ ԳԻՏԻ....

Մարտի 24-ին «Ազգի» «Արթուր Բաղդասարյանը գիտի...» հրապարակման առիթով, օգտվելով «Զանգվածային լրատվության» մասին ՀՀ օրենքի (հոդված 8) ընձեռած հնարավորությունիցՙ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է պաշտոնական հերքում, քանի որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։

Պաշտոնավարության առաջին իսկ ասուլիսում Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ընդունելու է միայն պաշտոնական այցերի հրավերներըՙ ինչը եւ արվել է մինչեւ օրս։

ԱԺ նախագահի պարագայում պաշտոնական հրավերը չընդունելը կամ անարձագանք թողնելն ուղղակիորեն նշանակում է խնդիրներ առաջացնել միջպետական հարաբերություններում։ Պաշտոնական բոլոր այցերը իրականացվում են Հայաստանի արտաքին գործերի նախարարության երաշխավորությամբՙ ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում։

Բացի այդՙ պաշտոնական այցի ծախսերը հօգում է հրավիրող կողմը, այնպես որ բյուջեն այդ պատճառով հաստատ ճեղքվածք չի տա։ Եվ «հսկայական պատվիրակությունների» ուղեկցությամբ մեկնելն էլ հերթական առասպելն է, քանի որ հրավիրող կողմն է սահմանում պատվիրակության թվաքանակը։

ԱԺ նախագահի բոլոր պաշտոնական այցերի ընթացքում կնքվել են միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրեր, ստորագրվել են հուշագրեր։ Ի՞նչ է դա տալիս, օրինակ (որ «հետաքրքրական էր իմանալ» «Ազգի» թղթակցի համար), սեպտեմբերի 29-ին ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի հրավերով ՌԴ մեկնելովՙ Աժ նախագահը միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր է կնքել, որով զարկ է տրվում թե միջխորհրդարանական համագործակցությանը, թե ՌԴ սուբյեկտների եւ Հայաստանի մարզերի համագործակցությանը (օրինակՙ Սամարայում երկու խորհրդարանների հովանու ներքո նախատեսվում է մայիսին անցկացնել ՌԴ եւ ՀՀ ռեգիոնների ղեկավարների, կառավարության անդամների, ձեռներեցների, գիտնականների մասնակցությամբ խորհրդաժողով, որի ավարտին միջռեգիոնալ համագործակցության համաձայնագիր կստորագրվի), ձեռնարկատիրական կոոպերացիային, մշակութային փոխանակումներին, հայ-ռուսական բիզնես-ֆորումների անցկացմանը։ Նույն այդ այցի շրջանակներում ստորագրված համաձայնագրի արդյունքում 2004-ի հունիսին Սանկտ Պետերբուրգի 8-րդ տնտեսական ֆորումի ընթացքում տեղի կունենա հայ-ռուսական բիզնես-ֆորում եւ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքը կներկայացվի համաեվրոպական քննարկման. ֆորումին մասնակցելու են Ռուսաստանի հազարից ավելի գործարարներ, եվրոպական երկրների բանկերի ու ձեռնարկությունների ղեկավարներ։ Թե դա Հայաստանի տնտեսության ու ձեռներեցների համար գործընկերներ գտնելու, արտադրանքի միջազգային շուկա արտահանման, գործարար կապերի հաստատման ինչ շանս էՙ դատեք ինքներդ։ Հիշեցնենք նաեւ, որ նույն այդ այցի շրջանակներում տեղի ունեցավ Կովկասյան քառյակիՙ չորս երկրների խորհրդարանների նախագահների, առաջին հանդիպումը նոր կազմով։

Իսկ դեկտեմբերյան «ցրտին» Կիպրոս մեկնած խորհրդարանական պատվիրակությունը (ի դեպՙ այցի ծրագիրը ընդգրկում էր ոչ թե 7, այլ ընդամենըՙ 4 օրՙ ներառյալ մեկնման ու ժամանման օրերը) Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հանդիպեց Կիպրոսի նախագահի, վարչապետի, Ներկայացուցիչների պալատի նախագահի, նախարարների, հայ համայնքի, Մելգոնյան կրթահամալիրի սաների հետ։ Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ կնքվեց միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր, որ առաջին անգամ էր եւ ըստ որի ստեղծվեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողով երկու խորհրդարաններում։ Այցի ընթացքում ձեռք են բերվել տասնյակ գործնական պայմանավորվածություններ։

ՀՀ ԱԺ նախագահի բոլոր պաշտոնական այցերիՙ թե ՌԴ, թե Ֆրանսիա, թե Բելառուս, թե Լեհաստան, քաղաքական, տնտեսական ու մշակութային գործնական արդյունքների մասին կարող եք տեղեկանալ WWW.PARLIAMENT.AM հասցեով։

Ի վերջոՙ խնդիրը բնավ այցերի քանակը չէ. խնդիրն այն վերաբերմունքն է, որ փորձ է արվում ձեւավորել այցերի շուրջ։ Միջպետական հարաբերությունների հաստատման այլ ձեւեր մարդկությունը դեռ չի հնարելՙ հանդիպումների ընթացքում են քննարկումներ լինում, հարցերի լուծումներ որոնվում-գտնվում։

Եթե Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության խնդիրը ինքնամեկուսացումն է, տարածաշրջանային ու միջազգային ինտեգրման գործընթացներից դուրս մնալը, ապա կարելի է հրաժարվել բոլոր պաշտոնական այցերից, հրավերներ ու պատվիրակություններ ընդունելուց ու հանգիստ նստած սպասելՙ մինչեւ ... հերթական հրապարակմանը, թե ինչպես «մսխել» կամ փրկել բյուջեն։ Կարծում ենքՙ հրավերների բուն փաստը գնահատել է պետք ըստ արժանվույնՙ պետության ու խորհրդարանի հեղինակության, վարկի ու դերի միջազգային ճանաչման առումով։ Վերջապես բոլոր այդ հանդիպումներում քննարկվել ու քննարկվելու են երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, որոնք առնչվում են Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը, տարածաշրջանային քաղաքականությանը, Հայաստանի տնտեսական զարգացմանըՙ արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, աշխատատեղերի ստեղծմանը, գիտական ու մշակութային կապերի վերականգնմանը (իսկ դրա արդյունքները մեկ օրում ու մեկ տարում տեսանելի չեն դառնում, բայց բացակայությունը պետական անվտանգության խնդիր է դառնում), երկիրը, պետությունը, ժողովրդին ներկայացնելուն, նրանց խնդիրները հասկանալի դարձնելուն ու լուծման հնարավորություններին, զարգացման հեռանկարներին։ Այս ամենը շրջանցելը նվազագույնը կարճատես քաղաքականություն է, եթե ոչ ավելին։ Եվ խնդիրը բնավ էլ ԱԺ նախագահի անձը, պաշտոնական այցեր ընդունել, թե մերժելը չէ, խնդիրը սկզբունքն էՙ ի՞նչ ենք ընտրում, ինչու՞ ու ինչպե՞ս ենք օգտագործում ստեղծված հնարավորությունները երկրի եւ ժողովրդի համար։

Ի դեպՙ ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի նախագահները չորս տարվա ընթացքում ունեցել են պաշտոնական 7 այցի հրավեր, երրորդ գումարման Ազգային ժողովի նախագահը պաշտոնավարման 10 ամիսներին արդեն ստացել է պաշտոնական 11 հրավերներ, ինչը շատ իրողությունների մասին է խոսում։

Մեկնաբանությունները թողնելով ընթերցողին, համոզված ենք, որ պետության նորմալ կենսագործունեությունը պահանջում է ոչ միայն օրվա խնդիր լուծել, այլեւ հեռանկարիՙ ապահովելով զարգացման հնարավորություններ։ Ամբողջ աշխարհում հասկանում ու գնահատում են խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների հաստատման ու զարգացման գործում եւ Հայաստանի «ինքնատիպությունը» այս դեպքում ուղղակի չի հասկացվում։

ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կից տպագրվող գրությունը ըստ էության ոչ թե հերքում է, այլ ԱԺ նախագահի գովաբանության փորձ է։ Դրան էլ դեմ չենք, պայմանով, որ համոզիչ լինի։ «Ազգի» հրապարակումըՙ «Արթուր Բաղդասարյանը գիտի ինչպես մսխել բյուջեն» (մարտի 24), նպատակ ուներ ԱԺ հարգարժան նախագահին հորդորելուՙ հետագայում ձեռնպահ մնալ հաճախակի եւ բազմանդամ շրջագայություններից։ Մենք բերել էինք ԱԺ նախկին նախագահի օրինակըՙ հիշեցնելով Արմեն Խաչատրյանի տուրնեները պաշտոնավարության սկզբնական շրջանում։ Մամուլում տպագրված մի շարք հրապարակումներից հետո պրն Խաչատրյանը վերջ տվեց շռայլությանը։ Հուսով ենք, Խաչատրյանի բարի օրինակին կհետեւի եւ պրն Բաղդասարյանը։

Մեզ պետք չէ սովորեցնել, թե ով է հոգում պաշտոնական այցի ծախսերը։ Ճիշտ է, հրավիրող կողմն է հոգում որոշ ծախսեր։ Իսկ պետբյուջեի հաշվի՞ն չեն փակվում պատասխան այցերը։

Մեր հոդվածում հատուկ նշված էր, որ Բաղդասարյանը Ֆրանսիայում է շրջագայել 7 օր եւ ոչ թե Կիպրոսումՙ ինչպես սխալմամբ նշված է «պաշտոնական հերքման» մեջ։ Երկուսն էլ աննորմալ ենՙ 7 օր Ֆրանսիայում, 4 օր Կիպրոսում։ Ավելի ճիշտ կլիներ բերել թեկուզ մեկ օրինակ, երբ, ասենք, այլ երկրի խորհրդարանի որեւէ նախագահ յոթ օր անցկացրած լիներ Հայաստանում։

Եթե «բոլոր հանդիպումներում քննարկվել ու քննարկվելու են երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, որոնք առնչվում են Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը», ապա ինչու Եվրախորհուրդը հունվարին ընդունեց Հայաստանի մասին տհաճ որոշում։ Կարո՞ղ եք կոնկրետ ցույց տալ, թե ԱԺ ղեկվարությունն այդ հարցում ինչ քայլեր է ձեռնարկել, քանի ռուս, լեհ, ֆրանսիացի, իտալացի, բելառուս, հույն պատգամավորներ են դեմ քվեարկել, որպեսզի ԵԽ ԽՎ զեկույցից հանվի «Ղարաբաղ եւ այլ գրավյալ տարածքներ արտահայտությունը»։ Խորհուրդ ենք տալիս Իտալիա մեկնելուց առաջ ընթերցել Իտալիայում ՀՀ դեսպան Գագիկ Բաղդասարյանի նամակըՙ հասցեագրված ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին։

Համենայն դեպս, եթե ԱԺ նախագահն ու պատգամավորներն սկսել են զբաղվել նաեւ իրենց չվերաբերող, ասենքՙ զուտ արտգործնախարարության եւ դեսպանական կորպուսին վերապահված գործառույթներով, ապա պետք է խոստովանել, որ մեր երկրում իշխանությունը որպես ամբողջություն հիվանդ վիճակում է գտնվում։

«Ազգ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4