Ժամանակակից արվեստի աշխարհում պատշաճ ներկայանալու խնդիրը թերեւս ամենակարեւորն է միջազգային ճանաչում ունենալու առումով։ Եվ մանավանդ Հայաստանի նման երկրի համարՙ ավելի դժվար, որտեղ դեռեւս ձեւավորված չէ սեփական մշակույթը դրսում ներկայացնելու ոչ միայն ավանդույթը, այլ հաճախ դրա կարեւորության ընկալումը նույնպես բացակայում է, որքան էլ սիրում ենք կրկնել, թե մշակույթն է մեր հիմնական հարստությունը, մեր գոյակերպի առանձնահատկությունը։
Նյու Յորքի «Արտ-էքսպոն» ժամանակակից կերպարվեստի ամենախոշոր իրադարձությունն է համարվում, որ արդեն 26 տարի պարբերաբար կազմակերպվում էՙ բծախնդրորեն ընտրելով նախապես հայտ ներկայացրած աշխարհի ամենատարբեր երկրների ներկայացուցիչների աշխատանքներից։
2004 թ. Նյու Յորքի «Արտ-էքսպոյին» ի թիվս աշխարհի 40 երկրների շուրջ 450 պատկերասրահների, մասնակցում էր նաեւ Հայաստանից «Արամե» պատկերասրահըՙ հինգ հայ նկարիչների 30 աշխատանքներով։ Հայաստանի տաղավարըՙ եվրոպական, լատինամերիկյան երկրների, ԱՄՆ-ի հայտնի պատկերասրահների հարեւանությամբ, ներկայացրեց Սարգիս Համալբաշյանի, Ռուբեն Աբովյանի, Վահագն Ջիվանյանի, Շոթա Ոսկանյանի, Հարութ Հակոբյանի, Ավետիք Չթչյանի գեղանկարչական արվեստը։
Աշխարհում մեծ ճանաչում վայելող նյույորքյան «Արտ-էքսպոն» հեղինակավոր միջոցառում է, եւ մասնակից պատկերասրահները փորձում են ներկայացնել իրենց երկրներում ունեցած լավագույնը։ «Արտ-էքսպոն» արվեստասեր հանրության հետաքրքրությունների կենտրոնում լինելով, 5 օրվա ընթացքում ունեցավ շուրջ 50-60 հազար այցելու։ Եվ սա իրոք հրաշալի առիթ է մեր մշակույթը, արվեստը ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու։ Բուն նպատակն ավելի շուտ գործնական կապեր հաստատելն է ուրիշ երկրների պատկերասրահների հետ, տարբեր մշակույթների փոխադարձ շփումները, քաղաքակրթությունների մերձեցումը, միմյանց ճանաչելն ու հասկանալը։
«Արամե» պատկերասրահի ներկայացրած հայկական կերպարվեստն այդ հսկայական բազմազանության մեջ իր ինքնատիպությամբ բավականին հետաքրքրություն առաջացրեցՙ արժանանալով մամուլի արձագանքներին, տարբեր երկրներից ստանալով նկարիչների անհատական ցուցահանդեսներ կազմակերպելու առաջարկներ։ Մասնավորապես Թել Ավիվի հայտնի պատկերասրահներից մեկը հետաքրքրվեց Ավետիք Չթչյանի աշխատանքներովՙ նրա աշխատանքների անհատական ցուցահանդես կազմակերպելու առաջարկով։
«Արամե» պատկերասրահը մի հաջողություն եւս գրանցեց, Նյու Յորքի «Արտ-էքսպոյի» 2004 թ. կատալոգում զբաղեցնելով պատվավոր տեղՙ ներկայանալով հինգ էջով, այն մասին տեղեկացնում է պատկերասրահի տնօրեն, «Արտ-էքսպոյի» մասնակից Արամ Սարգսյանը։
Նյու Յորքի «Արտ-էքսպոյի» 26-ամյա պատմության ընթացքում «Արամե» պատկերասրահը Հայաստանից միակն է, որ հաջողությամբ մասնակցել է այս նշանավոր մշակութային իրադարձությանը։ Պետք է նկատել, որ ոչ միայն Հայաստանից, այլեւ տարածաշրջանից ոչ մի երկիր Նյու Յորքի «Արտ-էքսպոյին» չի ներկայացրել իր արվեստը։ «Մասնակցության համար նախ եւ առաջ դրա կարեւորությունը պետք է հասկանալ։ Ծախսատար աշխատանք է եւ ծախսերը չեն հատուցվում, զուտ բարոյական շարժառիթ է, եթե այդ մղումը չունենաս քո արվեստը ներկայացնելու, չես աշխատի այս ուղղությամբ, որովհետեւ լավագույն առիթն է սեփական արվեստը ճանաչելի դարձնելու», ասում է Արամ Սարգսյանը։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ