«Ես դերասանուհի եմ այնքանով, որքանով իմ խաղացած կերպարներն իմ հոգու մեջ դրական հետք են թողել։ Իսկ կյանքում ես շատ սովորական կին եմ, մայր եմ, տատիկ եմ», ասաց Վարդուհի Վարդերեսյանը երեկ Երեւանի պետական համալսարանի արհմիության ուսանողական ակումբների համադաշնության «Թատրոնիկ» ակումբի կազմակերպած հանդիպման ժամանակ։ Նախ ուսանողները ներկայացրին դերասանուհուն. «ՀՀ ժողովրդական արտիստուհի, աստվածաշնորհ դերասանուհի։ Նա հայ թատերական արվեստի բացառիկ շողշողուն աստղերից է»։ Ներկայացրին նրա մանկությունն ու ստեղծագործական ուղին։ Դերասանուհին կարդաց Ավետիս Ահարոնյանի «Հազրե» պատմվածքը, ստեղծագործություն, որ ժամանակին արգելված է եղել։
Ուսանողներին հուզող հարցերի մեջ մեծ տեղ էր գրավում Ջոնիի առեղծվածը։ «Երեւույթներ կան, որ չեն բացատրվում։ Թերեւս ինձ օգնել է իմ ծանր մանկությունը։ Դա կերպար չէ, դա փիլիսոփայություն է, եւ դա Սարոյանի մանկությունն է։ Ինձ օգնեց նաեւ մեծն ռեժիսոր Վարդան Աճեմյանը։ Այս բեմադրության բոլոր տարրերը համահունչ էինՙ դերասանական կատարումՙ Հրաչյա Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Արուս Ասրյան, երաժշտական ձեւավորումը կատարել էր Առնո Բաբաջանյանը։ Արվեստը զոհաբերություն է, 17 տարի ես պետք է 1 կգ անգամ չգիրանայի, որ 1 ժամ կարողանայի ցատկոտել բեմի վրա։ Դրա համար մեծ ուժ պետք է գտնել։ 17 տարի խաղալուց հետո մի օր որոշեցի, որ այլեւս Ջոնի չեմ խաղալու եւ էլ ներկայացման չգնացի», պատմեց դերասանուհին։
Թատրոնի ու այսօրվա դերասանների մասին նա ասաց, որ թատրոնը հիվանդություն է, սակայն չէր ցանկանա, որ դրանով հիվանդանային այնպիսի մարդիկ, ովքեր տաղանդ չունեն, քանի որ այն միջակություն չի սիրում։
ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, շնորհավորելով Վարդուհի Վարդերեսյանին, նրան շնորհեց ԵՊՀ ոսկե մեդալ, իսկ ուսանողները, ի նշան շնորհակալությանՙ Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ