«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2004-03-24 | #52, 2004-03-25 | #53, 2004-03-26


ՀՈԳԵՎՈՐ ՈԳԵՇՆՉՈՒՄ

1985 թ. նոյեմբերի 1-ին Էջմիածին քաղաքում բացվեց պիոներների եւ դպրոցականների պալատը։ Այդ ժամանակ գործում էր 140 խմբակ։ Պարապմունքներին մասնակցում էին ավելի քան 1500 պիոներ-դպրոցական։ 1993 թ.-ից այս կրթօջախը վերանվանվեց մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն։ Մինչեւ 2003 թ. մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը դեռեւս գտնվում էր Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ։

2003 թ. հունիսի 1-ից կրթօջախն անցավ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հովանավորության ներքո։ Այն նորից վերանվանվեց, այս անգամ Էջմիածին քաղաքի Հայորդաց տուն։

Իսկ սեպտեմբերի 16-ին արդեն պաշտոնապես կատարվեց Հայորդաց տան բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը ներկա էին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Էջմիածնի քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը եւ բազմաթիվ հյուրեր։ Այդ օրը կատարվեց տնօրհնեքի արարողություն։ Ցուցասրահում ներկայացված էին սաների լավագույն գործերը։ Ամերիկահայ հայտնի բարերար պարոն Հրաչ Թուֆայանը հանձն էր առել հոգալ Էջմիածին քաղաքի Հայորդաց տան վերանորոգման բոլոր ծախսերը։ Միջոցառմանը ներկա էին նրա ընտանիքի անդամներն ու հարազատները։

Էջմիածին քաղաքի Հայորդաց տանն այժմ գործում են գեղանկարչության, գոբելենի, կարպետի, փայտի փորագրության, գրական, դաշնամուրի, քանոնի, ասեղնագործության, մաքրամեի, կար ու ձեւի, փափուկ խաղալիքների, ժողովրդական եւ պարահանդեսային պարերի, կամերային համույթի եւ հարվածային գործիքների, քանդակի եւ մանրանկարչության դասարաններ։ Մոտ ժամանակներս կբացվեն մարզական եւ համակարգչային դասարաններ։ Արդեն 450 սաներ են հաճախում Էջմիածնի Հայորդաց տուն։ Զուգահեռաբար անցկացվում են նաեւ հոգեւոր դասեր։

Էջմիածին քաղաքի Հայորդաց տան կոլեկտիվը իր խորին երախտագիտությունն է հայտնում Վեհափառ տիրոջըՙ իր հայրական հոգածության համար։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4